Տուն-տնով, քավոր-սանիկներով ու մի խումբ պետական պաշտոնյաներով՝ 2 օր Ծաղկաձորում

Օգոստոսի 19-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ն («Europe in Law Association» NGO) ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր ՀՀ պետական մարմինների հիմնական դերակատարների համար Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նյութական և դատավարական իրավունքի վերաբերյալ Ծաղկաձորում երկօրյա աշխատաժողովի արդյունքների  մասին:

Հրապարակումից տեղեկանում ենք, որ Ծաղկաձորում կայացած աշխատաժողովը կազմակերպվել էր «Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում Հայաստանում Նիդեռլանդների դեսպանության ֆինանսական աջակցությամբ:

«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության կայքից էլ տեղեկանում ենք, որ բացի աշխատաժողովի ժամանակ դասախոսություններով հանդես եկած Միջազգային քրեական դատարանի դատավոր Զոաննա Քորներից, միջազգային քրեական արդարադատության ոլորտի փորձագետներ Գուրգեն Պետրոսյանից, Էլենի Խայտիդուից և Առնոլդ Վարդանյանից, աշխատաժողովին մասնակցել են նաև ՀՀ մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Արմեն խաչատրյանը, Անդրանիկ Քոչարյանը, իրավունքի «հսկաներ» Արփի Դավոյանն ու Ալխազ  Ղազարյանը, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Հայկ Գրիգորյանը, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը, Սահմանադրական դատարանի դատավորներ Սասուն Խաչատրյանը, Սեդա Սաֆարյանը, և իհարկե, բնականաբար, իրեն ՍԴ նախագահ հռչակած, տևական ժամանակ աշխատանքի չգնացած, բայց աշխատավարձից, պարգևավճարից ու հարակից բոլոր բարիքներից օգտված Վահե Գրիգորյանը, փաստաբան Տիգրան Եգորյանը, այլք:

Կարդացեք նաև

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրեն իրավապաշտպան համարող կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը, ինչպես հայտնի է, փաստաբան Տիգրան Եգորյանի կինն է:

Այս զույգը քավոր-սանիկական հարաբերությամբ կապված է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, և վերջինիս մասնակցությունն այդ աշխատաժողովին թերևս կանխորոշված էր իր սկզբանե:

Եվ բոլորովին պատահական չէ, որ այս կազմակերպությունը սերտորեն կապված է Սահմանադրական դատարանի հետ և բազմաթիվ գրանտային ծրագրեր է իրականացնում Բարձր դատարանի հետ:

Անգամ «Սահմանադրական դատարանի գործունեության լուսաբանման  առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթաց են կազմակերպել, որին,  ըստ տարածված հաղորդագրության, մասնակցել են տարբեր ԶԼՄ-ների իրավական թեմաներ լուսաբանող լրագրողներ։ Եվ իհարկե, բացման խոսքով այդ սեմինարին հանդես է եկել հիմա էլ որպես ՍԴ փոխնախագահ ներկայացող Վահե Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտի վավերացմանը, շուտով կլինի մեկ տարի, որ բարդագույն արտաքին քաղաքական իրավիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ձայների 60 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Հռոմի ստատուտի վավերացման մասին խնդրահարույց օրենքի նախագիծը։

Այս օրենքի ընդունման ջատագով քաղաքական իշխանությունն ու նրան հարող ոչ կառավարական կազմակերպությունները Հռոմի ստատուտի վավերացումը խիստ կարևոր էին համարում հատկապես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից: Ցայսօր սակայն որևէ քայլ՝ ուղղված դրան, ՀՀ քաղաքացիները չեն տեսել:

Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր, իսկ Հռոմի ստատուտի վավերացնելուց հետո նաև պատերազմական հանցագործությունները ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը, ըստ ՀՀ կառավարության, միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ և զսպող միջոց Ադրբեջանի համար:

ՔՊ-ական իշխանությունների տարբեր ներկայացուցիչների կողմից «միանշանակ, անկասկած, հաստատ, բացառվում է» և նման բառերի օգտագործումը վաղուց արդեն լավագույն դեպքում սոսկ ժպիտ են հարուցում, որովհետև բոլորս տեսանք, թե ինչ եղավ, երբ նրանցից մեկը, ով այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնն է զբաղեցնում, ասաց, որ բացառում է Թուրքիայի ներգրավվածությունը հնարավոր Արցախյան պատերազմին:

Իսկ Թուրքիան ոչ միայն լիարժեք ռեսուրսային աջակցություն տրամադրեց Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ, այլև հիմա էլ նախագահ էրդողանի շուրթերով հայտարարում է, որ 44-օրյա պատերազմում Արցախն օկուպացրել է ինքը, և, որ փաստորեն առանց Թուրքիայի Ադրբեջանը հաղթանակ չէր տանի:

 

Տեսանյութեր

Լրահոս