Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը ճանապարհը չի բացի ռազմական ուժով. Վազգեն Հովհաննիսյան
Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանի կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը Հայաստանի համար դեռևս խաղաղության երաշխիք չէ։ Այս պայմանագրի ստորագրումն արժեք կունենար այն դեպքում, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժային հավասարակշռություն լիներ, որը կերաշխավորեր պայմանագրի կետերի իրականացումը։
«Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, նա իրականացնում է իր ռազմավարությունը, որը կարող ենք գնահատել ոչ թե 2020 թվականից սկսած, այլ 2018 թվականի, այսպես կոչված, հեղափոխությունից։ Ադրբեջանն իրականացնում է ռազմական տեսաբաններից մեկի՝ Լիդդըլ Հարտի՝ անուղղակի ռազմավարական հնարքը։ Այսինքն՝ եթե չանդրադառնանք բոլոր կետերին, ապա առաջինն այն է, որ հոգեբանական ճնշումներ գործադրի հակառակորդի վրա, որպեսզի հակառակորդը, եթե նույնիսկ պատպանվելու պոտենցիալ ունի, բացարձակապես չպաշտպանվի ու հակահարված չտա։
Այսօր մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքականությունը հենց սրան է միտված, ի դեպ, 2018 թվականից է դրան միտված»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը։
Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանի նպատակը Հայաստանին իսպառ ոչնչացնելն է. Սկզբում՝ անուղղակի գործիքներով, այնուհետև՝ ռազմական ուժի կիրառմամբ։ Այս ամբողջ փուլերը, ըստ Վ. Հովհաննիսյանի՝ տեսանելի են եղել 2018-2020 թվականներին, այնուհետև ռազմական գործիքակազմով ստիպում է Հայաստանին գնալ զիջումների։
«Դասական ճշմարտություն է, որ պատերազմի պարտասխանատուն միանշանակ ռազմաքաղաքական ղեկավարությունն է, և ՀՀ տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը հնարավոր էր կանխել, եթե հայկական ուժերը հետ չքաշվեին իրենց զբաղեցրած դիրքերից։
Փաստացի, նոյեմբերի 9-ի չարաբաստիկ համաձայնագրից հետո, եթե ռազմաքաղաքական ղեկավարությունն անմիջապես ենթարկվեր պատասխանատվության, և ուրիշ քաղաքականություն որդեգրվեր, այսինքն՝ դիմակայունության քաղաքականություն, մենք այլ պատկեր կարող էինք ունենալ։ Խնդիրը պայքարի մեջ է, իսկ դա նշանակում է, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ունենա ստրատեգիա, ինչն էլ ենթադրում է՝ ռեսուրսների ու քայլերի համադրմամբ հասնել թիրախային նպատակներին։
Իհարկե, ռազմաքաղաքական ղեկավարությունը չփոխվեց, ու մենք տեսնում ենք, որ աստիճանաբար մաշվում են այն ռեսուրսները, որով մենք կարող ենք պայքար ծավալել։ Հաջորդ իշխանությունները, որոնք գալու են, բախվելու են սուղ ռեսուրսների, շատ վտանգավոր իրավիճակ է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ըստ Վազգեն Հովհաննիսյանի, միայն ռազմական սպառազինություններ ձեռք բերելով հնարավոր չէ ասել, որ բանակն ի վիճակի կլինի իր առջև դրված խնդիրները լուծել, դա ածանցյալ է։ Եթե իրականացվում է քաղաքականություն, որտեղ հասարակությունը պատրաստ չէ դիմակայել ու դիմագրավել, ադեկվատ արձագանքել մարտահրավերներին, նշանակում է՝ ինչ սպառազինություն էլ լինի, խնդիրները հնարավոր չէ լուծել։
«Չնայած Ադրբեջանի հետ մեր ռազմական բալանսը միշտ էլ խախտված է եղել, բայց մենք տեսանք, որ 90-ականներին, 2016 թվականին Հայաստանն իր ռեսուրսային պոտենցիալով կարողացավ դիմագրավել ու չեզոքացնել ադրբեջանական սպառնալիքները։ Այն ժամանակավա ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ գիտակցում էր, թե մեզ ինչ է պետք, այսինքն՝ որտեղ են մեր «կարմիր գծերը»։ Կար տոկունություն, որտեղ հստակ էր, որ որևէ տեղ չենք կարող զիջել»,- ընդգծեց նա։
Խոսելով Արցախի հարցի մասին, մեր զրուցակիցն ասաց՝ Արցախը հնարավոր էր պահել։
«Աս պահին մենք Արցախ չունենք, որովհետև պատճառներից մեկը 2018 թվականի չարաբաստիկ հեղափոխությունն է։ Արցախը մենք կարող ենք վերադարձնել միայն վերանվաճելով, սակայն այս պահին ես չեմ տեսնում այդ հնարավորությունը։ Արցախահայերի վերադարձը կարող է լինել միայն վերանվաճելու տարբերակով։
ՀՀ կենսունակությունն ապահովող գործոններից մեկն Արցախն էր, մեր կենսական շահերը զիջվել են։
Երեկ ՌԴ-ից հայտարարվեց, որ հայկական կողմն է տորպեդահարում տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը, հայկական կողմից դեռևս արձագանք չկա։ Այսօր որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը չի կարող ճանապարհը բացել ռազմական ուժով»,- եզրափակեց Վազգեն Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում