Մեռելոց. դարերով լուսավորված սովորություն
Ըստ եկեղեցական տոնացույցի՝ հինգ տաղավար տոների հաջորդ օրը կոչվում է մեռելոց: Ննջեցյալների հոգու հանգստության և խաղաղության համար եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ:
Այդ օրը նվիրված է ճշմարիտ ու սուրբ հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին, մարդիկ վերհիշում են նրանց հիշատակը, ողորմություն տալիս կարոտյալներին: Հին Կտակարանում Մակաբայեցիներ երկրորդ գրքում Հուդա Մակաբայեցին, պատերազմում ընկածների հարության ակնկալություն ունենալով, իմաստուն մի քայլ կատարեց: Նա հավատում էր, որ քաջությամբ ընկածները մեղքերի թողություն կստանան: Հուդա Մակաբայեցին արծաթ հավաքեց և ուղարկեց Երուսաղեմ՝ ննջեցյալների մեղքերի համար պատարագ մատուցելու (Բ Մակաբայեցիներ 12:43-46): Այսօր էլ Հայ եկեղեցում մեռելոցին հավատացյալները գրության մեջ հիշատակում են իրենց ննջեցյալների անունները, որպեսզի նրանց անունները հիշատակվեն եկեղեցում Սուրբ Պատարագին:
Հոգեհանգստյան արարողության ժամանակ ընթերցվող այս հատվածը. «Հաստա՛տ իմացեք, որ եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի և չմեռնի, ինքը կմնա որպես առանձին հատիկ, իսկ երբ մեռնի, բազմաթիվ հատիկներ կտա» (Հովհաննես 12:24), մեկ անգամ ևս վկայում է Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է, ուստի և մեռնել, նշանակում է՝ շահել կյանքը» (Փիլիպպեցիներ 12:21): Ննջեցյալ թաղողին նմանեցնում են հողագործին:
Հողագործը, երկար ժամանակ քրտնաջանորեն աշխատելով, սերմեր է հավաքում, այնուհետև, երբ գալիս է ցանելու ժամանակը, իր մեծ աշխատանքով հավաքած սերմերը գետին է նետում: Եվ ոչ միայն այս, դեռ ավելին, սերմերը հողին նետելով, նա միևնույն ժամանակ երբեմն-երբեմն հայացքը երկինք է բարձրացնում և աղոթում, որ անձրև գա և հողի մեջ փտեցնի տքնաջան աշխատանքով իր կողմից վաստակած այդ սերմերը, որպեսզի ինքը շատ ավելի մեծ շահ և արդյունք ստանա: Իսկ նրանք, ովքեր այդպես չեն վարվում, շատ շուտով սպառում են իրենց պաշարը և մատնվում են սովի, աղքատության և կործանման: Ահա ճիշտ այդպես էլ, երբ գալիս է մարդու երկրային կյանքի վախճանը, նրան հողին են հանձնում, որպեսզի մարդն ինքը դրանից ավելի մեծ շահ ունենա: Շահը, Պողոս առաքյալի ասածի համաձայն, այն է, որ հողին հանձնված ապականացու մարմինը, հարություն է առնելու անապակ, հոգևոր և կատարյալ (Ա Կորնթացիներ 15:53):
Հանգուցյալների հարազատների ցանկությամբ օրհնվում են նաև նրանց ննջեցյալների գերեզմանները, որով ավետում ենք Տիրոջ երկրորդ գալստյան և մեռելների հարության հույսի մասին, որ Վերջին դատաստանին լինելու է մեռելների հարություն, և յուրաքանչյուր ոք տեսնելու է իր հարազատներին: Այցելելով շիրիմներին՝ հավատացյալ ժողովուրդը խունկ է ծխում, աղոթում հանգուցյալների հոգու հանգստության համար:
Եկեղեցին, աղոթելով ննջեցյալների համար, խնդրում է, որ Տերը Վերջին դատաստանին Իր առատ ողորմությամբ ների ննջեցյալների մեղքերը և արժանացնի նրանց Երկնքի Արքայության: Իսկ այն, որ ննջեցյալներից շատերը Վերջին դատաստանին ողորմություն գտնելով թողություն պիտի ստանան իրենց այն մեղքերից, որոնց քավության համար չէին կարողացել աղերսել երկրի վրա ապրած ժամանակ, հայտնում է Սուրբ Գիրքը (Մատթեոս 12:31-32): Սակայն պարագան այլ է այն մեղավորների, որոնք անզգամ ու ամբարտավան են եղել, և այլ՝ Քրիստոսով ննջող մեղավորների համար:
Աստվածաշնչում կարդում ենք. «Դրա համար ասում եմ ձեզ. մարդիկ ինչքան էլ մեղք գործեն կամ հայհոյություն անեն, Աստված պիտի ների նրանց այդ բոլորը, բայց նա չի ների նրան, ով հայհոյում է Սուրբ Հոգուն, այսինքն՝ նախատում է նրան: Ով որ Մարդու Որդու դեմ խոսք ասի, Աստված պիտի ների նրան, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նա չի ների նրան ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում» (Մատթեոս 12:31-32): Հիսուսի այս խոսքերը մեզ հայտնում են, թե մարդկային տկարության արդյունք եղող մեղքերը զղջումով և ապաշխարությամբ թողնվում են, սակայն կամակորությամբ և ամբարտավանությամբ Սուրբ Հոգու դեմ եղած մեղքերը ներումի չպիտի արժանանան ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում:
Այս ամենով հանդերձ չպետք է մոռանալ, որ Աստծո սերն ու ողորմությունը անչափ ու անսահման են և վեր մարդկային չափանիշներից. «Մեծ է Քո ողորմությունը և երկնքից բարձր, և Քո ճշմարտությունը հասնում է ամպերին» (Սաղմոս 107:5):
Ննջեցյալների թաղման արարողությունը, ննջեցյալների համար ասված աղոթքը, հոգեհանգիստն ու գերեզմանօրհնեքը Վերջին դատաստանի և հարության հույսն են ներշնչում բոլորին և ամրապնդում այդ հույսը ու զորացնում հավատը: Մեռելոցի արարողությունը երախտագիտական ու հարգանքի արտահայտություն է ողջերի կողմից մեռելների հանդեպ, որպեսզի նրանք չմոռացվեն և հիշվեն: Այս արարողությունը արտահայտում է թե՛ ննջեցյալների հանդեպ հարգանքը, թե՛ բոլորի հարության հույսը:
Յուրաքանչյուր քրիստոնյա, կորցնելով իրեն մտերիմ և հարազատ մարդկանց, անհրաժեշտություն ունի հոգևոր սփոփանքի: Այդ մխիթարության ակունքը գալիս է քրիստոնեական հավատից, քանի որ Աստված Ինքն է բոլորիս կյանք պարգևում. «Նա՛ է, որ բոլորին կյանք, շունչ և ամեն ինչ է տալիս: Նրանով է, որ ապրում ենք, շարժվում ենք և կանք» (Գործք Առաքելոց 17:25,28): Եվ Ինքը Տերն է «իջեցնում գերեզման և դուրս բերում այնտեղից» (Ա Թագավորություններ 2:6), «…ճնճղուկն անգամ գետին չի ընկնում առանց ձեր Հոր գիտության» (Մատթեոս 10:29):
Քրիստոնեական հավատն է մեզ մխիթարում, որ մենք միմյանցից բաժանվում ենք ոչ թե հավերժ, այլ Աստծո խոսքի և օրինակի համաձայն, նորից հանդիպելու հույսով. «Ուրեմն մի՛ զարմացեք, որ ասացի ձեզ, թե կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն Նրա ձայնը և դուրս կգան նրանք, որ բարիք են գործել, հարություն կառնեն և կապրեն, իսկ նրանք, որ չարիք են գործել, հարություն կառնեն և կդատապարտվեն» (Հովհաննես 5:28-29):
Կազմեց Կարինե Սուգիկյանը