«Պատերազմն Ալիևի թթվածինն է. Ադրբեջանում չեն թաքցնում, որ պատերազմ է սկսվելու». Արամ Փոլադյան
«Ադրբեջանի ահաբեկչական ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտակցում է, որ մարդկության դեմ հանցագործություն կատարելը չի կարող չհանգեցնել պատասխանատվության: Սրան զուգահեռ՝ COP29-ին ընդառաջ Ադրբեջանի ղեկավարությունը ջանում է «մարդասեր» ձևանալ և փորձել խաղալ այն խաղը, որը իրենց թույլ կտա որպես քաղաքական մեծ թատերաբեմում դեռևս որոշ ժամանակ պատասխանատվության չենթարկված և բռնապետության անունը կրող երկիր հանդես չգալ: Սրա համար պետք է փորձել «խաղաղության» բանակցությունների ընթացքում ցույց տալ, թե ադրբեջանական կողմը իբրևէ թե նույնպես գնում է զիջումների: Սա իրենք ներկայացնելու են՝ որպես զիջում, այնինչ իրականությունը լիովին այլ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ադրբեջանագետ, իրավաբան Արամ Փոլադյանը՝ ընդգծելով՝ այս քայլն ավելի քան դե ֆակտո հրաժարում է խաղաղության բանակցություններից:
«Որևէ խոսք անգամ չի գնում այն մասին, որ ադրբեջանական վարչակարգը դուրս է քաշելու իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, որ այն բոլոր հսկայածավալ պահանջները նշույլ անգամ հետ են քաշվելու: Չկա խոսք այն մասին, որ «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը կարող է հանվել բանակցություններից: Խոսքը միայն ժամանակավորապես բանակցությունների առարկաների շարքից հանելու մասին է: Իրենց համար անկյունաքարային կետը ունենալ հաղորդակցություն, որը կլինի իրենց սուվերենության ներքո, և բռնապետ Ալիևն այս մասին խոսել է: Ծախսվում են իրապես շատ մեծ ռեսուրսներ Արցախի ժամանակավորապես օկուպացված տարածքներից մինչև Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կապող օղակներ կառուցելու համար:
Հենց այս պահին օկուպացված Բերձորում կառուցվում է ռազմական օդանավակայան, անունը դնում են միջազգային քաղաքացիական օդանավակայան, բայց այնտեղ ընդամենը մի քանի հարյուր հոգի է ապօրինի կերպով տեղակայված: Մեր սահմաններին շարունակում են տեղակայել բանակային ստորաբաժանումներ, այդ թվում՝ ծանր հրետանի և այլն: Խոսքը կուտակումների մասին չէ, այլ ըստ Ադրբեջանի ռազմական դոկտրինի՝ պետք է տեղակայված լինի պետական սահմանապահ ծառայությունը, բայց իրենք նման միտում էլ անգամ չունեն»,- ընդգծեց նա:
Ըստ Փոլադյանի՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կարող սեփական հասարակության շրջանում չտարածել անընդհատ ռազմական գործողությունների մասին թեզերը. «Ադրբեջանցիները չեն թաքցնում, որ պատերազմ է սկսվելու, և պատրաստվում են դրան: Պատերազմն Ալիևի թթվածինն է, և դա է նրա իշխանության մնալու գլխավոր առհավատչյան»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում