Թա՞նկ է արդյոք Հայաստանում հանգիստը. քաղաքացիները դժգոհում են, մասնագետները՝ պարզաբանում
«Ծով չունեցող երկրի համար էս ի՞նչ գներ են մեր հանգստյան գոտիներում…, ի՞նչն է նման «հորինածին» բարձր գների պատճառը»․ սա այս օրերին արված ֆեյսբուքյան գրառում է։
Իսկ հանրային տարբեր շրջանակներում նմանատիպ հարցադրումների պակաս չի լինում արձակուրդային օրերին և հատկապես ամռանը։ Քաղաքացիներից շատերը հենց հայաստանյան հանգստյան գոտիների բարձր գներով են պայմանավորում դեպի Վրաստան, Եգիպտոս, Անթալիա հանգստի ուղղությունը նախընտրելը․ նշում են՝ ավելի մատչելի է։
Ի դեպ, եթե ամռան վերջին ամսվա ընթացքում դեպի Վրաստան մեկշաբաթյա ծովային հանգիստը հյուրանոցը մեկ անձի համար կարող է արժենալ 80-120.000 դրամ՝ երկանգամյա, նաև՝ երեքանգամյա սնունդով և երկկողմ ուղևորափոխադրմամբ, ապա Հայաստանում խիստ սահմանափակ է այն հանգստի գոտիների ցանկը, որոնք կկարողանան այս գնով կազմակերպել մեկշաբաթյա հանգիստը։
168․am-ն ուսումնասիրել է օգոստոս ամսի գնային առաջարկները Հայաստանի հիմնական հանգստի ուղղություններում՝ Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան, Արզնի և Հանքավան։
Դիլիջանում և Ծաղկաձորում առանց նախաճաշի կամ միայն նախաճաշով հյուրանոցային ստանդարտ սենյակը 1 անձի համար 1 օրվա արժեքը կարող է տատանվել 20.000 դրամից՝ մինչև 35.000 դրամի շրջակայքում, հյուրատները՝ սկսած 10.000 դրամից 1 անձի համար՝ առանց նախաճաշի, 6 հոգու համար նախատեսված քոթեջները՝ 45.000-ից՝ մինչև 90.000 դրամ։
Այսպես՝ օրինակ, հյուրանոցային ամրագրումների ամենամեծ օնլայն հարթակները տեղեկացնում են՝ Դիլիջանի «Աուրելիա» հյուրանոցում 1 անձի մեկօրյա հանգիստը՝ նախաճաշով կարժենա 30.000 դրամ, «Հովեր»-ում՝ 31.000 դրամից քիչ ավելի, «Բալկոնչիկ» հյուրատանը՝ 18.000 դրամ՝ առանց նախաճաշի։
Օգոստոսի 12-ից 1 անձը Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում կարող է հանգստանալ 2 անձի համար նախատեսված սենյակում՝ վճարելով 50.000 դրամ․ տեղեկացրեց հյուրանոցի աշխատակիցը՝ հավելելով, որ գինն իր մեջ ներառում է 3 անգամյա սնունդը։
«Էլեգանտ» հյուրանոցում երկուշաբթի օրվանից ազատ սենյակներ չկան․ նշեց աշխատակիցը՝ ազատ սենյակ առաջարկելով միայն օգոստոսի 18-ից՝ 1 օրը ստանդարտ սենյակում՝ 25.000 դրամ տարբերակով՝ նախաճաշը ներառված, նույն տարբերակը՝ ճաշ ու ընթրիքը ներառված, կկազմի 35.000 դրամ։
Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում օգոստոսի 12-ից հանգստանալու պարագայում ստանդարտ սենյակը կարժենա 48.000 դրամ, դելյուքսը՝ 57.600 դրամ, առաջարկն իր մեջ ներառում է նախաճաշը։
«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում» 1 անձը օգոստոսի 12-ից կարող է հանգստանալ՝ 1 օրվա համար վճարելով 22.000 դրամ՝ սնունդը ներառյալ։
Արզնիի թիվ 1 առողջարանում ևս սենյակների սղություն կար․ «գերզբաղված ենք»՝ նշեց աշխատակիցը՝ պարզաբանմամբ, որ ազատ սենյակներ կլինեն սեպտեմբերից։ Այս առողջարանում 1 ստանդարտ սենյակի 1 օրվա արժեքը 1 անձի համար՝ երեքանգամյա սնունդ տարբերակով և առողջարանային պրոցեդուրաներով 18.000 դրամ է։
Սևանի «Ծովինար» հյուրանոցում անձի 1 օրը կարժենա 50-53.000 դրամ՝ նախաճաշը ներառյալ, «Գարդեն ին ռեզորթ»-ում՝ 40.000 դրամ՝ առանց նախաճաշի, Բաշինջաղյան հյուրանոցում՝ 30.000 դրամ՝ նախաճաշով։
Քոթեջների մասին հակիրճ անդրադարձ․ Դիլիջանի Կոմպոզիտորների տան տարածքում գտնվող «Օպուս 11» քոթեջի օգոստոս ամիսներին 1 օրվա արժեքը շաբաթ և կիրակի օրերին 60.000 դրամ է, աշխատանքային օրերին` 50.000 դրամ․ քոթեջում կարող է հանգրվանել 6 անձ, ապահովված են բոլոր պայմանները, 6 անձը Դիլիջանի «Շալե ընդ թուրս» քոթեջային ավանում կարող է հանգստանալ 82.000 դրամով, իսկ 1 անձի համար այս հանգստյան գոտին առաջարկում է նախաճաշը ներառող տարբերակ՝ 32.000 դրամով։ Ծաղկաձորի «Թեղենիսում» 6 հոգանոց քոթեջն էլ կարժենա 95.000 դրամ։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով ներգնա և ներքին տուրիզմի դեպքում գնաճային միտումներին՝ նկատեց․
«Ընդհանուր գնաճ ունենք․ միայն տուրիզմում չէ և միայն Հայաստանում չէ։ Բայց մեզ մոտ հրապարակվել էր մոտ 10 տոկոս ընդհանուր գնաճի մասին, ու նաև առանձին ոլորտում էլ տեսանելի է գնաճը՝ և՛ տրանսպորտային ծառայությունների, և՛ հանրային ծառայությունների ոլորտում, և՛ որոշ չափով հյուրանոցային ծառայութjունների ոլորտում, որոնք պայմանավորված են նաև տարբեր ապրանքախմբերի գնաճով»։
Հյուրանոցային ծառայություններում գնաճը Մեխակ Ապրեսյանը պայմանավորեց նաև պահանջարկի աճով։
«Ներգնա տուրիզմի դեպքում՝ դրան էլ գումարվել է դրամի արժևորումը արտարժույթի նկատմամբ, ու ստացվում է՝ ներգնա զբոսաշրջային փաթեթները, ծառայություններն արտարժույթով զգալիորեն՝ մոտ 50 տոկոսով թանկացել են»,- նշեց մասնագետը։
Անդրադառնալով տարբեր շրջանակներում այս օրերին ակտուալ հարցին, թե ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները, օրինակ, 120.000 դրամով կարողանում Վրաստանում կազմակերպել իրենց ծովային 7-օրյա հանգիստը, բայց չեն կարողանում իրենց թույլ տալ հանգիստ կազմակերպել հայրենիքում, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն արձագանքեց, որ անհամեմատելի մեծություններ են։
«Նման խոսակցություն մենք միշտ ենք ունեցել՝ նույնիսկ այն դեպքում, երբ այս գնաճը չի եղել։ Սրա հետ ես միշտ այդքան էլ համաձայն չեմ եղել՝ այն իմաստով, որ պետք է նախ համեմատել համեմատելի մեծություններ․ չենք կարող համեմատել Ծաղկաձորը Քոբուլեթիի հետ։ Եթե մենք Ծաղկաձորը համեմատենք Բակուրիանիի հետ, որոնք նմանատիպ հանգստավայրեր են, ապա այդ դեպքում կտեսնենք՝ մենք ավելի թանկ չենք, քան Վրաստանը, և նույնիսկ ծառայությունների որակով ավելի բարձր ենք»,- մանրամասնեց նա։
Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միության հիմնադիր-նախագահ Բագրատ Մովսիսյանն էլ նշում է՝ նկատելի գնաճը Հայաստանի շատ տնտեսվարողների կարճաժամկետ շահույթների ու անհեռատես քաղաքականության հետևանքն է։
«Երբ 2022 թվականին հատկապես Ռուսաստանից և Ուկրաինայից մեծ ներհոսք եղավ Հայաստան, այն բերեց անշարժ գույքի և ծառայությունների մեծ գնաճի։ Այսօր արդեն, երբ Հայաստանում ռելոկանտների թվի անկում է գրանցվել, որոշ տնտեսվարողներ շարունակում են պահել գնային նույն նշաձողը, և փաստացի, այսօրվա դրությամբ, ՀՀ ներքին շուկան մնացել է գերի այդ անբարեխիղճ տնտեսվարողներին,- 168․am-ի հետ զրույցում նշեց մասնագետը՝ մանրամասնելով,- Շատերը վարկ ու սուբսիդիաներ էին վերցրել՝ կարծելով, թե ներհոսքը կշարունակվի, իսկ այսօրվա դրությամբ պետք է փակեն իրենց վարկային գծերը։ Մենք այսօր գտնվում ենք հենց այս շղթայի մեջ․ Հյուրանոցային բարձր գները շատ դեպքերում արդարացված չեն»։
Առհասարակ, ոլորտում թերացումներին անդրադառնալով՝ Բագրատ Մովսիսյանը դրանք պայմանավորեց պետության կողմից ոլորտին զգալի ուշադրություն չդարձնելու հանգամանքով, բարեփոխումների պակասով, օտարերկրացիներին նոր ուղղություններ չառաջարկելու խնդրով, կամ խնդրահարույց դրվագներով՝ ինչպես, օրինակ, 2023 թ. ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքն է, որի կիրարկումը մեկնարկելու է 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, կամ՝ սպասվող որակավորման գործընթացը։
«Այս օրենքը, ճիշտ է, ուզում է լեգալացնել դաշտը, բայց այստեղ էլ հնարավոր է, որ այսկերպ փորձեն յուրայինների համար ավելի լավ պայմաններ ստեղծել, իսկ ոչ յուրայիններին հեռացնել դաշտից։ Ենթադրվում է, որ այդ օրենքը պետք է կարգավորի շուկան՝ ըստ հեռանկարի, բայց այն ավելի շատ խնդիրներ է ստեղծելու։
Ավելին՝ մյուս տարվա հունվարի 1-ից էլ սկսվում է որակավորման գործընթացը, և այստեղ հարց է ծագում՝ ի՞նչ չափորոշիչներով է կատարվելու թե՛ հյուրանոցային բիզնեսի, թե՛ գիդերի որակավորումը։ Առավել մտահոգիչ է գիդերի որակավորման հարցը, որովհետև եթե այդ դեպքում ԿԳՄՍ նախարարությունն է չափորոշիչները տրամադրելու, մենք բախվելու ենք Սմբատ Հովհաննիսյանի գրքերի հետ, որովհետև փաստացի գիդերին պարտադրելու են այդ չափորոշիչները, և շատ պատմաբան-մասնագետներ, որոնք այս ոլորտում են, մտահոգված են․ մենք հո չե՞նք վերցնելու Սմբատ Հովհաննիսյանի պատմությունը պատմենք»,- մանրամասնեց Բագրատ Մովսիսյանը։