Բաժիններ՝

Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ ծրագրվող ահաբեկչությունը կանխվել է

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երեք համերգները Վիեննայում չեղարկվել են այն բանից հետո, երբ Ավստրիայի կառավարությունը հաստատել է, որ դրանց ընթացքում հարձակումներ էին պլանավորվում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ավստրիայի դաշնային կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել է, որ «ողբերգությունը կանխվել է»։ X սոցիալական հարթակի իր էջում նա նշել է, որ ոստիկանության, Անվտանգության և հետախուզության վարչության և օտարերկրյա ծառայությունների սերտ համագործակցության շնորհիվ սպառնալիքը հայտնաբերվել է, և դրա դեմ միջոցներ են ձեռնարկվել։

Համերգի կազմակերպիչները ևս հայտարարել են, որ «Էռնստ Հապել» մարզադաշտում օգոստոսի 8-ին, 9-ին և 10-ին նախատեսված համերգների ժամանակ պլանավորված ահաբեկչության պատճառով այլ ելք չի մնում, քան չեղարկել դրանք՝ հանուն բոլորի անվտանգության։ Բոլոր տոմսերի գումարները կվերադարձվեն։ Ավստրիայի ոստիկանությունը հայտարարել է, որ երկու մարդու է ձերբակալել հարձակումները նախապատրաստելու կասկածանքով։ Նրանցից մեկը՝ Ավստրիայի 19-ամյա քաղաքացին, հարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Եվս 3 կասկածյալ փախուստի մեջ է։

Վիեննայում Թեյլոր Սվիֆթի յուրաքանչյուր համերգին սպասվում էր 65 000 հանդիսատեսի ներկայություն։ Եվս 15 000 մարդ, ըստ հաշվարկների, կլիներ մարզադաշտից դուրս՝ առանց տոմսերի։Այս համերգները ամերիկացի երգչուհու «Էրաս» շրջագայության մի մասն էին: Թեյլոր Սվիֆթի համաշխարհային համերգային շրջագայությունը սկսվել է 2023 թ. մարտի 17-ին ԱՄՆ-ում և պետք է ավարտվի 2024 թ. դեկտեմբերին Կանադայում։

34-ամյա Սվիֆթը դեռ չի մեկնաբանել համերգների չեղարկումն Instagram-ում, որտեղ նրա էջն ունի 283 միլիոն հետևորդ։ Թեյլոր Սվիֆթի հաջորդ կանգառը Լոնդոնն է, որտեղ օգոստոսի 15-ից նախատեսված է 6 համերգ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031