Ավինյանը տարբեր պաշտոններում ձախողել է․ սովետի կառուցած անցումը չեն կարողանում 1 տարի գլուխ բերել

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց Երևանի հիմնախնդիրների մասին Gallup-ի նոր՝ «Ասեք, չասեք…» խորագրով հարցման արդյունքները։ Ասուլիսին ներկա էր նաև հանրային գործիչ Արթուր Չախոյանը, որն առավել հայտնի է քաղաքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների այս ու այն թերացումները բացահայտելով և քաղաքային բյուջեի գումարների մսխման, վատնման մասին տարբեր արձանագրումներով։

Արթուր Չախոյանը լրագրողների հարցերին ի պատասխան՝ նկատեց, որ կոռուպցիոն դրսևորումների տեսանկյունից առավել խնդրահարույց են բարեկարգման ծրագրերը։

«Դրանցում ներառվում են նաև ասֆալտապատման աշխատանքները, որոնցում ակնհայտ երևում է անորակությունը, ինչի պատճառով Երևանն ունի այս փոսերի տեսքը։ Ուզում եմ միաժամանակ նշել, որ միայն այս տարի Երևանի քաղաքապետարանի ծրագրով թվով երրորդ փոսալցման աշխատանքներն են իրականացվում, բայց մենք բոլորս տեսնում ենք՝ ինչպես են նորոգվում․ որոշ ժամանակ անց նորից քանդվում է, ու նորից նորոգում են, ինչի համար նորից գումար են հատկացնում։ Սա հենց կոռուպցիոն տարրն է»,- մանրամասնեց Արթուր Չախոյանը։

168.am-ը հանրային գործչից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Տիգրան Ավինյանի փոխարինմամբ իրավիճակ է փոխվելու՝ հաշվի առնելով, որ նույն քաղաքական թիմի հերթական ներկայացուցիչն է բերվելու պաշտոնի։ Ի պատասխան՝ նա նկատեց․ «Ըստ իս՝ Տիգրան Ավինյանի փոխարինումն իրավիճակ կփոխի, որովհետև եթե մենք տեսնենք նախորդ քաղաքապետերին՝ հենց նույն քաղաքական ուժի (չէ՞ որ 2018 թվականից մինչ օրս նույն քաղաքական ուժից 4-րդ քաղաքապետն է նշանակվել), բայց այս կարգի վատ չի եղել, այս աստիճանի վատ վիճակում քաղաքը չէր գտնվում։ Իմ կարծիքով, հնարավոր է՝ նոր քաղաքապետի նշանակումն իրավիճակ փոխի»։

Կարդացեք նաև

Հստակեցմանը՝ այսինքն՝ դուք խնդիրը չեք տեսնում համընդհանուր կառավարման, այլ քաղաքային կառավարման մեջ, նա արձագանքեց․

«Ոչ, ընդհանուր խնդիր է, հենց կառավարման խնդիր է, բայց եկեք ընդունենք հանգամանքը, որ քաղաքապետարանը ոչ թե ընդհանուր է ղեկավարվում, այլ քաղաքապետի կողմից»։

Ի դեպ, մեր հարցադրումներին ի պատասխան՝ Արթուր Չախոյանը նաև նշեց, որ իր հանրային գործունեության հետևանքով պարբերաբար հայտնվում է սպառնալիքների թիրախում, ավելին՝ անգամ մահափորձերի, բայց կուլիսային պայմանավորվածությունների չի գնացել ու չի գնա։

Արամ Նավասարդյանն էլ անդրադառնալով Տիգրան Ավինյանի գործունեությանը՝ հավելեց․

«Տիգրան Ավինյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել, և բոլոր այդ պաշտոններում ձախողել է. հիշենք քովիդի ժամանակշրջանում իր հանրահայտ ապուշ որոշումները։

Այդ մարդը փորձում է կառավարել Երևան քաղաքը, և տեսնում եք, թե ինչ կատաստրոֆիկ վիճակում է։ Երևանի քաղաքապետ աշխատելը չի նշանակում ամեն երկուշաբթի մտնել եթեր և գործավարական միջոցառման ժամանակ պատասխանել հարցերին։ Ընդ որում, դա վերաբերում է և՛ նախկին բոլոր քաղաքապետերին, և՛ նրանից հետո եկողին․ քաղաքապետը պետք է իր ժամանակի 80 տոկոսը դուրս գա և ման գա փողոցներով և վարչական շրջաններով՝ իր հետ բոլոր վարչական շրջանների ղեկավարները»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս