ԱՄՆ ներկայացուցչի՝ ՊՆ-ում «նստելու» հայտարարությունը՝ քարոզչությո՞ւն, թե՞ մտահոգիչ իրականություն. ՌԴ ներկայացուցիչ աշխատե՞լ է

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 17-ին «Հետք»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչն աշխատելու է Հայաստանի պաշտպանության նախարարությունում։

Հուլիսի 19-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե՝

– Ի՞նչ գործառույթ և ուղղություն է ենթադրում այդ աշխատանքը,

– երբվանի՞ց է ԱՄՆ ներկայացուցիչն աշխատելու Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում և որքանով ժամանակով,

Կարդացեք նաև

– գրավոր ի՞նչ փաստաթղթի հիման վրա է ԱՄՆ ներկայացուցիչն աշխատելու ՀՀ պաշտպանության նախարարությունում, ի՞նչ սահմանափակումներ են սահմանված՝ հաշվի առնելով գաղտնիության սկզբունքը, և այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ՌԴ-ի հետ ունի ռազմական երկկողմ պայմանագրեր ու համաձայնագրեր:

– 2018 թվականից առաջ նմանօրինակ փաստ եղե՞լ է Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցության համատեքստում:

– ՀՀ ՊՆ-ում ՌԴ ներկայացուցիչ աշխատե՞լ է, երբ այս դեպքում առկա են երկկողմ ռազմական փաստաթղթեր, այդ թվում՝ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին, գործում է հայ-ռուսական միացյալ զորախումբ, գաղտնիք չէ նաև, որ ռազմական հետախուզության հարցում ևս առկա է կամ առկա էր որոշակի փոխգործակցություն:

Օգոստոսի 2-ին մեզ ուղարկած պատասխան գրության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդհանրական պատասխան է տվել ԱՄՆ բանակի ներկայացուցչի՝ ՊՆ-ում աշխատելուն առնչվող մեր հարցադրումներին:

«Ի պատասխան 19.07.2024 թ. գրության՝ տեղեկացնում ենք, որ զինված ուժերի բարեփոխումների գործընթացի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ից և այլ միջազգային գործընկերներից ստացել և ստանում է խորհրդատվական աջակցություն, որը կարող է կրել կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ: Ներկայացված այլ հարցադրումների վերաբերյալ ամերիկյան կողմն արդեն հանդես է եկել պարզաբանումներով»:

Նախ նշենք, որ նմանօրինակ պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությունը մեզ տվել էր դեռ ընթացիկ տարվա մարտին, երբ գրավոր հարցման միջոցով պարզաբանում էինք խնդրել իշխանամերձ փորձագետներից մեկի հայտարարությունների առնչությամբ, որ «ԱՄՆ-ից և Ֆրանսիայից 5-10 խորհրդական են ժամանել Զինված ուժեր»: Ի դեպ, Երևանում Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ևս նման ակնարկ էր արել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը չցանկանալով մտնել մանրամասների մեջ՝ հիշեցրել է ամերիկյան կողմի պարզաբանումների մասին: Իսկ «Ազատությանը» ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հուլիսի 22-ին հայտնել էին, որ ԱՄՆ «խորհրդատուն աշխատելու է Հայաստանում՝ «կանոնավոր աշխատանքային շփումներ ունենալով դեսպանության և Պաշտպանության նախարարության հետ», և, որ «գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի խորհրդատուն չի ֆինանսավորվում ԱՄՆ բանակի կամ Պաշտպանության դեպարտամենտի կողմից, ֆինանսավորումն ապահովում է Պետքարտուղարությունը կողմից, իսկ խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդմանը»:

Հավելենք, որ ԱՄՆ դեսպանատունը նաև ռազմական կցորդ ունի Հայաստանում։

Իսկ թե ինչու է անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման համար աշխատել ՀՀ պաշտպանության նախարարությունում, ինչպես ամերիկյան կողմը պաշտոնապես հայտարարել էր, իսկ հայկական կողմն էլ՝ ոչ պաշտոնական, հարցեր են առաջացնում, քանի որ, ինչպես մեզ ուղարկված իր գրության մեջ էլ նշել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ից և այլ միջազգային գործընկերներից ստացել է խորհրդատվական աջակցություն, և դրա համար պարտադիր չի եղել ՊՆ-ում «նստելը»:

Հիշեցնենք, որ 168.am-ին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, նշել էր.

«Մենք ունեցել ենք հայ-ամերիկյան ռազմական հարաբերություններ, և այդ հարաբերությունները եղել են ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի համատեքստում, խաղաղապահ միջազգային առաքելության շրջանակներում:

Նշվածը հնարավորություն է տվել նաև եվրոպական առաջատար բանակների հետ համագործակցել, ինչն անդրադարձել է նաև ռազմական կրթության վրա, իր արտացոլանքն է գտել անհատական գործընկերության գործողությունների ծրագրում, ինչն օգտագործվել է մեր զինված ուժերի զարգացման տրամաբանության համատեքստում:

Հայ-ամերիկյան համագործակցության և աջակցության շրջանակում է, որ մենք ունեցել ենք խաղաղապահ գումարտակ, այնուհետև՝ խաղաղապահ ուժերի բրիգադ, ինչի միջոցով Հայաստանը ներկայացել է՝ որպես խաղաղապահ միջազգային առաքելության օրինակելի երկիր: Այսինքն, մենք՝ լինելով ՀԱՊԿ անդամ, համագործակցություն ունենալով ՌԴ-ի հետ՝ որպես ռազմավարական գործընկեր, նաև համագործակցել ենք այլ երկրի բանակների հետ և նրանց առաջատար որոշ չափանիշներ օգտագործել մեր բանակի զարգացման համար:

Բացի դրանից, մեր ԶՈւ զարգացման ծրագրերը կազմելուց, կամ՝ երբ մենք Պաշտպանական վերանայման գործընթաց էինք իրականացնում (Strategic Defense Review-SDR), փորձագիտական խումբ է եղել, որի մեջ ընդգրկված են եղել հետխորհրդային, ռուսական և նաև արևմտյան բանակների բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ:

Նույնիսկ մեկ անգամ, երբ Պաշտպանական ռազմավարական վերանայումն էինք անում՝ 2014-2015 թվականներին, այդ փորձագիտական խմբի մեջ ընդգրկված է եղել նաև ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալ, որի հետ ես հանդիպել եմ ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ընթացքում, այդ ժամանակ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի հետ էլ էի հանդիպել, նաև՝ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի հետ: Այսինքն, համագործակցություն արևմտյան հավաքական հարթակի կամ թիմի հետ մենք ունեցել ենք:

Հավելեմ, որ երբ մենք համագործակցել ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների հետ, փորձել ենք համադրել հետխորհրդային ռազմական տեսության և արևմտյան ռազմական տեսության պահանջները և ձևավորել մեր ազգային ռազմական տեսությունը, զարգացնել մեր բանակը: Ինչ վերաբերում է ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ բանակի մշտական ներկայացուցիչ ունենալուն, ապա դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ վերևում նշված միջոցառումների և ծրագրերի շրջանակում հնարավոր է բավարար փոխգործակցություն ապահովել»:

Իսկ գուցե հայտարարությունը, թե ՀՀ պաշտպանության նախարարությունում ԱՄՆ բանակի ներկայացուցիչ է աշխատելու, զուտ քարոզչական բնո՞ւյթ է կրում՝ ցույց տալու, որ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության հարթությունում հասել է ավելիին, քան նախկին իշխանությունները, և ոչինչ, որ դեռ միայն խաղաղապահ համատեղ զորավարժության անցկացումից չեն անցել։ Այսինքն, ըստ էության, ավելի լուրջ բնույթի զորավարժություն չի եղել: Ինչևէ, ժամանակը ցույց կտա:

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանական նախարարությունում ՌԴ բանակի ներկայացուցչի աշխատել-չաշխատելուն, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են. «ՀՀ ՊՆ համակարգում ՌԴ ներկայացուցիչ չի աշխատել»:

Եվ սա այն դեպքում, երբ, ինչպես վերևում նշեցինք, ՌԴ-ն ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, առկա են երկկողմ ռազմական լուրջ փաստաթղթեր, ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազա ունի:

Հավելենք, որ այս տարվա մարտին լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ երբ 2021 թվականին նշանակվել է պաշտպանության նախարար, պայմանավորվել է ՌԴ ՊՆ-ի հետ, և ռուսական տարբեր ակադեմիաներից Հայաստան են եկել 40 բարձրաստիճան գեներալներ, սպաներ, ռազմական ոլորտի մասնագետներ:

«Նրանք մեզ մոտ աշխատեցին 1.5 ամիս ու ստեղծեցին մի փաստաթուղթ, որը քննարկեցինք, ընդունեցիք և այն պետք է իրագործեինք: Փաստաթուղթը խոսում էր մեր ապագա անվտանգության համակարգի մասին: Դրանից հետո երբ հանդիպեցինք ՌԴ պաշտպանության նախարարի հետ, և նրան շնորհակալություն հայտնեցի այդ աջակցության համար, և ասացի, որ՝ դրանով ձեր աշխատանքը չի ավարտվում, հիմա էլ, խնդրում եմ, ուղարկեք մասնագետներ, որպեսզի փաստաթուղթը կարողանանք իրագործել: Մենք ունեինք մոտ 80 սպաների ցուցակ, որոնք պետք է գային Հայաստան և 3 տարի աշխատեին մեր բանակում, որպեսզի կարողանայինք մեր բանակը զարգացնել»,- նշել էր Կարապետյանը՝ հավելելով, որ հիշատակված փաստաթղթում նշվում էր նաև այն զենքերի ու զինատեսակների մասին, որոնք պետք է մատակարարվեին հայկական բանակին, իսկ դրանց ապահովման մի մասն իր վրա էր վերցրել ռուսական կողմը:

Հիշեցնենք, որ ժամանակին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ հայտնել էր՝ «Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն ծրագրվում են, այլ նաև անցկացվում են, ընդ որում, այս գործընթացին ամենայն անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները»:

Տեսանյութեր

Լրահոս