Բաժիններ՝

Բանգլադեշում մեկ օրում 90 մարդ է զոհվել վարչապետի դեմ ցույցերի ընթացքում

Բանգլադեշում առնվազն 90 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել ոստիկանության և տասնյակ հազարավոր ցուցարարների միջև բախումների ժամանակ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ցույցերը Բանգլադեշում ընթանում են հուլիսից, երբ ցուցարարները պահանջում էին վերացնել պետական աշխատատեղերի քվոտաների համակարգը։

Այնուհետև ցույցերն ընդլայնվեցին և վերածվեցին ավելի մասշտաբային հակակառավարական շարժման։ Ուսանողները հայտարարել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ՝ պահանջելով երկրի վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականը։ Զոհերի շարքում կա առնվազն 13 ոստիկան, իսկ հուլիսից մինչև այժմ ցույցերի ժամանակ զոհվածների թիվը հասել է առնվազն 280-ի։

Երկրում հայտարարվել է պարետային ժամ՝ ժամը 18։00-ից, որոշ հատվածներում արգելափակվել է ինտերնետը։ Օգոստոսի 5-ին ցույցերը վերսկսվել են։ Երթով դեպի մայրաքաղաք Դաքա շարժվող ցուցարարների նկատմամբ կիրառվել են լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։ Ըստ BBC-ի՝ քաղաքում տեղակայված են ինչպես ոստիկաններ, այնպես էլ զինվորականներ։ ՄԱԿ-ը կոչ է արել վերջ դնել բռնություններին, իսկ Բանգլադեշի քաղաքական գործիչներին և անվտանգության ուժերին հորդորել է զսպվածություն ցուցաբերել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս