Թահինից թխվածքաբլիթ
Բաղադրիչները՝
- 2 բաժակ ալյուր
- 2/3 բաժակ թահին (քունջութե մածուկ)
- 100 գ կարագ
- 100 գ շաքարավազ
- 1 ճ/գ վանիլային շաքարավազ
- 1 թ/գ փխրեցուցիչ
- մի պտղունց աղ
- մաքրած, չբոված նուշ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
Կարագը փափկեցրեք, բայց մի հալեցրեք: Մեծ թասի մեջ կարագը հարեք սովորական ու վանիլային շաքարավազի հետ, ապա ավելացրեք թահինը և փայտե գդալով խառնեք: Լավ խառնեք. սովորաբար թահինը խիտ է, իսկ դուք պիտի միատարր զանգված ստանաք:
Կարագի և թահինի զանգվածի մեջ ավելացրեք ալյուրը, փխրեցուցիչն ու աղը, խմոր հունցեք:
Խմորից գունդ արեք, կերակրի թաղանթի մեջ փաթաթեք և 1 ժամով տեղադրեք սառնարանում:
Խմորը մոտավորապես ընկույզի մեծության մասերի բաժանեք ու դրանցից գնդիկներ արեք:
Գնդիկները իրարից որոշակի հեռավորության վրա տեղադրեք փայլաթիթեղով պատած տապակի մեջ:
Յուրաքանչյուր գնդիկը մի փոքր սեղմեք ու կենտրոնում սեղմեք-տեղադրեք նուշը:
12-15 րոպե թխեք 180-190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Մատուցելուց առաջ լրիվ հովացրեք:
Խորհուրդ: Թխվածքաբլիթը նուշի փոխարեն կարող եք զարդարել պնդուկով: