«Պատերազմն անխուսափելի է. հարցն այն է՝ ի՞նչ դիրքերից ենք մտնելու այդ պատերազմի մեջ». Արմինե Ադիբեկյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանին խաղաղության պայմանագիր ամենևին էլ պետք չէ:

«Ադրբեջանին պետք չեն հստակեցված սահմաններ, որովհետև ունի լուրջ տարածքային պահանջներ և զավթողական նկրտումներ: Հետևաբար, այդ խաղաղության պայմանագիրն ընդամենը ֆոն է, որի տակ Ադրբեջանը շարունակելու է իր քաղաքականությունը: Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանը թույլ չի տա, որպեսզի Հայաստանը կարողանա ռեսուրս կուտակել և հզորանալ այնքան, որ կարողանա դիմադրել այդ պլանների իրականացմանը: Հետևաբար՝ նրան պետք է բարձր մակարդակով սպառնալիքներ հնչեցնել, որ՝ եթե դուք հզորանաք, ապա մենք մեր ամբողջ ուժով կխոչընդոտենք դրան:

Ասեմ ավելին՝ Ադրբեջանը նաև շատ մտահոգված է այն հանգամանքով, որ Հայաստանում կարող է իշխանություն փոխվել: Այդ պարագայում, այն, ինչ նա կարող էր ստանալ նվերի տեսքով, պետք է ստիպված լինի ուժով վերցնել: Հայաստանում իշխանափոխության «վտանգի» դեպքում են սպառնում ուժ կիրառել Հայաստանի դեմ, որովհետև բավականին բարձր մակարդակով մայիս-հունիս ամիսներին Ադրբեջանից հայտարարություններ հնչեցին, որ Ադրբեջանը պետք է զորք մտցնի Հայաստան, որ պահպանի գործող իշխանություններին: Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչ կարող է ստանալ նվերի տեսքով, մաքսիմալ թուլացնել Հայաստանին, և երբ արդեն ուժասպառ եղած Հայաստանը սկուտեղի վրա կլինի նրա ձեռքում, նա կփակի հայոց հարցը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Թուրքիան մեր տարածաշրջանում գործում է Ադրբեջանի ձեռքերով, և այդ երկու պետություններն էլ ձգտում են Հայաստանի ոչնչացմանը. «Թուրքիային և Ադրբեջանին պետք չէ այս տարածաշրջանում Հայաստան, պետք չեն հայեր: Թուրքիայի և Ադրբեջանի մշակույթի, պատմության տերերը հայերն են, նրանք դա շատ լավ հասկանում են: Հասարակ օրինակ է, բայց երբ Թուրքիայում պեղումների ժամանակ ինչ գտնում են՝ կա՛մ հայկական է, կա՛մ հունական: Թուրքերը նյարդայնանում են այդ հանգամանքից: Անընդհատ ասում են՝ մեր տարածքն է, մեր պատմությունն է, բայց պարզվում է՝ ինչ-որ հայեր, ինչ-որ հայեր ասում են՝ ոչ, դա մեր մշակութային ժառանգությունն է, և ևս մեկ անգամ հիշեցնում են՝ դուք զավթել եք, դուք ցեղասպանություն եք գործել, դուք ունեք շատ մութ և ամոթալի անցյալ:

Այդ կոմպլեքսներից ազատվելու համար պետք է առաջին հերթին պարտադրել հայերին հրաժարվել Ցեղասպանության ճանաչման գործընթացից և ցանկալի է, որ հայեր այստեղ չլինեն: Ես էլ չեմ խոսում տնտեսական հեռանկարների մասին, որովհետև եթե տարածաշրջանը սկսի զարգանալ, տարածաշրջանի հետ զարգանալու է նաև Հայաստանը, իսկ Հայաստանին զարգացնել ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի պլանների մեջ չի մտնում: Տնտեսական անկման դեպքում էլ դա ազդում է իրենց տնտեսության վրա: Հետևաբար՝ նրանց ծրագիրն է Հայաստանի և հայերի չլինելը»:

Ինչ վերաբերում է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հետ կապված՝ Ալիևի հայտարարություններին, նա նշեց, որ նման քաղաքականություն Ադրբեջանը որդեգրել է նաև Վրաստանի նկատմամբ, բայց այնտեղ հստակ պահանջներ են թելադրվել՝ սովորել վրացերեն լեզուն, պատմությունը, դառնալ Վրաստանի լիարժեք քաղաքացիներ, իսկ Հայաստանի դեպքում Ալիևը խոսում է, այսպես կոչված, «խաղաղապահներ» մտցնելու մասին. «Հայաստանի պարագայում Ալիևն այստեղ զորք է մտցնելու, որոնք իբր պաշտպանելու են ադրբեջանցիներին, որոնք ՀՀ քաղաքացիություն էլ չեն ընդունելու, պարզապես գալու են այստեղ ապրեն, սադրեն և ահաբեկեն տեղի հայ բնակչությանը, որոնք լքելու են իրենց տները»:

Դիտարկմանը՝ Ալիևն ասում է, թե Հայաստանի այդ հատվածներում գյուղերը դատարկ են, և ադրբեջանցիները կարող են գալ ապրել, նա այսպես արձագանքեց. «Ալիևը շատ բան է ասում, եթե հիմա քննարկենք Ադրբեջանում լքված գյուղերի քանակությունը, որովհետև այնտեղ էլ ահռելի քանակությամբ լքված գյուղեր կան… Տար՝ այդ գյուղերում բնակեցրու, ի՞նչ գործ ունես հարևան պետության հետ»:

Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, թե՝ եթե չգնան զիջումների, պատերազմ կլինի, նա հետևյալն ասաց.

«Պատերազմ, այսպես թե այնպես, լինելու է, այլ հարց է, թե ինչպես ես մտնելու այդ պատերազմի մեջ, ինչ դիրքերից: Պատերազմից խուսափելու տարբերակը Հայաստանը լուծարելու տարբերակն է: Պատերազմ լինելու է՝ անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից: Ադրբեջանին պետք չի այստեղ Հայաստան, պետք չեն այստեղ հայեր: Հիմա հարց՝ եթե այդ պատերազմը լինելու է, մենք ի՞նչ դիրքերով ենք մտնելու այդ պատերազմ՝ մերկ ու անզե՞ն, թե՞ հակառակը՝ զինված և պատրաստված»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս