«Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է Բաքվի և Երևանի ներկայացուցիչներին բանակցությունների հարթակ տրամադրել՝ նրանց համար ստեղծելով առավելագույն հարմարավետ պայմանները։ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը «հարմարավետության» շեշտադրումը կապում է այն փաստի հետ, որ վերջերս Ալիևն ու Փաշինյանը մերժեցին տետատետ հանդիպումը, ինչը, ըստ նրա, վկայում է այն մասին, որ ի հայտ են եկել Հայաստանի համար ոչ հարմարավետ պայմաններ, և Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին՝ խոստացած քայլերից խուսանավելու կամ այլ հարթակ տեղափոխելու համար:

«Ակնհայտ է, որ արևմտյան թևի ներքո տարվող բանակցությունները և հռետորաբանությունը որևէ լավ բանի մասին չեն հուշում: Այնպես չէ, որ ռուսականը երկնքից նվերներ է մեզ ուղարկելու, բայց հարմարավետությունը կապում եմ հենց այդ փաստի հետ, որ Հայաստանն այսօր հայտնվել է խիստ ճնշված վիճակում: Թե ինչու է հայտնվել, ում սկսած զրոյական կետից և ում վարած զիջողական քաղաքականության արդյունքում, բոլորս տեղյակ ենք, բայց Ռուսաստանը՝ որպես գերտերություն, աշխարհաքաղաքական այս մեծ դասավորումներում կարևորելով Հարավային Կովկասի դերը՝ փորձում է փրկօղակ նետել Հայաստանին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն օգտվում այդ «փրկօղակից», քանի որ մինչև այս պահը չեն արձագանքել ՌԴ առաջարկին, փոխարենը՝ առաջինն արձագանքել է Բաքուն, նա պատասխանեց. «Այստեղ շատ հետաքրքիր ռեալ պոլիտիկ է տեղի ունենում, երբ Հայաստանը փորձում է ցույց տալ, որ իրեն պետք չէ այդ փրկօղակը: Այս իշխանությունների վարած քաղաքականությունը հաշվի առնելով՝ հակված եմ մտածել, որ իրենց իրոք պետք չէ այդ փրկօղակը, և նրանք չեն գիտակցում աղետի աստիճանը, և ինչ-որ ծառեր են տնկում ու պատեր կառուցում: Իսկ Ադրբեջանի արձագանքը վկայում է, որ Ադրբեջանը փորձում է խաղը բերել իր դաշտ: Ադրբեջանն այս պարագայում գրագետ է գործում»:

Կարդացեք նաև

Ըստ Կարապետյանի՝ Հայաստանը հայտնվել է շատ վատ հողմապտույտի մեջ. «Եթե առաջ Ադրբեջանը բոլոր քայլերն օգտագործում էր՝ հակակշռելու Հայաստանի կողմից ներկայացվող պահանջները, ապա հիմա Ադրբեջանի պահանջները հերթական փորձ են հասնելու նրան, ինչ ուզում է պաշտոնական Բաքուն: Ադրբեջանն իր քմահաճույքները հերթով հրամցնում է և չստանալով լուրջ դիմադրություն՝ հասնում հաջողությունների: Ես դրա հետ եմ կապում նաև խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումը, որովհետև այն վավերացնելուց հետո Ադրբեջանի համար դժվարանալու է նորանոր զիջումներ կորզելը: Չեմ ասում՝ անհնար է լինելու, որովհետև, Աստված մի արասցե, եթե այս իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, դեռ շատ աղետալի զիջումների ենք ականատես լինելու, բայց Ադրբեջանի համար դժվարանալու է խաղաղության պայմանագրից հետո զիջումներ պարտադրել:

Մոսկվայում չեն կարողանալու Ադրբեջանին հետ պահել, բայց կարողանալու են զսպել, դանդաղեցնել: Տգեղ բան է ստացվում՝ Հայաստանի փոխարեն՝ խոսում են գերտերությունները, այսինքն՝ անգամ արտահայտվելու և ինքներս մեր ճակատագրին տեր կանգնելու դերակատար չենք: Մոսկվան փորձում է վերադառնալ խաղի մեջ, որ Փաշինյանի թեթև ձեռքով ընդհանրապես դուրս էր մղվել, և բանակցությունները գնում էին այն եվրոպաշտոնյաների ձեռքի տակ, որոնք, ինչպես ցույց տվեցին Եվրապառլամենտի ընտրությունները, անգամ իրենց երկրներում այդպիսի մեծ վստահություն չէին վայելում: Մոսկվան փորձելու է վերադառնալ խաղի մեջ: Թե ինչպես կկարողանանք մեզ ճիշտ պահել, նաև հաշվի առնելով ԱՄՆ նախագահի այս ընտրապայքարում վերադասավորումները, որոնք տեղի են ունենում, բացվել է հնարավորություն: Կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս, չե՞նք կարողանա՝ շանս կունենա Ադրբեջանը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս