Իշխանությունը դեմ է Օկամպոյի առաջարկին՝ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությանը Հայաստան բերելուն և Բաքվին որևէ հարցում հակադրվելուն. Քաղտեխնոլոգ

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն բաց նամակ էր հղել հայերին, որտեղ անդրադարձել է COP-29-ին՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովին և համայն հայության անելիքներին։ Համաժողովն անցկացվելու է նոյեմբերին Բաքվում։

Նա հիշեցրել է՝ շեշտելով, որ հայությունը 1915 թվականի ցեղասպանության մոխիրներից վերածնվածներ են, մարդկային աննահանջ և համառ ոգու վկայությունն են:

«Դուք կարող եք ի ցույց դնել նախագահ Իլհամ Ալիևի հանցանքները, ով շարունակում է թիրախավորել իր քաղաքացիներին Ադրբեջանում և իրագործել է վայրագություններ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ՝ միաժամանակ կեղծավոր կերպով իր երկիրը կլիմայի խնդիրների համաշխարհային քննարկմանը դիրքավորելով՝ որպես առաջնորդ երկիր:

Դուք, ցրված լինելով աշխարհով մեկ, բացառիկ դեր ունեք պաշտպանելու ոչ միայն ձեր ժողովրդին ու ձեր երկիրը, այլև արդարությանն ու շրջակա միջավայրի ամբողջականությանն առնչվող ավելի լայն շահեր: «Մենք կպարտվենք այն օրը, երբ դադարենք պայքարել»՝ ասել են ձեր նախնիները՝ պատգամելով ձեզ տոկունություն: Դուք կարող եք առաջնորդել համաշխարհային շարժում, մասնակից դարձնելով այլ շահագրգիռ համայնքների, և լուծելու երկու օրհասական խնդիր՝ կլիմայի փոփոխության և ցեղասպանության խնդիրները:

Կարդացեք նաև

2023 թվականին Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը շարունակական վտանգի օրինակ է հանդիսանում: Սովահարության մատնելու, ռմբակոծության և վախ ներշնչելու միջոցով Ադրբեջանը հետամուտ եղավ ցեղասպան քաղաքականությանը: Նախագահ Ալիևի ցնցող հայտարարությունը, թե. «Եթե էթնիկ հայերը չլքեն մեր հողերն իրենց կամքով, մենք կվռնդենք նրանց շների պես և հիմա մենք դա ենք անում», արտացոլում է այս դաժան իրականությունը: Բաքվի բանտերում Լեռնային Ղարաբաղի 23 հայերի տևական ազատազրկումը խիստ նախազգուշացում է նրանց, ովքեր կփորձեն վերադառնալ:

Կողմերի 29-րդ համաժողովի ժամանակ Ադրբեջանի հաշտության պայմանագրի առաջարկը դատարկ է ու անիմաստ, եթե հայ պատանդներն ու մյուս քաղբանտարկյալներն անվերապահորեն ազատ չարձակվեն։ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ 2023 թվականի զեկույցում ասվում է, որ այնտեղ տեղի են ունենում «կամայական ձերբակալություններ, և դատական իշխանության անկախության հետ լուրջ խնդիրներ կան», և, հետևաբար՝ արդարությանը հասնելու միակ կենսունակ միջոցը դառնում է հայ գերիների անվերապահ վերադարձը և քաղբանտարկյալների ազատումը:

Հենվելով ժամանակակից տեխնոլոգիաների վրա՝ դուք կարող եք բազմապատկել ձեր ձայները՝ ապահովելով Կլիմայի փոփոխության մասին և Ցեղասպանության մասին կոնվենցիաների գործուն կիրառումը»,- իր հոդվածում գրել է Օկամպոն:

Նա ընդգծել է, որ սատարում է քաղաքացիական շարժման գաղափարը, որը մերժում է երեսպաշտությունը, և պահանջում է իրապես խաղաղ COP 29-ը: Հետևաբար՝ առաջին քայլը՝ միասնական հայկական համայնքի ստեղծումն է, ապա մանրամասն ներկայացրել է, թե ինչպես պետք է իրականացնել մեդիա արշավը՝ «#COP29 #StopGreenwashGenocide նշապիտակներով (հեշթեգ) մեդիա արշավի մեկնարկը, որոնց կարող եք ավելացնել #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners: Սոցիալական մեդիայում այս հեշթեգերով ամենօրյա գրառումները կշրջանառվեն՝ ներգրավելով այլ համայնքներ և գրավելով հիմնական լրատվամիջոցների ուշադրությունը»:

Քաղաքական այս տեխնոլոգիան որքանով կարո՞ղ է ծառայել հայկական շահին, հայկական կողմն ինչպե՞ս կարող է իրականություն դարձնել Օկամպոյի առաջարկները։

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը պատասխանելով նշված հարցերին, պարզաբանեց՝ դրական արդյունք ունենալու համար Լուիս Օկամպոյի առաջարկած քայլերը պետք է իրականացնի ՀՀ իշխանությունը, ինչն իրատեսական չէ։

«Օկամպոն լավ տեխնոլոգիաներ է առաջարկել, սակայն դրանք օգտակար են այն ժամանակ, երբ ցանկություն կա օգտագործել։ Եթե ՀՀ իշխանությունը ցանկություն չունի դա օգտագործելու, դրանք դառնում են անիմաստ։

Օկամպոյի առաջարկած քաղաքական տեխնոլոգիան կոչվում է ճնշման գործադրում։ Ճնշման գործադրման բազմաթիվ տեխնոլոգիաներ կան, որն էլ իր հերթին՝ ունի բազմաթիվ ենթաքայլեր։ Կրկնում եմ՝ ՀՀ իշխանությունը դեմ է Օկամպոյի առաջարկած ընդհանուր քաղաքականությանը, այսինքն՝ Բաքվում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը Հայաստան բերելուն և Բաքվին որևէ հարցում հակադրվելուն։ Բնականաբար, այս դեպքում ճնշման տեխնոլոգիաները չեն կիրառելու»,- նշեց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի մեկնաբանությամբ՝ եթե պետական մակարդակով ճնշման տեխնոլոգիաները չկիրառվեն, ապա որքան էլ հասարակական կազմակերպությունները, անհատները կիրառեն այդ տեխնոլոգիան՝ դրական արդյունք չի կարող լինել։

«Իհարկե, հասարակական կազմակերպությունները, անհատները պետք է անհապաղ կիրառեն ճնշման այդ գործիքները, բայց արդյունքն աննշան կլինի։ Ճնշման տեխնոլոգիաները պետք է կիրառվեն պետության կողմից՝ ժամանակին ու ճիշտ տեղում, ինչը մեր իշխանությունների կողմից չի լինելու՝ պետական մակարդակով Ադրբեջանի վրա ճնշում չի լինելու»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս