
Մինչև դա՝ աշուն կա, գարուն կա, քաղաքական լուրջ զարգացումներ կարող են լինել ՀՀ-ից դուրս, որոնք էապես կարող են ազդել ներքաղաքական գործընթացների վրա․ քաղտեխնոլոգ

2025 թվականի հունիսին իրականացված IRI հարցման համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նոր պատմական մինիմում է արձանագրել. նա այս անգամ սոցհարցման վարկանիշային ցուցակը գլխավորում է 13 տոկոսով։ Ի դեպ, միջազգային հանրապետական ինստիտուտի նախորդ հարցման համեմատ՝ գործադիրի առաջին խոսափողի վարկանիշը նվազել է երեք կետով:
Ըստ հարցման՝ նվազել է նաև ՔՊ-ի վարկանիշը․ եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա այս կուսակցության օգտին կքվեարկեր ընտրողների ընդամենը 17 տոկոսը՝ նախորդ սեպտեմբերին արձանագրված 20 տոկոսի փոխարեն։
Ի դեպ, հարցումների համաձայն, Հայաստանի բնակչության 49 տոկոսը՝ գրեթե կեսը, վստահ է, որ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ, իսկ 36 տոկոսի կարծիքով՝ ճիշտ։
«13, 17 և 36,- 168․am-ի հետ զրույցում ի մի բերելով Փաշինյանի, ՔՊ-ի ու նրանց քաղաքականությունը ճիշտ համարողների վարկանիշը՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը թերահավատորեն մոտեցավ այս հարցմանը՝ նկատելով,- Սոցիոլոգիական հարցումները շատ դեպքերում ուղղված են ոչ այնքան հասարակությունում առկա իրական պատկերը ներկայացնելու, որքան՝ հասարակական կարծիք ձևավորելու։
Նայե՛ք, երբ ասում են՝ վարչապետի վարկանիշը՝ 13 տոկոս, ՔՊ՝ 16 տոկոս, իսկ 36 տոկոսն էլ համարում է, որ ճիշտ ուղղությամբ է գնում, այդ թվերն իրար հետ չեն համընկնում, որովհետև ՔՊ-ն լիդերային կուսակցություն է, իսկ դա նշանակում է, որ ՔՊ-ին ձայն տվողները ձայն են տալիս կուսակցության լիդերին։
Այսինքն՝ ընտրողները ՔՊ-ից կարող է 1-2 հոգու ճանաչեն կամ չճանաչեն։ «Լիդերային» կուսակցության դեպքում չի լինում ցուցանիշ, որ կուսակցության վարկանիշը լիդերի վարկանիշից բարձր է լինում․ գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանից է կախված, թե ՔՊ-ն ընդհանրապես պառլամենտ կմտնի՞, թե՞ չի մտնի, ի՞նչ կազմով կմտնի, և այլն։
Հաջորդը՝ այդ միջազգային ինստիտուտը ներկայացնում է, որ հարցվածների 36 տոկոսը համարում է, թե երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում, հետևաբար՝ նման դեպքում չի կարող վարչապետի վարկանիշը լինել 13 տոկոս, որովհետև այդ «ճիշտ ուղղությամբ» երկիրն առաջնորդում է վարչապետը։ Սա նշանակում է, որ աս ցուցանիշը նույնպես կեղծ է»։
Այս և այլ դիտարկումների համատեքստում քաղտեխնոլոգը հարկ չհամարեց քննարկել՝ արդյո՞ք այս վարկանիշի պարագայում հնարավոր է գործող քաղաքական ուժի վերարտադրությունը։
Եվ, առհասարակ, ըստ նրա՝ նման կանխատեսման համար վաղ է, քանի որ արտաքին քաղաքական հնարավոր իրողությունները կարող են իրավիճակ փոխել։
«Մինչև դա՝ աշուն կա, գարուն կա, քաղաքական լուրջ զարգացումներ կարող են լինել Հայաստանից դուրս, որոնք էապես կարող են ազդել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա,- պարզաբանեց նա, ապա անդրադառնալով հստակեցմանը՝ հնարավո՞ր է՝ պրոցեսները մեկնարկեն մինչև ընտրությունները, նշեց,- Չենք կարող ասել, որովհետև արտաքին քաղաքական լուրջ խնդիրներ կան, հայ-ռուսական հարաբերությունները, Իրանի հետ կապված խնդիր, ՀՀ-ԵՄ հարաբերություններ և այլն, որոնք էապես ազդելու են, քանի որ Հայաստանը գլոբալիստական այդ գործընթացի մաս է կազմում»։
Արմեն Բադալյանն ամփոփելով նկատեց՝ թեև Նիկոլ Փաշինյանն այսօր էլ ունի վստահության մակարդակ, սակայն դա որակապես ու անգամներով ցածր է 2018 թվականին արձանագրած վարկանիշից։