«Բաքուն Հայաստանը ներսից պայթեցնելու ծրագիր է մշակել». Գագիկ Համբարյան
ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկան բանակցություններ, այլ պարզապես Ալիևը հրահանգներ է տալիս, իսկ Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի հրահանգները:
«Նիկոլ Փաշինյանն ամեն գնով պահում է իշխանությանը և իր ստի, կեղծիքի միջոցով փորձում է բոլոր միակողմանի զիջումներն ու պարտությունները հանրությանը ներկայացնել՝ որպես մեծ ձեռքբերում: Այդ անձը պատերազմից հետո հայտարարել է, որ հպարտանում է մեր պարտությամբ: Հայաստանի հետ ոչ ոք ոչինչ չի բանակցում, հատկապես՝ Ադրբեջանի պարագայում: Մնացել էր այդ, որ Ալիևը պետք է բանակցեր Նիկոլի հետ: Ալիևը երբ Նիկոլին հանդիպել է՝ ընդամենն իր պահանջների փաթեթն է տվել ձեռքը, ասել է՝ կգնաս, քո քաղաքականապես տգետ հանրությանն ինչպես ուզում ես՝ կհամոզես, ինձ սա է պետք և պետք է ստանամ: Մենք տեսնում ենք, որ Նիկոլը հիանալի կատարում է Ալիևի բոլոր հրահանգները: Մարդը եկավ, չորսը գյուղը տվեց, ներկայացրեց, որ դա մեր տարածքը չէ: Գնաց այդ գյուղեր, համոզեց մարդկանց, որ հողեր ենք հետ ստանալու, արդյունքում՝ զրո քառակուսի կիլոմետր հետ ստացած տարածք: Խաբեց, թե Բերքաբերի այն տարածքները, որոնք արդեն 30 տարի է՝ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, հետ են վերադառնալու: Չեն վերադառնալու, և ադրբեջանցիները մի միլիմետր հող չեն տալու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Լոնդոնյան այցից հետո Ալիևը հայտարարեց, թե Երևանը պետք է հստակ պատասխան տա՝ ինչպես կարող են ադրբեջանցիները վերադառնալ «իրենց պատմական հողեր»:
Գագիկ Համբարյանի խոսքով՝ Ալիևի այդ խոսույթը նորություն չէ, Ադրբեջանը տևական ժամանակ խոսում է այդ մասին. «2021 թվականի ամռանից և հատկապես՝ 2022թ. սկզբից, ադրբեջանական լրատվամիջոցներում սկսեցին տարածվել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կետերը, այն ժամանակ 7-8 կետ էր, հետո ավելի կրճատվեց՝ 5 կետի վերածվեց, որի ամենակարևոր պահանջներից մեկն այն էր, որ ըստ ադբեջանցիների՝ Հայաստան են վերադառնալու 180-300 հազար ադրբեջանցի: Բաքվում նստած ծրագրում են՝ ինչպես կործանել Հայաստանի Հանրապետությունը, ինչպես այն պայթեցնել ներսից, իսկ երբ ընդդիմությունն այս մասին խոսում է, պրիմիտիվ քայլիստներն ասում են՝ իշմար եք տալիս: Քայլիստների ստորության մակարդակն է՝ սեփական հանցանքներն ուրիշի վրա բարդելը: Հետագայում, Ադրբեջանի կառավարությանը կից ձևավորվեց հանձնաժողով, որը զբաղվում է ՀԽՍՀ ադրբեջանցիների հաշվարկով և նրանց, այսպես կոչված, վերաբնակեցման հարցերով: Արդեն 1.5-2 տարի է՝ այս քաղաքականությունն առաջ է տարվում պաշտոնական Բաքվի կողմից, և ընդամենը պետք էր մեկ զրնգուն հայտարարություն, որը և արեց Ադրբեջանի բռնապետը»:
Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ Ալիևը վաղուց է հայտարարում, որ չկա Հայաստանի Հանրապետություն, կա Արևմտյան Ադրբեջան. «Ադրբեջանում գործում է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերությունը՝ երեք լեզվով, և յուրահատուկ կեղծիքներով լի տեսանյութեր են հրապարակում՝ Հայաստանի տարածքում գտնվող պատմական, կրոնական հուշարձանների վերաբերյալ: Ինձ համար դա բացարձակ նորություն չէ, որ Ադրբեջանի համար ՀՀ-ն գոյություն չունի: Հիմա ադրբեջանցիները պատրաստվում են Հայաստանի Հանրապետությունը պայթեցնել ներսից: Ալիևը պահանջում է օրենքով պաշտպանել ադրբեջանցիների ներքին ինքնավարությունը: Նա միայն չի պահանջելու, որ 180-300 հազար ադրբեջանցի գա և բնակվի ՀՀ-ում, այլ ասում է, որ պետք է նրանց համար ներքին ինքնավարություն ապահովվի: Ադրբեջանի նախագահն ասում է, որ Հայաստանում պետք է տեղակայվեն խաղաղապահներ, ովքեր պետք է լինեն տարածաշրջանի երկրի ներկայացուցիչներ, և արդեն պարզ է, որ Թուրքիայի մասին է խոսքը, որը պետք է ապահովի ադրբեջանցիների ֆիզիկական անվտանգությունը՝ իրենց «պատմական հայրենիքում»: Արցախի Հանրապետության տարածքում փոխում են տեղանունները, իսկ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարում է՝ «շան լեզվով գրված տեղանունները փոխում ենք»»:
Գագիկ Համբարյանը շեշտեց՝ պետք է խոսվի ոչ միայն Արցախից տեղահանված 150 հազար քաղաքացիների, այլև 1988-90 թվականներին Ադրբեջանը լքած 350 հազար հայերի և նրանց սերունդների մասին, որոնք, տարբեր տվյալներով, Ադրբեջանում թողել են 72 հազար բնակարան: «Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն բարձրաձայնում այն փաստը, որ 1988-89 թվականներին ՀՀ-ն լքած ադրբեջանցիները, որոնց թիվն ըստ 1989 թվականի մարդահամարի տվյալների՝ 168 հազար է, չեն կարող համարվել փախստական Հայաստանից, որովհետև նախ՝ շատերն իրենց տները վաճառել են, կան առքուվաճառքի պայմանագրեր, որի դիմաց ստացել են գումար: Երկրորդ՝ այն անձինք, ովքեր չեն էլ վաճառել, 1990-91թթ., երբ գոյություն է ունեցել ԽՍՀՄ-ը և ԽՍՀՄ հանրապետությունների բյուջեները հաստատվել են Մոսկվայում, Խորհրդային Հայաստանի բյուջեից 110 մլն ամերիկյան դոլարի չափ կոմպենսացիա է տրամադրվել այն բոլոր ադրբեջանցիներին, ովքեր լքել են ՀԽՍՀ տարածքը՝ չվաճառելով իրենց բնակարանները: Փաստաթղթեր կան դրանց վերաբերյալ:
Ադրբեջանում ապրած 350 հազար հայերից 200-250 հազարը ապրել է Բաքվում, այսինքն՝ նրանք քաղաքային մշակույթ կրող են, բարձրագույն կրթությամբ, լավ տներով: Հայերը հիմնականում ապրել են խոշոր քաղաքներում: Ադրբեջանցիները Հայաստանում հիմնականում ապրել են գյուղերում՝ Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանում, նրանց տները նույնիսկ հատակ չունեն, հողի վրա են ապրել»:
Պատմաբանը նկատեց՝ միջազգային հանրությունը մշտապես հարգել և հարգում է հաղթողին, սեփական իրավունքներն ամեն գնով պաշտպանողին.
«Մենք շատ փոքր ենք, որ փոխենք միջազգային հանրությանը: Միջազգային հանրության վրա հույս դնելն ինքաոչնչացման գնալ է»: