«Սրանք անաստված են. լկտիություն է աղոթքին քմծիծաղով վերաբերվելը. այդ տեսակին պետք է հաղթել». Դավիթ Սահակյանց

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը մասնակցել է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ բոլոր շարժումներին և այն կարծիքին է, որ մինչ օրս եղած բոլոր շարժումները հայրենիք ունենալու և ինքնության համար գլոբալ պայքարի մասնիկներն են:

««Սրբազան շարժումը» շատ լավ և անսպասելի սկսվեց. Ոչ ոք չէր պատկերացնում, որ այդպես ուժգին կլինի: Ինքս հաճելիորեն զարմացած էի, երբ մայիսի 9-ին այդ քանակի մարդ եկավ հրապարակ՝ աջակցելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը: Բայց ներքին քաղաքականության մեջ ինչ-որ բաներ են կատարվում, գուցե պայմանավորվածություններ կան արտաքին խաղացողների հետ, որոնք դեռ թույլ չեն տալիս վերջնական հաղթել: Ես շարունակում եմ վստահել սրբազանին, ծանոթ եմ իրեն մինչև «Սրբազան շարժումը», և այն գաղափարները, որոնք կրում է այդ մարդը, ինձ շատ հոգեհարազատ են, և կարող եմ վստահ ասել, որ այսօր մենք այլընտրանք չունենք, քան Բագրատ Սրբազանն է: Ժամանակը ցույց է տվել, որ ուրիշ որևէ մեկը հնարավորություն չունի ուղղորդել այդ քանակի մարդկանց, ինչպես դա արեց Բագրատ Սրբազանը: Մենք սիրում ենք արագ արդյունք տեսնել, բայց պետք է զինվել համբերությամբ և հետևել այն պրոցեսներին, որոնք կատարվում են:

Շատ լուրջ պրոցեսներ են կատարվում, որոնք չեն կարող արձագանք չունենալ մեր իրավիճակին, մասնավորապես, եվրոպական ինստիտուտները, բորելները, մակրոնները և բոլոր այն մարդիկ, ովքեր քարտ-բլանշ են տվել Փաշինյանին՝ ամեն ինչ անելու համար: Մենք չենք կարող անտեսել այդ խոշոր խաղացողներին, շատ փոքր մասնիկ ենք այս դաժան ժամանակներում, դրա համար պետք է դա էլ հաշվի առնել և սպասել փոփոխություններին: Ես հույս ունեմ, որ Բագրատ Սրբազանը կհաջողի, նա այս էտապում գիտի՝ ինչ է անում: Միգուցե ինչ-որ սխալներ եղել են, բայց այս էտապում կարևոր են այն հանդիպումները, որոնք մարզերում տեղ են ունենում, մարդիկ իրականում արթնանում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

Դավիթ Սահակյանցի խոսքով՝ գործող իշխանությունները վախենում են. «Այս 5 տարիների ընթացքում միակ ուժեղ գործոնը վախն է, բայց կարող եմ իրենց զգուշացնել, որ շատ վտանգավոր է իրենց համար: Վախը կարող է կործանել իրենց, իսկ նրանք այսօր ուղղորդվում են միմիայն վախով: Բոլոր ֆրոնտներով նրանք այսօր խնդիր ունեն»:

Անդրադառնալով արևմտյան գնահատականներին՝ Հայաստանում ժողովրդավարության, գործող իշխանության դեմ կազմակերպված տարբեր շարժումների ժամանակ ոստիկանների գործողությունների վերաբերյալ, նա ընդգծեց. «Հերթական լկտիությունն է, երկակի ստանդարտների դրսևորում է: Առաջին դեպքը չէ: Գեներալ Սամոսան սահմաններն անցած անձնավորություն էր, որին տանիք էր կանգնել ԱՄՆ-ը, և նրանք հայտարարեցին՝ «…сукин сын, но это наш сукин сын». Այսինքն՝ իրենք նույն ձևով հասկանում են, որ այսօր Հայաստանում կա մի «сукин сын», բայց դա իրենց «сукин сын»-ն է, և պետք է ամեն կերպ աջակցեն: Նրանք հայտարարել են, որ՝ այո, դաժան բաներ են կատարվում, բայց ավելի դաժան է, եթե Հայաստանում հայտնվեն պրոռուսական ուժեր: Դրա մասին Բագրատ Սրբազանն ասաց իր հարցազրույցներից մեկում: Արևմուտքի համար մեկ է՝ կդառնանք Ուկրաինա՞, թե՞ Պաղեստին, կարևորը՝ իրենք իրենց պլաններն իրականացնեն»:

Սահակյանցի խոսքով՝ Հայաստանի գործող իշխանություններն անաստված են. «Նրանք աստված չունեն, չունեն եկեղեցի, գլոբալիստական աշխարհի մի փոքր մասնիկ են, որտեղ չկա Աստված, չկա հավատ, չկա բարոյականություն, ամեն ինչ թույլատրելի է, կարմիր գծեր չկան: Այն հայտարարությունը, որ նրանք իզմ-եր չունեն, հենց դրա մասին է, այսինքն՝ դու չունես որևէ կարմիր գիծ, որևէ սահման ինքդ քեզ համար չես սահմանում: Նրանք այսօր իրենց աղանդն են ստեղծել, նույնիսկ կարող են մրցել ցանկացած կրոնական աղանդի հետ՝ իրենց նիկոլական աղանդով: Իսկ մյուս աղանդներն իրենց համար գործիք են: Հենց պետք է լինում՝ սեղմում են այդ մարդկանց ցավոտ կետերին, որոնք կօգնեն նրանց բերել իրենց կողմ: Բայց այդ մարդիկ վերջնական ապուշ չեն, և հիմա շատ դժվար կլինի իրենց այն քանակը հավաքել, ինչ հավաքել էին 2018-ին, երբ շատ մեծ մասնակցություն կար հենց աղանդավորների կողմից: Դրա համար նրանք իրենց աղանդն են ստեղծել, գումարած՝ իրենց աղանդին ծառայող ոստիկանություն, որը պատրաստ է ամեն ինչի, և դա նրանք ապացուցեցին»:

Նա ընդգծեց՝ իսկապես հավատում է հասարակության արթնացմանը. ««Սրբազան պայքարի» հաջողելը գլոբալիզացիայի պարտության սկիզբը կարող է լինել ամբողջ աշխարհում: Եթե աշխարհի մի քանի օջախներում հոգևորն իսկապես հաղթի սպառողական մտածելակերպին, մարդկությունը շանս կունենա փրկվելու: Այստեղ խոսքը միայն մեր կամ Բագրատ Սրբազանի մասին չէ, որովհետև գուցե հիմա պայքարը չհաջողի, բայց մի քանի տարի հետո այլ մարդիկ գան և փորձեն արժեհամակարգային փոփոխություն կատարել, այսինքն՝ այն, ինչ այսօր անում է Բագրատ Սրբազանը: Ես հավատում եմ, որ հասարակության զարթոնքը լինելու է: Սրբազան պայքարի հաղթանակը կարող է շատ լուրջ արձագանք ունենալ ամբողջ աշխարհում: Արտաքին ուժերը ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ: Այլ մարդիկ էլ կտեսնեն, որ այս դաժան դարում, երբ մարդիկ խեղդվում են մեղքի մեջ, հոգևորը կարող է փրկել մեզ: Որ մարդիկ աղոթքի ժամանակ չքմծիծաղեն, ինչպես Ժաննա Անդրեասյանն է իրեն թույլ տալիս: Դու կարող ես հավատացյալ չլինել, բայց դա լկտիություն է, երբ քմծիծաղով ես վերաբերվում մարդկանց աղոթքին: Այդ որակին պետք է հաղթել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս