Շարլ Միշելի այս հայտարարությունը «ինքնախոստովանություն» է… Ի՞նչ է նշանակում Երևանին ու Բաքվին թողնել դեմ առ դեմ. Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ես ձգտել եմ ամեն ինչ անել Եվրամիության անունից, որպեսզի նպաստեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությանը, Լոնդոնում տեղի ունեցող Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության շրջանակում հայտարարել է Եվրոպական Խորհրդի հեռացող նախագահ Շարլ Միշելը:
Իրականում, Շարլ Միշելի այս հայտարարությունը «ինքնախոստովանություն» է: Ինքնախոստովանություն, որովհետեւ նա փաստորեն 2021 թվականի դեկտեմբերից միջնորդական նախաձեռնությամբ մտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի «միջեւ», փաստորեն լուծել է ոչ թե արդյունավետ միջնորդության խնդիր, այլ՝ Հայաստանին ու Ադրբեջանի դե յուրե դեմ առ դեմ թողնելու հարց:
Ի՞նչ է նշանակում Երևանին ու Բաքվին թողնել դեմ առ դեմ, այսպես ասած ուղիղ երկխոսության: Դա նշանակում է Բաքվին տալ հնարավորինս աննարգել ուժի գործոնը շահարկելու, խաղարկելու, շանտաժելու առավել պատեհ հնարավորություն, առավել հարմարավետ միջավայր:
Որովհետեւ, երբ կա ուժերի խիստ անհավասարակշռությամբ երկու կողմ՝ մեկը հաղթած, մյուսը ծանր պարտություն կրած, ապա մեղմ ասած «ոզնուն էլ պարզ» է, որ այդ երկու խիստ ապահավասարակշռված կողմերին թողնելով միմյանց դեմ, ուժեղ կողմին տրվում է իր ուժի միջոցով պայման թելադրելու հնարավորություն:
Միջնորդի արժեքը այդ դեպքում առաջին հերթին հենց հավասարակշռություն ապահովելն է: Բայց, դա ենթադրում է նաեւ պատասխանատվություն: Միշելը, ինչպես ինքն է ասում՝ ԵՄ անունից ջանք գործադրելով Բաքվու ու Երեւանի ուղիղ երկխոսության, ըստ էության, մի կողմից ապահովելով Եվրամիության մուտք հայ-ադրբեջանական կոնֆլիկտ, իսկ դրա միջոցով նաեւ քաղաքական ավելի մեծ ներկայություն Կովկասում, մյուս կողմից ընդամենը Եվրամիությանն ազատել է Բաքվի շանտաժի համար ուղիղ պատասխանատվությունից»: