Մասնագետները՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի նամակի իրական հասցեատերերի ու պատճառների մասին․ Ինչո՞ւ է ՀՀ-ից ՌԴ մատակարարվող պտուղ-բանջարեղենի վրա սահմանափակում կիրառվել

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կողմից Հայաստանից արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս խմբաքանակներում խախտումների արձնագրումն ու ժամանակավոր սահմանափակումներ կիրառելու որոշումը հայաստանյան հանրային շրջանակները տարբեր կերպ մեկնաբանեցին՝ չբացառելով քաղաքական համատեքստը։

Մինչդեռ մի քանի մասնագետներ ռուսական կողմի այս որոշումը պայմանավորում են հայաստանյան պատկան մարմինների անհետևողական քաղաքականությամբ՝ նկատառմամբ, որ ըստ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կարմազինի կողմից Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Հայրապետյանին ուղղված հուլիսի 4-ի նամակի՝ խնդիրների համապատասխան խախտումների մասին հայկական կողմին տեղյակ է պահվել դեռ հունիս ամսին։

Ի դեպ, շրջանառվող նամակում ասվում էր․ «Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանվող պտուղ-բանջարեղենային (խնձոր, լոլիկ) արտադրանքում 2024 թվականի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակի գերազանցման 8 նոր դեպք»։

 «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին ու դրա մասին նաև քաղաքական ենթադրություններին, մասնավորապես նշեց․ «Չունեմ իրական պատկերացում հայ-ռուսական հարաբերությունների մասին․ այսինքն, չունեմ գնահատական՝ հայ-ռուսական հարաբերությունները լարվա՞ծ են, թե՞ լարվածության իմիտացիա է ստեղծվում, բայց կա փաստ, որ հանրային ընկալման մեջ հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ կա բարձր էմոցիոնալ ֆոն։ Այս տեսանկյունից միշտ խնդիրը կարելի է դիտարկել հարաբերությունների ու էմոցիոնալ ֆոնի վրա։

Կարդացեք նաև

Բայց կան այլ հարցեր՝ արդյո՞ք եղել են դեպքեր, երբ հայկական կողմն իրականացրել է պտուղ-բանջարեղենի մոնիտորինգ և գտել այն, ինչի մասին այսօր խոսում է ռուսական կողմը, այո՛, եղել են, արդյո՞ք բոլոր կազմակերպություններն են․ ո՛չ, արդյո՞ք գրության մեջ հղում է արվում հանգամանքին, որ ռուսական կողմի գրությունը հայկական կողմը թողել է անպատասխան․ այո՛։

Միայն այն հիմքով, որ գրությունը մնացել է անպատասխան, կարող էին ասել՝ ժամանակավոր կփակենք»։

Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ վերջին մանրամասները բավարար են հարցը քաղաքական տիրույթում չդիտարկելու համար։ Նա հստակեցրեց, որ ըստ գրագրության՝ խնդիրը հայկական կողմ է տեղափոխված եղել դեռ ամիսներ առաջ։

«Ասել են՝ խնդրում ենք, ուսումնասիրեք, տեղեկացրեք․ չեն ուսումնասիրել, չեն տեղեկացրել»,- գրությունը մեջբերեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավարը։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը ևս հակված է այն տեսակետին, որ խնդիրը հայկական կողմի անհետևողական քաղաքականության հետևանքն է։

«Նախապես զգուշացվել է, բայց ոչ միայն հետևողական չեն եղել, այլև համապատասխան գործընթաց կա, ինչը պետք է ապահովեին, ապա համապատասխան փաստաթղթով հավաստիացնեին, որ խնդիրն արդեն չկա, ու սահմանային կետերում այդ հսկողությունը կարգավորվեր,- նշեց Աշոտ Հարությունյանը՝ սա չհամարելով միայն ՍԱՏՄ խնդիրը,- Եթե ՍԱՏՄ-ն այդ պրոցեսն անմիջապես իրականացնողն է, ապա ՍԱՏՄ-ին էլ վերահսկող կա՝ Կառավարությունը։ Այսինքն՝ եթե անգամ ՍԱՏՄ-ն բաց է թողել, բա մյուս գերատեսչականնե՞րը։

Միշտ ասում ենք՝ խնդիրներ են առաջանալու որակական, չկան տեսչական մարմիններ, չկա վերահսկողություն․ նույնիսկ, եթե ընդունենք, որ փաստաթղթերով արվել է վերահսկողություն, իսկ ագրոքիմիկատների չթույլատրվող քանակությունը ո՞վ պետք է վերահսկի։ Մասնագետներ են պետք, նմուշառում, լաբորատորիաներ. համակարգի խնդիր է»։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը թերահավատ է պաշտոնական տարբեր ցուցանիշների նկատմամբ, այդ թվում՝ օրերս Էկոնոմիկայի փոխնախարարի հրապարակած տվյալների, ըստ որոնց՝ 2024-ին արդեն ՀՀ-ից արտահանվել է 62 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։

«Մեծ-մեծ խոսում են, թե արտահանել են շուրջ 60 հազարից ավելի տոննա պտուղ-բանջարեղեն, բայց երբ խոսում ենք Լարսի անցակետի թողունակության խնդիրների մասին, այս և այլ հարցերի մասին, պարզ է դառնում, որ չի կարող այդքան պտուղ-բանջարեղեն արտահանվել։ Թիվ է՝ կրակում են։ Ընդ որում, նկատենք, որ ըստ իրենց տվյալների՝ անցյալ ամբողջ տարին արտահանվել է շուրջ 133 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ այս տարի, երբ բերքը թույլ է, ու անգամ, եթե ծիրանի ուռճացրած թիվ են հնչեցրել, միևնույն է՝ հնարավոր չէր այդքան պտուղ-բանջարեղեն արտահանել»,- հավելեց Աշոտ Հարությունյանը։

Մասնագետը վստահեցնում է՝ թվերի ուռճացումը պաշտոնական վիճակագրության մեջ գերազանցությամբ ներկայանալու համար է արվում, որպեսզի «ապահովվի» գյուղատնտեսության աճը, ինչը մի քանի տարի շարունակ ոչ միայն չկա, այլև ոլորտում հետընթաց է արձանագրվում։

Քանի որ այս քննադատությունների ծիրում նաև ՍԱՏՄ-ն էր, փորձեցինք պաշտոնական մեկնաբանություն լսել նաև այս կառույցից․ տեսչական մարմնից մեզ փոխանցեցին, որ շուտով համապատասխան հաղորդագրությամբ կանդրադառնան թեմային։

Տեսանյութեր

Լրահոս