««Զանգեզուրի միջանցքի» բացումը Հայաստանի համար կյանքի սպառնալիք է». Ստասյա Բուձիշ

Հարավային Կովկասում իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը հաղթել է պատերազմում, և այս պահին խաղաքարտերը նրա օգտին են: Ադրբեջանը կգնա խաղաղության, բայց իր պայմաններով: 50-50 է՝ խաղաղություն կլինի, թե ոչ, բայց այս պահին ոչ ոքի պատերազմ պետք չէ Հարավային Կովկասում: Դիտարկելով այն, ինչ կատարվում է, ապա այո, կարող է խաղաղություն լինել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Կովկասի և Արևելյան Եվրոպայի հարցերով զբաղվող  լրագրող Ստասյա Բուձիշը (Լեհաստան):

Ըստ նրա՝ արևմտյան երկրները Հայաստանում իսկապես առավել ակտիվացել են, բայց ակնհայտորեն, որևէ մեկը չի ցանկանում երաշխավոր լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրին. «Նայեք ձեր հայ քաղաքական գործիչների գործողություններին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Արևմուտքի հետ մերձեցման ուղղությամբ: Իրականում, այս պահին թվում է, որ Հայաստանն Արևմուտքին ամենամոտ երկիրն է՝ գործնականում չհաշված Վրաստանին, որովհետև այնտեղ նույնպես մեծ փոփոխություններ են տեղի ունենում:

Բնականաբար, Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, չնայած՝ վարչապետ Փաշինյանն ասում է, որ շուտով ՀԱՊԿ անդամ չի լինելու, բաց երբեք ժամկետներ չի նշում: Մյուս կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի փոխազդեցությունները նույնպես շատ ուժեղ են, բոլորս այդ մասին շատ լավ գիտենք: Իհարկե, բնականաբար, օգոստոսի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանից պետք է դուրս գան ռուս սահմանապահները, բայց ամեն դեպքում Իրանի և Թուրքիայի հետ սահմանին նրանք մնում են: Սա նույնպես գործոն է, որը պետք է հաշվի առնել: Մյուս կողմից՝ կա ԵՄ ժամանակավոր առաքելությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին: Բայց տվյալ պահին ասել, թե ով ձեռքը կպահի այդ խաղաղության համաձայնագրի վրա՝ որպես երրորդ երկիր, իրականում դեռ վերջնական հայտնի չէ: Դրա համար պատասխան չունեմ, թե ինչու նույն ԱՄՆ-ը ամեն ինչ չի անում, որ ինքը լինի այդ երկիրը»:

Լրագրողը նկատեց՝ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող տարբեր վերլուծաբաններ նշում են, որ մինչ ԱՄՆ ընտրությունները պետք է Հայաստանի և Ադրբեջանի մեջ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի. «Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության համաձայնագրին, դա կլինի՞, թե՞ ոչ, դեռ հայտնի չէ: Իհարկե, ձեր երկրի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի ունեցավ Վաշինգտոնում, որը կարևոր է, բայց դեռ այնտեղ որևէ թուղթ չի ստորագրվել: Երկրորդ՝ ամենակարևորն այն է, որ հանդիպեն Փաշինյանն ու Ալիևը՝ ինչ-որ թղթի շուրջ խոսակցության հիմքով»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Թուրքիայի ակտիվությանը տարածաշրջանում, Ստասյա Բուձիշը հետևյալն ասաց. «Բոլորին հայտնի է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը բավականին կարևոր է: Թուրքիան մշտապես խոսում է այն մասին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կվերականգնվեն, երբ Հայաստանն իր պայմանավորվածությունները կատարի Ադրբեջանի հետ: Ի՞նչ է դա նշանակում, ժամանակը ցույց կտա, բայց բոլորս գիտենք, որ գործնականում Զանգեզուրի միջանցքի բացումը Հայաստանի համար կյանքի սպառնալիք է: Բայց թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի համար դա կարևոր հարց է»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հակաարևմտյան քայլերին, օրինակ՝ Չինաստանի հետ հռչակագիր ստորագրելուն, նա նկատեց, որ Չինաստանը նման հռչակագրեր շատ երկրների հետ է ստորագրել, այդ թվում՝ արևմտյան կողմնորոշման երկիր համարվող Վրաստանի հետ. «Բոլորը հասկանում են, որ Ադրբեջանում ավտորիտարիզմ է, Ադրբեջանը շատ հաճախ է ասում, որ չի ցանկանում՝ որևէ մեկը նրա ներքին գործերին խառնվի, և իսկապես Չինաստանն այդ պլանում որևէ բան չի անում, իսկ Արևմուտքն անում է: Եվ այստեղ պարզ է, որ հարցը, այսպես կոչված, կենտրոնական միջանցքի մասին է, որտեղ ներգրավված է նաև Վրաստանը, և պետք է սպասել, տեսնել՝ իրավիճակն այդտեղ ինչպես է զարգանում: Արևմուտքը, իսկապես, չի արձագանքում, բայց Ադրբեջանի կողմից Արևմուտքի հանդեպ այդ ուղղությամբ պարտավորություններ չկան էլ:

Չինաստանի ակտիվացումը տարածաշրջանում, իհարկե, սպառնալիք պարունակում է Արևմուտքի համար: Այն, ինչ կատարվում է Վրաստանում, երբ որոշ ենթակառուցվածքներ կախված են Չինաստանից, բնականաբար, այո, սպառնալիք է: Դա որոշակի մրցակցություն է ԱՄՆ-ի համար, բայց դարձյալ տեսնենք՝ իրադրությունն ինչպես կզարգանա: Open Caucasus Media-ն հոդված էր հրապարակել, որ Չինաստանը հանդես է եկել այն պահանջով, որ 10 չինական ընկերություն բացվի Ղարաբաղի տարածքում: Դա նույնպես հետաքրքիր է, բայց դարձյալ ամեն ինչ չէ, որ պարզ է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս