Դատական շոուների զոհերը. ինչո՞ւ կարվեցին Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առնչվող քրեական վարույթները, ինչո՞ւ այլևս պետք չէ Աննա Դանիբեկյանը

ԱՄՆ պետական դեպարտամենտի և «Ֆրիդոմ հաուզի» պորտը տեղը դնելուց հետո Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ներկայացվում է հերթական բազմավեկտոր ներկայացումը՝ «Կարեն Անդրեասյան Փրոդաքշըն»-ի սցենարով:

Հիմա էլ ԲԴԽ նախագահը որոշել է «Քոչարյանի գործով» դատավորին մատաղ անել իր համար մի քանի հարց լուծելու համար, հատկապես, որ գործի ավարտից հետո այդ դատավորի կարիքն առանձնապես չի զգացվելու:

168.amօրերս իր ընթերցողներին ներկայացրել էր այդ գործով դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների զարգացման խրոնիկան, որի հանգուցալուծումը կլինի վաղը, և ամենայն հավանականությամբ, նրա լիազորությունները կդադարեցվեն: Թերևս Աննա Դանիբեկյանը չի ունենա քաջություն՝ հրապարակել իր ձեռքի տակ եղած ձայնագրություններն այն մասին, թե ինչպես էին Մարտի 1-ի գործով դատավարության ժամանակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ճնշում իրեն, ինչ հրահանգներ ու ցուցումներ էր նա ստանում: Արդյունքը կլինի այն, որ վերջինս հավանաբար կզրկվի դատավորի պատմուճանից:

Կարդացեք նաև

Պարզ է, որ Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչներ Սեդա Սաֆարյանին ու Տիգրան Եգորյանին ներգրավելը և տուժողի իրավահաջորդների ներկայությունը դատարանի դահլիճում սոսկ նպատակ ուներ ապահովել մի քանի տարվա շոու, իբր թե Մարտի 1-ի գործ է քննվում: Չստացվեց… Դատավարական հակառակորդների կշիռը համեմատելի չէր:

Բնականաբար, դատախազությունը հարմարվում էր «Մարտի 1-ը բացահայտված է»՝ Նիկոլ Փաշինյանի ականջահաճո հայտարարությանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ու գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով դատարանում մեղադրանք էր պաշտպանում:

Դատախազությունը չէր էլ ցանկանում հիշել, որ Մարտի 1-ի դեպքերով համանման մեղադրանքով հարուցված քրեական գործերը դատախազության նախաձեռնությամբ կարճվել էին, այդ թվում՝ նաև Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ քրեական գործը: Դրանք կարճվել էին նաև այդ ժամանակ դատախազի պաշտոն զբաղեցրած և «7-ի գործով» մեղադրանք պաշտպանող Լիլիթ Թադևոսյանի մասնակցությամբ գործերով, ով այս պահին զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը և Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով փորձում է օգնել դատախազությանն ինչ-որ մի ձևով կրկին Երկրորդ նախագահի վերաբերյալ ասպարեզում ունենալ քրեական գործ:

Հիշեցնենք, որ Դատախազության անհաջող փորձից հետո հիմա էլ Վճռաբեկն է փորձում իրավունք ստանալ վերաորակել Ռոբերտ Քոչարյանի արարքը:

Այդ պահի համար կարևոր էր, որ մամուլում լինեին Մարտի 1-ի գործով դատավարության վերնագրերով նյութեր և Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի լուսանկարները, որ ընտրողները տեսնեին, թե ինչպես է «ժողվարչապետը» կատարում նախընտրական իր խոստումները, և ինչպես է լուծելու մարտի 1-ի դեպքերով տուժածների վրեժը՝ անկախ այն հանգամանքից, որ Մարտի 1-ի գլխավոր պատասխանատուներից մեկը, ըստ էության, նաև ինքն է:

Սակայն հաջողված քաղաքական շոուն չէր կարող վերածվել հաջողված իրավական շոուի, քանի որ իրավաբանությունն ունի իր կանոնները, և «իրավունք» կատեգորիան չի տեղավորվում շոու երևույթի մեջ, և շատ կարևոր է, որ այս պահին Հայաստանի դատարաններում գտնվող քաղաքական դատավարության բոլոր մասնակիցները դա ի նկատի ունենան:

Միջին որակավորում ունեցող իրավաբանի համար էլ պարզ էր, որ, այսպես կոչված, Մարտի 1-ի գործով Սահմանադրական դատարանի որոշումը փրկօղակ էր՝ ինչպես դատախազական և քննչական մարմինների համար, այնպես էլ՝ դատարանի համար, որովհետև ինչպես ցույց է տալիս դեպքերի զարգացումը, այդ գործի ձախողման համար ամենահարմար թեկնածուն դատավորն է. չէ՞ որ քննիչներն ու դատախազները ոստիկանության հետ միասին դեռ պետք է խաղաղ հավաքների մասնակիցների գործեր ուղարկեն դատարան, իսկ նրանց ծեծի ենթարկած ոստիկաններին փրկեն քրեական պատասխանատվությունից:

Բայց Նիկոլ Փաշինյանն իր ձախողումն էլ պետք է շոու սարքեր, և Հակակոռուպցիոն կոմիտեում դատավճիռների բացակայության հետ կապված դժգոհություններից հետո ասպարեզ է գալիս ցածրորակ, ширпотреб կինոների սիրահար, բայց այս թեմայի հետ կապ չունեցող ԲԴԽ նախագահը, որը Փաշինյանին քրեական գործեր զեկուցող կոնկրետ անձանց թեթև ձեռքով իշխանական բուրգի ղեկավարի կողմից կարգվել էր «մեղավոր»: Դա էր պատճառը, որ դատարանների անկախությունն ապահովող պրոդյուսերը փոխանակ զբաղվեր սահմանադրական իր առաքելությամբ և ապահովեր դատարանի անկախությունը, իր աշխատակազմի միջոցով, պետական բյուջեի հաշվին կինո նկարահանեց` առաջարկելով ընկերոջը՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, կարգապահական վարույթներ հարուցել: Իսկ արդարադատության նախարարն էլ փողերի լվացման կանոններով տեսանյութի «լվացք արեց», և պարզվեց, որ նախարարը ԲԴԽ-ի դեպարտամենտի մամլո խոսնակների կինոն տեսել է «Iravaban.net» կայքում, ոչ թե դատական իշխանության կայքէջով կամ ալիքներով:

Դատավարության ժամանակագրությունը ցույց է տալիս, որ դրա ժամանակ դատարանի ու դատախազության գործողությունները սինխրոն էին, ուղղակի դատարանը երբեմն նաև պաշտպանական կողմի միջնորդություններն էր հիմնավոր դիտում: Այնպես որ, ո՛չ դատախազությունն է բողոքել, և ո՛չ էլ այդ ժամանակվա ԲԴԽ նախագահներն են անհանգստացել դատական հնարավոր սցենարների համար:

Իհարկե, քրեական իրավունքին քիչ թե շատ առնչվող անկողմնակալ իրավաբանը վստահաբար կասեր, որ իրենց մեղսագրվող արարքներով թե՛ ՀՀ երկրորդ, և թե՛ ՀՀ երրորդ նահագահը չէին կարող քրեական օրենսգրքի կաշառքի սուբյեկտ լինել՝ այն պարզ պատճառով, որ ո՛չ բենզինի տենդեր կարող էին նվիրել, և ո՛չ էլ հանքային լիցենզիա տալ, որովհետև դա նրանց լիազորությունների ու իրավասությունների մեջ չէր մտնում, բայց դա «ժողվարչապետի» ընտրողներին չէր հետաքրքրում, իսկ իրավապահներն էլ «ժողովրդի հետ պայմանավորված» արդարադատություն էին իրականացնում, բացի այդ, կաշառքը շոուի համար ավելի հարմար է:

 Զարմանալի չի, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին անպարտ ճանաչելու դատավճռից հետո Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը լրագրողներին ասաց, որ իրենք համոզված էին ՀՀ երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքում՝ առանց գոնե մի փոքր մտածելու, որ երևի թե մեղադրանքը պետք է հիմնավորված լինի ապացույցներով և ոչ թե՝ համոզմունքով ու պատկերացումներով:

Բոլոր դեպքերում անիմաստ և անհեռանկար քրեական գործով իր առաքելությունն ավարտած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը, բացի քաղաքական շոու ապահովելուց, ունի նաև դատավորներին ուղղված այլ մեսիջներ:

Մասնավորապես, դատավորները պետք է հասկանան, որ պետք է պետականացվեն Գրողների և Նկարիչների միության շենքերը, պիտի ապօրինի ծագում ունեցող գույքերի գործերով ինչքան հնարավոր է շատ գույքի բռնագանձում ցույց տալ՝ անկախ նրանից, թե հետո ինչ հետևանքներ կառաջանան երկրի համար, քրեական գործերով որպես օրենք պետք է ընդունել դատախազի ասածները, իսկ Եվրադատարանով փաստաբանների սպառնալիքներն առաջիկա տարիների թեմա չեն, բացի այդ, եվրոպական իրավապաշտպան մարմինների վարքագիծն իշխանությունների մոտ բավականին մեծ հույսեր է առաջացնում:

Սակայն դատավորին զոհաբերելով՝ կոռուպցիայի դեմ «պայքարող» նախկին ՄԻՊ-ը ցանկանում է անվերապահ մեսիջ տալ, որ չնայած այն հանգամանքին, որ քրեական արդարադատության ոլորտում, ի հեճուկս «ժողվարչապետի» մտերիմ փաստաբանների, արգելված է Մարտի 1-ի գործերով ՄԻԵԴ-ի վճիռներով կարգապահական վարույթներ հարուցելը (վճիռների ճնշող մասը վերաբերում է քրեական գործերի մինչդատական վարույթին, որտեղ ուղղակի կապված են ոստիկանների, քննիչների և դատախազների հետ.- Գ.Ս.), սակայն միայն դատախազների և Վճռաբեկ դատարանի նախագահի հետ մտերմաբար շփվելը դեռևս երաշխիք չէ կարգապահական պատասխանատվությունից խուսափելու համար, և խնդիրներ չունենալու համար պետք է մի քիչ էլ իր հետ հաշվի նստել:

Ուղղակի խնդիրն այն է, որ Կարեն Անդրեասյանի հետ շփումներ ունեցողները խորհուրդ չեն տալիս հույս դնել հեքիաթասացի վրա, բոլոր դեպքերում առավելագույնս զերծ մնալ իրավական շոուների մասնակցելուց և ապավինել օրենքին` անկախ դրա հետևանքներից:

Տեսանյութեր

Լրահոս