Պայթյունավտանգ իրավիճակ՝ թվացյալ հանգստության պայմաններում

Հուլիսի 10-ին «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ-ն հրապարակել է հերթական սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք, ի թիվս այլ իրողությունների, կրկին բացահայտում են պետության ու հայաստանյան քաղաքական դաշտի տխուր վիճակի խորքային պատճառները։ Այս հարցումներն ընդհանուր առմամբ տալիս են բոլոր շրջանակներում տիրապետող հարցի պատասխանը՝ «եթե ամեն ինչ այսքան վատ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան լավ/ինչո՞ւ ոչինչ չի փոխվում»։

Հարցման շրջանակներում քաղաքացիներին տրված ամենաընդգրկուն հարցին՝ «Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ», հարցվողների ընդամենը 15.2 տոկոսն է պատասխանել, որ երկիրն ընթանում է լիովին ճիշտ ուղղությամբ, իսկ ավելի շուտ ճիշտ ուղղությամբ ընթանում է՝ հարցվածների 10.6 տոկոսի կարծիքով։

Սակայն հարցմանը մասնակցածների մեծամասնության՝ 51.6 տոկոսի կարծիքով, Հայաստանն ընթանում է ավելի շուտ սխալ կամ ընդհանրապես սխալ ուղղությամբ։ Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ գործող իշխանության վարած քաղաքականությունը չունի հանրության մեծամասնության աջակցությունը, և իշխանությանը հաջողվում է պահպանել սեփական դիրքերը՝ ոչ թե մարդկանց վստահության, այլ միանգամայն այլ գործոնների շնորհիվ։

Դրա մասին է վկայում նաև այսօրվա ամենակենսական խնդրի՝ Արցախի շուրջ իշխանությունների վարվող քաղաքականությունը, որը գործնականում հանգում է Արցախից հրաժարմանը ու մոռացումին։ Եվ ահա հարցվածների ընդամենը 10.2 տոկոսն է այս հարցին ի պատասխան՝ նշել, որ «Արցախյան էջը պետք է թերթել հետագա խնդիրներից խուսափելու համար»։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան քաղաքականությունն աջակցության է արժանանում հանրության ընդամենը 10 տոկոսի կողմից։

Կարդացեք նաև

Մյուս կողմից, սակայն, հանրության՝ ընդհանուր խնդիրներին տված գնահատականների և անձերի հանդեպ վերաբերմունքի միջև կա լուրջ խզում։ Նույն հարցվածները, որոնց 50 և ավելի տոկոսը գտնում է, որ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանի աշխատանքը լիովին դրական և ավելի շուտ դրական է գնահատում 35.1 տոկոսով, ինչը, մեղմ ասած, համարժեք չէ երկիրը սխալ ուղով տանող ղեկավարի գնահատականի հետ։

Մյուս կողմից, սակայն, Նիկոլ Փաշինյանի իրական կամ քաղաքական վարկանիշը պետք է փնտրել ոչ թե 35.1 տոկոսի, այլ 14.4 տոկոսի շրջանակներում․ հենց այդքան ընտրողներ են պատրաստ իրենց ձայնը տալ նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը։

Այս ցուցանիշները, որոնց համաձայն՝ երկիրը ճիշտ ուղղությամբ է ընթանում հարցվածների ընդամենը 25 տոկոսի կարծիքով, իսկ իշխող կուսակցությունն ունի ընդամենը 14.4 տոկոս վարկանիշ, խոսում են Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության լեգիտիմության տոտալ բացակայության մասին։ Բայց այդ անոմալիայի պատասխանը նույնպես կարելի է գտնել այս հարցումներում։ Չնայած ՔՊ-ի խայտառակ ցածր՝ 14.4 տոկոսանոց վարկանիշին, մյուս բոլոր քաղաքական ուժերը՝ միասին վերցրած, ունեն նույնքան պոտենցիալ վարկանիշ։

Եվ այս պայմաններում պատահական չէ, որ Հայաստանում ամենաբարձր հակավարկանիշն ունի քաղաքականությունը՝ որպես երկրում առկա խնդիրների լուծման, իշխանափոխության, մնացած բոլոր հարցերի կարգավորման ճանապարհ։ «Եթե հաջորդ կիրակի լինեն Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին կտաք Ձեր ձայնը» հարցին հարցվածների 70.7 տոկոսը տարբեր ձևակերպումներով (Ոչ մեկին,

Հրաժարվում եմ պատասխանել, Դժվարանում եմ պատասխանել,

Չեմ մասնակցելու ընտրություններին) պատասխանել է, որ բոյկոտելու է դրանք։ Այս ցուցանիշներն իշխանության համար կարող են առաջին հայացքից հուսադրող թվալ այն առումով, որ այս պահին իշխանությանն իրական վտանգ չի սպառնում։ Բայց խորքային իմաստով իշխանության ու, ցավոք, պետության համար ամենաիրական վտանգն այն է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը գործնականում բոյկոտում է քաղաքականությունը՝ որպես սեփական կյանքի, սեփական երկրի խնդիրների լուծման ճանապարհ։ Իսկ դա նշանակում է, որ չափազանց բարձր է արտաքաղաքական/ապաքաղաքական լուծումների, հանրային ու սոցիալական պայթյունների գայթակղությունը, որին կարող է պատրաստ լինել հասարակությունը՝ իր կարծիքով՝ երկրի սխալ ուղղությունը փոխելու համար։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս