Հայ-ամերիկյան նոր զորավարժություններ. Ի՞նչ ռազմական ու քաղաքական խնդիր են լուծելու դրանք

Միացյալ Նահանգները պատրաստվում է Հայաստանի հետ հերթական համատեղ վարժանքներին՝ «Eagle Partner 2024»-ին՝ հուլիսի 15-24-ը։ Այս վարժանքներին մասնակցելու են Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները։

Վարժանքների պաշտոնական հայտարարված նպատակը միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակի բարձրացումն է։

Սա ԱՄՆ-ՀՀ առաջին զորավարժությունները չեն. 2023 թվականի սեպտեմբերի 11-20-ը ևս Հայաստանում անցկացվել էր «Արծիվ գործընկեր 2023» խորագրով հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնց մասնակցել էին 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական: Բացի այս, հունիսին հայտնի դարձավ, որ Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը: Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման փաստը նախկինում քննադատել էին Մոսկվան և Թեհրանը։

Ի դեպ, հայ-ամերիկյան վարժանքների հայտարարությանը զուգահեռ՝ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնն անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանում հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 6-ը նախատեսված «Ազնիվ գործընկեր» ամենամյա զորավարժությունները։ Ըստ ամերիկյան կողմի՝ պատճառն ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հասցեին վրացական կառավարության կեղծ մեղադրանքներն են, թե փորձ է արվել Վրաստանին ճնշել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար։

Կարդացեք նաև

Պաշտոնական Թբիլիսին ափսոսանք է հայտնել Վաշինգտոնի որոշման կապակցությամբ։ Հայ-ամերիկյան «Eagle Partner 2024» վարժանքները, չնայած փաստին, որ անցկացվում են երկրորդ անգամ, ձեռք են բերում առանձնահատուկ նշանակություն Հայաստանի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների, ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցության սառեցման ֆոնին։

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ այս լուրը Մոսկվայում, թերևս, որևէ մեկին չի զարմացրել, հատկապես, երբ առաջին անգամը չէ, որ նման զորավարժություններ են անցկացվում ՀՀ-ԱՄՆ ձևաչափով։

Ըստ նրա՝ սրանք այնպիսի լուրջ զորավարժություններ չեն, որոնք շատ կոնկրետ հմտություններ են տալիս զինվորականներին։

Փորձագետը համարում է, որ նմանատիպ զորավարժությունների միջոցով տեղի է ունենում ծանոթացում արևմտյան մոդելներին, մասնավորապես՝ ամերիկյան։

Սրանք, նրա որակմամբ, ունեն մեծ աշխարհաքաղաքական իմաստ ու բովանդակություն։ «ԱՄՆ-ը, իհարկե, սրանով փորձում է ցույց տալ, որ ՀՀ-ն այս ռեգիոնում իր համար գործընկեր է։ Հայաստանի դեպքում, իհարկե, հետաքրքրականն այն է, որ ԱՄՆ-ի հետ զորավարժություն է անցկացնում ՀԱՊԿ անդամ երկիր, իսկ ԱՄՆ-ը ՀԱՊԿ անդամ կենտրոնական երկրի՝ ՌԴ-ի հետ հակառակորդ է ուկրաինական պատերազմում։

20 տարի առաջ բարդ կլիներ նման բան պատկերացնել, սակայն ներկայիս փոփոխությունների ֆոնին, երբ փլվում է աշխարհակարգը, փոխվում են երկրների առաջնահերթությունները, ազդեցության ոլորտները, շահերը, սա և անսպասելի չէ, և, այնուամենայնիվ, բարդ համադրելի է, քանի որ խոսքը ՀԱՊԿ անդամ երկրի և ԱՄՆ-ի համագործակցության և այն խորացնելու մասին է։

Պրակտիկ առումով այս զորավարժությունները հայ զինվորականների մի որոշակի խմբի պատկերացում է տալու ռազմական արևմտյան մոդելի մասին, արևմտականացնելու է նրանց։

Գուցե դիվանագիտական հայտարարություններ Մոսկվայից կրկին հնչեն, սակայն չեմ կարծում, որ սա այստեղ որևէ մեկին առանձնապես մտահոգում է, քանի որ ընդհանուր առմամբ Մոսկվայի անդրկովկասյան քաղաքականությունն է փոխվել այս փուլում, ինչպես նաև կա որոշակի պատկերացում, որ Արևմուտքը փոքր քայլերով ցանկանում է այս ռեգիոնում ստանալ մեծ արդյունք։

Ըստ իս, մեծ արդյունքի հարցում Մոսկվայում կասկածողները շատ են։ Բացի այդ, այս ամենը ընկալում են գործընթացի շարունակականության մեջ, դիտարկվում է, որ ռեգիոնի ապագան միայն ՀՀ որոշումներից չի կախված։ Կա նաև Վրաստանը, որի հետ զորավարժություններից ԱՄՆ-ը հրաժարվեց, ինչպես նաև Ադրբեջանը, որն ինտենսիվ ռեգիոնալ զորավարժություններ է անցկացնում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափով, երբեմն՝ Պակիստանի հետ, պատահել է՝ նաև Իրանի հետ։ Ռեգիոնալ շարժերը դեռ երկար են շարունակվելու, իսկ այդ ընթացքում Մոսկվան առաջնորդվում է իր գլխավոր մարտահրավերով, որն Ուկրաինան է»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով, նույն տրամաբանության շրջանակում պետք է ընկալել նաև ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

«Նման միջոցառումները, զորավարժությունները, պայմանագրերը ծառայում են նրան, որպեսզի առանց անդամակցության՝ Արևմուտքի կողմից փոքր պատասխանատվությամբ, ռեգիոններում լուծվեն հարցեր՝ ի օգուտ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի։

Վրաստանի դեպքում սա նաև լծակ է՝ ցույց տալու հավաքական Արևմուտքի դժգոհությունը Վրաստանի իշխանությունների կայացրած ինքնիշխան որոշումներից։ ՀՀ-ի դեպքում կա հարց, որը ՌԴ ռազմական ներկայությունն է ՀՀ-ում, և արևմտյան հեռանկարի պատրանքով Արևմուտքը կցանկանա այս հարցը լուծել։

Նայեք Ուկրաինային, որը ստանում է արևմտյան աջակցություն, սակայն անդամ չէ որևէ կառույցի ու գուցե չդառնա, քանի որ Արևմուտքը չի ցանկանում դիմել նման ռիսկի»,- ասաց Եվսեևը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս