«Ժողովո՛ւրդ, տանում են, ուշադի՛ր եղեք. ձեռքները դրել են հայկական գորգերին, խաչքարերին». Նորայր Քարտաշյան

«Եթե մարդը պետք է դառնա երաժիշտ, ապա երաժշտությունը նրան հանգիստ չի տա»,- վստահ է երաժիշտ Նորայր Քարտաշյանը։

Իսկ թե ինչպե՞ս նա հայտնվեց այդ աշխարհում, ի՞նչ նոր գործիք ստեղծեց՝ պարզել ենք հարցազրույցի ընթացքում։

Պարոն Քարտաշյան, ե՞րբ և ո՞ր պահից փողային նվագարանները գերեցին Ձեր սիրտը։

– Հայրս՝ Գրիգոր Քարտաշյանը, արվեստագետ էր, թատրոնի մշակ, ու ինքը նկատեց իմ մեջ այդ ամենը։ Նույնիսկ չեմ կարող հիշել, թե ինչպես եղավ, որ գնացի դեպի փողային նվագարանները։ Շրջապատս լի էր նման մարդկանցով, բայց մի շատ հետաքրքիր երեկո, երբ դուդուկահար Վաչե Հովսեփյանն էր նվագում, հայրիկս բացատրեց, թե ով է նա։ Երեկոյի ընթացքում Հովսեփյանը նաև կլառնետ նվագեց։ Հայրս ասաց՝ սա դուդուկն է, սա էլ՝ կլառնետը, որն ուզում ես՝ ընտրիր։ Ինքը միշտ ուղղորդում էր, տալիս ընտրության հնարավորություն։ Որոշեցի ընտրել կլառնետն ու գնացի երաժշտական դպրոց։ Քանի որ էթնիկ զգացողությունն իմ մոտ ավելի գերակշռող էր, հետո ընտրեցի դուդուկը։ Հետագայում մնացած բոլոր գործիքները եկան, մասնավորապես՝ սրինգը, որը գլխավոր գործիքներից ամենակարևորն եմ համարում։

Կարդացեք նաև

– Կլառնետ, դուդուկ, սրինգ. ցանկն ունի՞ շարունակություն։ Քանի՞ երաժշտական գործիքի եք տիրապետում։

Կլառնետ վաղուց չեմ նվագում։ Հիմնականում նվագում եմ հայկական փողային և որոշ հարվածային ու լարային գործիքներ՝ որպես երաժիշտ իմ ներկապնակն ավելի հարստացնելու, տարբեր գույներ ունենալու համար։

Դուք 1988-92թթ. Տավուշի երաժշտական դպրոցում բացել եք դուդուկի և սրինգի դասարան։ Այդ ժամանակ կա՞ր հետաքրքրվածություն դեպի փողային նվագարանները, և այսօր կա՞ն դասարանները։

Դասարաններն այդ տարիներին չկային Տավուշում, դրա համար բացեցի։ Որոշ ժամանակ անց սկսվեցին դժնդակ տարիները, երբ բոլոր տղամարդիկ ստիպված էին դուրս գալ իրենց տներից և գնալ կայսրություններ՝ ծառայելու կայսերին և տերերին, որպեսզի կարողանային ընտանիք պահել։ Եվ մեր գործը չշարունակվեց։ Հիմա Տավուշում կա մեկ հոգի, ով շվիի դասարան ունի, պարապում է, բայց բավականին տաղանդավոր երեխաներ կան, որոնք ուսուցիչ չունենալու պատճառով չեն կարողանում կրթություն ստանալ։ Ոչ միայն դուդուկի, այլև թառի, քամանչայի, ժողովրդական գործիքների նկատմամբ հետաքրքրությունն ավելի նվազել է, որովհետև տեղում կրթությունը հնարավոր չէ։ Մարդիկ չեն կարող երեխային դպրոցից հանել, բերել Երևան՝ միայն նրա համար, որ երեխան պետք է գնա երաժշտական դպրոց ու կրթություն ունենա։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում էլ ունենք խնդիր. նախորդ 2 տարվա տվյալներով՝ փողային նվագարանների բաժնում (շվի, սրինգ, բլուլ) գրեթե դիմորդ չկար։ Սա ինչի՞ հետևանք է. գիտեն, որ քիչ գումար են աշխատելո՞ւ, թե՞ սեր չկա։

Սեր միշտ էլ կա, իսկ գումար աշխատելու մասով հիշեմ Ջիվանիի խոսքը։ Ասում էր. «Երկիրն ուսյալ զավակին է փայփայում մոր պես»։ Ի՞նչ է սա նշանակում։ Այն, որ երկրի գլխավոր պարտականությունը և մենաշնորհն է կրթել և դաստիարակել իր զավակներին։ Սա շատ կարևոր է։ Իսկ եթե երկիրն աղքատ է ոչ միայն դրամով, այլև մտքով, բնականաբար, չի կրթում իր զավակներին։ Այսինքն՝ կա՛մ չունի, կա՛մ չի կարողանում տեղ հասցնել իր ազգային գաղափարախոսությունը՝ երաժշտության, դպրոցական կրթության միջոցով։ Թվում է՝ նորմալ է, այսպես էլ կլինի, բայց դրա հետևանքը գալիս է ոչ թե մեկ կամ երկու տարի հետո, այլ 15-20 տարի հետո։ Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, երբ «յառմռկաներում» մի մասը թուրքական ապրանքներ էր վաճառում, իսկ մյուս մասը՝ գնում։ Իսկ հնչող երաժշտության ներքո մեծացած սերունդը հիմա գիտակից մարդ է արդեն։ Այն ժամանակ ինչ ցանել, այն հնձել ենք։ «Լավ, ոչինչ, կհարմարվենքը» բերեց սրան։ Շատ մարդիկ հայկական արվեստի, գրականության հետ անգամ միլիմետրի հարյուրերորդական չափով կապ չունեն, որովհետև ծնողները «յառմռկաներում» են եղել, երեխաներն էլ՝ փողոցում։ Հետո ամեն Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում ինչ-որ ռաբիս երգիչներ են երգել։ Բարձրակարգ ի՞նչ եք ցանել, որ ինչ հնձեք։

Բայց կարող են նաև ապրել Եվրոպայում ու լինել ոչ ազգասեր և անկիրթ։ Այսինքն, դա գալիս է հիմքից։ Ովքե՞ր անելիք ունեն՝ երաժիշտները, ուսուցիչները, ծնողները…

Գիտեք, միշտ թողել ենք անհատների վրա, մեր պատմությունը դա է ապացուցել։ Անհատները չեն կարող համակարգ ստեղծել, իսկ պետությունն ունի այդ մենաշնորհը։ Գնանք 150 տարի հետ։ Չունենալով պետություն, ապրելով արևելյան ասիացիների տիրապետության տակ, նրանցից ի՞նչ պետք է սովորեինք։ Լավ բան՝ քիչ, իսկ վատ բան՝ շատ։ Անհատները եկան, սկսեցին ցույց տալ, որ՝ ժողովո՛ւրդ, ձեր հիշողությունը 150 տարվա չէ, 2000 տարվա պատմություն ունեք, վերցրե՛ք։ Այդ անհատներից էին Կոմիտասը, Շահնուրը, Կոստան Զարյանը… Նրանք ցույց տվեցին, որ հիշողությունը Վալոդը, Եգորը կամ Ալիխանն ու Ուլիխանը չէ։ Կոմիտասն իր երաժշտությամբ ասաց։ Բայց չէ՜, գնում ենք Արևելք։ Գնացեք, պետք է գնաք ԱՄԷ, սրան-նրան ծառա աշխատեք՝ գնացե՛ք։ Չեմ հերքում, այդ ժամանակ անհատների աշխատանքից հետո երկրորդ կյանքը սկսվեց, բայց հետո նորից վառ լույսերի տակ մութ ժամանակաշրջանը սկսվեց։ Սա ամենավատ բանն է։ Երբ լույս կա, ամեն ինչ կա, բայց մարդիկ մտքով խավարի մեջ են։ Հիմա այս դարում, երբ այսքան լույսեր են վառվում, այսքան հնարավորություններ է մեզ տալիս գիտությունը, լինել մութ՝ ավելի վատ է, քան ուշ միջնադարը։

Մարդկանց խավարի մեջ թողնելու գործում, կարծում եմ, կապ ունեն նաև երաժիշտները։ Հայաստանում բոլորն առանձին-առանձին են աշխատում։ Օրինակ՝ գիտնականները կարող է նույն թեման ուսումնասիրեն, բայց ամեն մեկը մի կենտրոն ստեղծի ու սկսի զբաղվել։ Նույնն էլ երաժիշտներըամեն մեկն ունի Youtube-ի էջ ու տարին 1-2 տեսանյութ կարող է ներբեռնել՝ ասելով, որ՝ ահա՛, սա՛ է հայկականը։ Մենք չունենք մեկ հայկական ազգային երաժշտական Youtube-ի ալիք, որ մարդը ցանկացած պահի փնտրի ու լսի։

– Գիտեք, ազգային մեկ Youtube-ի ալիքը մի քիչ սովետական է․ ամեն ինչ կենտրոնացված և այլն։ Չէ, տարակարծություն կա հիմա։ Հետո երաժշտական ժանրերի և ոճերի մեջ սահմաններն այնքան հեղհեղուկ են։ Որպես երաժիշտ՝ ժողովրդական երաժշտության մեջ, կարծում եմ, ոչ ոք չի կարող ասել՝ Սովետի ժամանակ ժողովրդական կոչված գուսանականի և ռաբիսի սահմանը որտեղից է սկսվում և որտեղ է վերջանում։ Էլի մեջբերեմ Ջիվանու խոսքը․ «Պետությունն ինքը պետք է սնի իր զավակներին»։

Միակ Youtube-ի ալիքը պետք է լինի պետությունը, որ ունենա ազգային արվեստի կենտրոն։ Ազգային երաժշտության, դասական երաժշտության կենտրոններ պետք է լինեն։ Իհարկե, դեռ մեր մտածելակերպում Սովետի նստվածքներ կան, իսկ արևմտյան աշխարհում որևէ վարչարարություն չկա, ազատ է թողնված, ովքեր կզարգանան՝ կզարգանան։ Բայց մեզ մոտ ազատությունը շփոթել են լպիրշության հետ։

Ֆեյսբուքի Ձեր էջում՝ նկարագրության բաժնում, գրել եք՝ հայ ազգի երաժիշտ։ Քանի՞ երաժիշտ է Ձեզ պես մտածում և աշխատում ազգի համար։

Շատ դժվար է հաշվելը, ինչո՞ւ, որովհետև այդքան էլ շատ չեն։ Ինքս հասկացել եմ՝ աշխատում եմ իմ ազգի համար, ոչ թե նպատակը միայն փող աշխատելն է։ Ինձ համար ամենավերևում ոչ թե փողն է, այլ իմ ազգը։ Իսկ ի՞նչ է նշանակում իմ ազգը։ Երբ ծնվել եմ ու առաջին անգամ աչքս բացել եմ, առաջին մարդը, ում տեսել եմ, եղել է մայրս, երկրորդը՝ հայրս։ Իրենք են հայը, ես իրենց համար եմ անում այդ ամենը։ Ամեն մարդ իր աչքի առջև դա պետք է տեսնի։ Եթե փողի համար արեց՝ ցանկացած քրտնախաշ մեկը կարող է գալ, վճարել և իր ճաշակով ինչ-որ բան պատվիրել։

Իսկ որևէ ակնկալիք ունե՞ք ժողովրդից։

Նավը չի կարող ցամաքում լինել, պետք է ջրում լինի, որ կարողանա շարժվել։ Եվ եթե նավակը երազում է մեծ և մաքուր լճի մեջ լինել՝ շատ նորմալ է։ Ի՞նչ է նշանակում՝ երկրպագու։ Մարդիկ գնացել, ծնկի են եկել և երկիրը պաչել են, այսինքն՝ քո անձը, արվեստը երկրպագել են։ Սա կարևոր է, որովհետև մարդ կա՝ հայտնի է, բայց ամեն գնով հայտնի լինել պետք չէ։ Արվեստագետը պետք է լինի նաև կերպար։ Կին կա՝ ամուսին ունի, երեխաներ, վեր է կացել՝ ջահել աղջկա սիրավառ երգ է երգում։ Ինչո՞ւ, փողի համար։ Ինքը կերպար չէ, իրեն փող է պետք։

– Երգը տարիք չի հարցնում։

– Հա, բայց թեմատիկան։ Երեխաները նստած նայում են, թե ոնց է սիրավառ աղջկա երգ երգում մաման։ Այսինքն, երգիչ է՝ կյանքից կտրված։ Հարց չկա, թող անի, մենակ վերջում, ամեն մեկի առջև բերելու են դնեն, որ՝ եղբայր, սա՛ ես դու ցանել, և հիմա ինչ ճաշ եփել ես, պետք է ուտես։ Սպասելիքս այն է, որ մեր ժողովուրդն ավելի իմաստուն լինի, որովհետև նոր ժամանակները, գիտության օգնությամբ ստեղծված նոր հնարավորությունները շեղում, խանգարում են, բաց եթե կարող ենք դա օգտագործել հօգուտ բոլորի, շատ լավ է։

Որպես գիտության պտուղ՝ հեռուստատեսությունը միացնում ես՝ կիսաբաց դռներ, լուսամուտներ․․. ինչքան զիբիլ կա՝ տեսնում ես։ Այդ ո՞ր երկրում չկա այդ կեղտը։ Բոլոր երկրներում զիբիլ կա, բայց հեռուստատեսությամբ ցույց չեն տալիս, որովհետև ուզում են կրթել իրենց զավակներին։ Ո՞ր երկրում աուտիզմով տառապող մարդիկ չկան, բայց նրանք հեռուստատեսությամբ ամեն օր ցույց չեն տալիս։ Վստահ եմ, ովքեր այդ հաղորդումները պատրաստում են, չեն թողնում, որ իրենց երեխաները նայեն։ Երաժիշտները, արվեստագետները, բոլորը թող հասկանան՝ հետո կսկսվի ոգու սովը, երբ ամեն ինչ կա, սեղանները լիքն են, բայց ոչ ոք չի ուզում հաց ուտել, ուրախանալ։

Դուք զբաղվել եք բանահավաքչությամբ և եղել եք Արևմտյան Հայաստանում։ Ինչո՞ւ Արևմտյան Հայաստանը և ոչ՝ հայկական գաղթօջախները։

Դե, գաղթօջախներում գաղթած մարդիկ են՝ 100 տարի առաջ, անգամ 6-7 ամիս առաջ։ Մենք դեռ կվերադառնանք Արցախ, ես գիտեմ, բայց եթե Հայրենիքի այս հատվածի մասին խոսեմ, ապա եթե Արցախի գյուղը չլինի, ֆոլկլորը, լեզուն չենք կարող նորից վերադարձնել այնտեղ։ Եվ եթե հետո թոռներին վերաբնակեցնենք, նույն բանը չի լինելու, որովհետև մարդը ուրիշ տեղ է մեծացել։ Դրա համար Սփյուռքում ինչքան էլ ասում են՝ մշեցիներ, վանեցիներ և տարբեր տեղերից գաղթած մարդիկ, նրանք ապրում են ուրիշ երկրում, ուրիշ մշակույթի ներքո, բնականաբար, վերջ, միայն մտածելակերպով հայ մնալն են անում։ Իսկ Արևմտյան Հայաստանում դեռ ինչ-որ թաքնված պատառիկներ կան։ Չէ՞ որ մարդ իր հողում, գյուղի իր տան մեջ է ապրում։ Նույն տեղում ապրելը, նույն կենցաղը վարելը շատ կարևոր է։ Իրենք այդ մշակույթի կրողն են։ Հանդիպել եմ տարիքով կնոջ, ով ծնվել ու մեծացել էր Թուրքիայում, բայց մինչև վերջ թուրքերեն չգիտեր, խոսում էր միայն համշենահայերեն։

Երաժշտական ո՞ր գործիքն էին ավելի շատ օգտագործում, ո՞րն է պահպանված։

– Ավելի շատ պահպանված են տարածաշրջանին հատուկ գործիքներից պարկապզուկն ու քեմանին։ Գործիքները, հույներն ասում են՝ հունական է, հայերը՝ հայկական, լազերն ասում են, որ իրենցն է։ Իսկ դուդուկի հետ խնդիր չունենք․ բավական է մեր երաժշտությունը միացնեն ու ասենք՝ լսե՛ք։

Թուրքիայի մշակութային քաղաքականության հիմքում նաև դուդուկն իրենց շրջանում տարածելն է հաճախ հնչում է ֆիլմերում, տեսահոլովակներում։

– Բնականաբար, գրավումը լինում է ոչ միայն տարածքի, այլև արվեստի իմաստով։ Ձեռքները դրել են հայկական գորգերի, խաչքարերի վրա։ Իսկ նրանք, ովքեր ունեն, ասում են՝ հա, դե մեկ է՝ մերն է, ոչինչ։ Ախր գալիս տանում են, ժողովո՛ւրդ, ուշադի՛ր եղեք։ Կամաց-կամաց են անում, համոզելով։ Մեր այս ոչխար հարևանների և մյուս հին ոչխար հարևանների մեջ կա կիրք՝ ունենալ այն, ինչ չունես։ Վիրավորելու համար չեմ ասում, այլ նրա, որ խաշնարած են, չգիտեն՝ ինչ է այգեգործությունը։ Իրենք էլ մեզ ասում են՝ հողագործ։ Համաձայն եմ, թող իրենք մեզ ասեն՝ հողագործ, մենք իրենց՝ ոչխար։

Նրանք, ովքեր ուծացման մատերիալ են, ընկած են փողի հետևից, նրանք ասում են՝ հա, փողը տանք, թող հայերեն բառերով, բայց թուրքական մեղեդիով երգեն, հետո կթուրքանան, բառերը կփոխենք։ Օսմանյան կայսրության ժամանակ Աստվածաշունչը տպել են թուրքերեն, բայց հայատառ։ Ասել են՝ սկզբում թող թրքախոս դառնան, որովհետև չենք կարող հավատքից կտրել։ Հիմա ավելի ուժեղ է այս ամենը։ Եթե չես ուզում ագրեսիա լինի ու այս շենքը քանդես՝ պայմաններ ես ստեղծում, որ այդ շենքի ծեփերը կամաց-կամաց թափվեն, ու այդտեղ, բնականաբար, կլինեն մարդիկ, ովքեր ընդունակ են ժանտախտի ժամանակ խնջույքներ կազմակերպել։ Լույսեր, շոուներ և այլն, որը դեգրադացիա է, վստահեցնում եմ։ Ուզում եմ տխուր բաներից չխոսել, բայց իրականության կողքով անցնել ու ոչ մի բան չասել՝ նշանակում է, որ պրոբլեմ ունես։

Խոսենք ուրախ բաներիցստեղծել եք երաժշտական գործիքներ, ինչո՞ւ, եղած գործիքները բավարար չէի՞ն, թե՞ ուզում էիք նոր գյուտ անել։

Սա պետք էր։ Փառքի թեմա չկա։ Այնպես էլ չէ, որ փառքի մեջ կորած ենք, չգնահատված, բան… Վատ իմաստով չեմ ասում, պոպուլյար արվեստ չէ իմը։ Պետք է ուսումնասիրեն, հասկանան, սիրեն։ Ինչ մնում է գործիք ստեղծելուն, դա պետք էր, ստեղծագործական պրոցես էր։ Քեզ մի բանը չի բավականացնում, ուզում ես գնալ մոդեռնիզացիայի ճանապարհով, ու երբ ուսումնասիրում ես, տեսնում, որ զուռնան գնաց, հասավ Եվրոպա, և պետք է ուժեղ չլիներ, այլ փափուկ հնչողությամբ, այն երկարացրին։ Հետո մի քանի անցք էր պետք, որ մի քիչ ավելի մաքուր նվագի։ Ի՞նչ է նշանակում՝ կրթություն և ինքնակրթություն։ Ուսումնասիրում ես, տեսնում, որ 6 մատից ավելի անցք չի կարող լինել, ի՞նչ պետք է անել՝ երկաթից փականներ սարքել, որ այստեղ սեղմես՝ այնտեղ փակի։

Սա գիտության հնարավորությունն է, որ հոբոյը դարձավ հոբոյ, ֆագոտը՝ ֆագոտ։ Բոլորը զուռնայի թոռնիկներն են։ Ես ուսումնասիրեցի և հասկացա, որ գիտությունն օգտագործելով՝ կարելի է երաժշտությունը ճիշտ գույնով ներկայացնել։ Ստեղծեցի նոր ընտանիք, որը հիբրիդային է․ մատնաշարը հայկական սրինգի է, ձայնը՝ բնականաբար, դուդուկի և թավ հնչողությամբ։ Հաշվի առա, որ ինձանից առաջ էլի վարպետ մարդիկ կային, և նրանցից էր երջանկահիշատակ Գեորգի Մինասովը, ով ստեղծել էր բաս դուդուկ՝ էլի երկաթե փականներով և հատուկ հնչողությամբ։ Ուզում եմ սա շեշտել, որովհետև մարդը գնաց, անունը մնաց դասագրքերում։ Ես ոչ թե կրկնօրինակեցի, այլ իր միտքը սովորեցի ու արեցի ուրիշ ձև, որովհետև կրկնելը թութակություն է։

Եթե մի չար մարդ գա ու ասի՝ տվեք Ձեր բոլոր երաժշտական գործիքները, որո՞նք կտաք և ո՞րը կպահեք։

Ոչ մեկն էլ չար մարդուն չեմ տա։ Մի հատ արևածաղկի կեղև էլ չեմ տա։ Կպայքարեմ անպայման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031