150 միլիոն դրամ՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության կազմակերպման համար․ Էությունը՝ «Եվ այդ մեկ մարդը դո՛ւ ես»-ի գործնական արտահայտումն է
Պետգնումների armeps համակարգից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 150 միլիոն դրամ է հատկացրել մեկ միջոցառման կազմակերպման համար։ Այս աստղաբաշխական թվով նախատեսվում է գլուխ բերել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունենում 2019 թվականից ի վեր՝ ՀՀ անկախության տոնին, և ըստ պաշտոնական մեկնաբանության՝ նպատակ ունի «քաջալերել և ոգեշնչել ստեղծարար, աշխատասեր, համառ և ձեռներեց քաղաքացուն», տարեցտարի չափազանց թանկ է արժենում հենց այդ քաղաքացիների գրպանից սնվող պետական բյուջեի վրա։
Այս անգամ բաց մրցույթ ընթացակարգով մատակարար է ընտրվել պետգնումներում ֆավորիտ ընկերություններից մեկը՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն։
Ըստ պայմանագրի՝ միջոցառումն ավանդաբար տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ծառայությունների մատուցման ժամկետ է նշվել 2024 թվականի դեկտեմբերը։ Այսինքն՝ միջոցառումը, ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս չի կայանա Հայաստանի Անկախության օրը։ Պատճառների մասին դեռևս չի բարձրաձայնվել։
Ըստ տեխնիկական բնութագրի՝ տեղի կունենա ավանդական մրցանակաբաշխությունը, որի էությունը, ինչպես նշվում է, ««Եվ այդ մեկ մարդը դո՛ւ ես» գաղափարի գործնական արտահայտումն է»։
Իսկ այս արտահայտությունը 2011 թվականից հետո մարած, ապա 2018 թվականին հարություն առած փաշինյանական կարգախոսն է, որը, փաստորեն, Փաշինյանի աշխատակազմը որոշել է վառ պահել ու փոխանցել սերունդներին։
«Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի մասին
2017 թվականին հիմնադրված այս ընկերությունը պետգնումներում հայտնվել և ակտիվացել է 2018 թվականի օգոստոսից։ Ընկերության հետ պետական գերատեսչությունները միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր են կնքել հիմնականում ոչ մրցակցային՝ մեկ անձ, հրատապ մեկ անձ ընթացակարգերով։
Միայն այս տարի ընկերության հետ արդեն կնքվել է 3 պայմանագիր, որից 2-ը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության և քաղաքապետարանի հետ՝ մեկ անձ գնման ընթացակարգով։
Այս ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին, որը ժամանակին Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն էր։
Ավելի վաղ, երբ պետգնումներում մեր ուշադրությունն էր գրավել այս ընկերությունը, տեղեկացել և տեղեկացրել էինք, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հունիսի 29-ին, և այն հիմնադրել են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը: 2021թ. նոյեմբեր ամսից ընկերության 100 բաժնեմասը պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին:
Ռուդիկ Տեր-Գալստյանը Վազգեն Պողոսյանի նախկին գործընկերն էր, համակուրսեցին ու սանիկը։ Այժմ Վազգեն Պողոսյանը Background Production-ի հիմնադիր գործադիր տնօրենն է: Այս ՍՊԸ-ն, ի դեպ, ևս կարճ ժամանակում հասցրել է դառնալ պետական գնումների ֆավորիտներից:
Ավելին, հենց «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն էր նախորդ տարի կազմակերպել նույն մրցանակաբաշխությունը․ վարչապետի աշխատակազմը հրատապ բաց մրցույթ ընթացակարգով մատակարար ընտրված այս ընկերությանը դարձյալ հատկացրել է 150 միլիոն դրամ։