«Մեր ժամանակների հերոսը» «ՀՀ Հպարտ քաղաքացիների» համար կարժենա 150 միլիոն դրամ՝ շուրջ 390.000 դոլար

2019 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի հայրենի հողի վրա կանգնելով՝ ոգեշնչվել էր՝ հիմք դնելով «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, ՀՀ հպարտ քաղաքացիներից քչերը գիտեին, որ  այդ գաղափարը հայրենի փոքր բյուջեի վրա ամեն տարի կարժենա շուրջ 150 միլիոն դրամ:

Այս տարի ևս, ինչպես տեղեկանում ենք պետգնումների էլեկտրոնային համակարգից, սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, անցկացվող այս միջոցառման համար վարչապետի աշխատակազմն օրերս հատկացրել է 150 միլիոն դրամ. հրատապ բաց մրցույթ ընթացակարգով մատակարար է ընտրվել պետգնումներում ֆավորիտ և մեկ անձ ընթացակարգերով աչքի ընկած «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն:

Այսպիսով, ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա Գառնու տաճարի տարածքում և կուղեկցվի բացօթյա համերգային ծրագրով: Նախատեսվում է 350 մասնակցի ներկայություն:

Կարդացեք նաև

Ըստ պայմանագրի՝ 150 միլիոն դրամից 3 միլիոն 500.000 դրամ կհատկացվի նվագախմբին, 4 միլիոն դրամ՝ արտիստներին, 26 միլիոն՝ բեմահարթակի դեկորին և կահավորմանը, 35 միլիոն՝ բեմին, մետաղական կոնստրուկցիաներին, լեդ էկրանների, լուսային և ձայնային ապահովմանը, 3 միլիոն դրամ՝ բեմադրող ռեժիսորին, 4 միլիոն 500.000 դրամ՝ «Բեգրաունդ ընկերության» հոնորար, և այլն:

Հենց այսպես՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ահազանգում է սահմանային լարվածության մասին, իրավիճակի պայթյունավտանգ լինելու մասին, իսկ նրա աշխատակազմը, պարզվում է, համերգներով է զբաղված:

«Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը գրանցվել է 2018 թվականին և պատկանում է Մարինե Ստեփանյան- Վազգեն Պողոսյան ամուսնական զույգին, 2019-ից սկսել է իր ակտիվությունը պետգնումների համակարգում:

2023 թվականի սկզբից այս ընկերությունն արդեն հասցրել է ևս 2 միջոցառման կազմակերպիչ լինել. Ջազի միջազգային օրվա շրջանակներում միջոցառում կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը 89 միլիոն 280 հազար դրամի պայմանագիր է կնքել ընկերության հետ՝ մեկ անձ ընթացակարգով, իսկ ԿԳՄՍ-ն երկփուլ մրցույթի արդյունքում Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կազմակերպելու համար ընտրել է «Բեգրաունդ Փրոդաքշն»-ին՝ նրա հետ կնքելով 1 միլիարդ 160 միլիոն արժողությամբ պայմանագիր:

Տեսանյութեր

Լրահոս