Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ ինքն ամբողջ ժողովրդի կամքն է ներկայացնում. Սահմանադրագետ
Գործող իշխանությունը շարունակում է սակարկությունների առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը․ հերթական առիթը Սահմանադրության օրն է։
«…Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին: Մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ:
Այս թեման հիմա շատ է շահարկվում թե՛ ներքին, և թե՛ արտաքին դաշտում: Բայց մենք անշեղորեն պիտի շարունակենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ուժեղացնելու, ինստիտուցիոնալ, հոգեբանական ու ֆիզիկական առումով նրան անխոցելի դարձնելու մեր ճանապարհը…»,- տոնական իր ուղերձում մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը։
Ի դեպ, նույն առաջարկի մասին՝ փոքր-ինչ այլ երանգներով ու այլ ենթատեքստերով, խոսել ու խոսում է Բաքվի բռնապետը։
Երբ դեռ այս տարվա սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նոր Սահմանադրություն ունենալու մասին՝ մանրամասնելով, որ դա անհրաժեշտ է աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում «Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ» դարձնելու համար, այս թեզը տարբեր վարիացիաներով կրկնել էին ոչ միայն ՀՀ իշխանական ու իշխանամերձ շրջանակներ, այլ Բաքվի պաշտոնական շրջանակները։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն էր ասել․ «Չնայած նշված համաձայնագրի (խաղաղության համաձայնագրի) նախագծի քննարկման հենց սկզբից ադրբեջանական կողմը հայկական կողմին կոչ է արել վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում…»։
Սրանից հետո գրեթե ամեն օր Բաքվի բռնապետը խոսում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին՝ պնդելով. «Խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է»։
Վերջին հայտարարությունն այս առնչությամբ Իլհամ Ալիևը հնչեցրել էր հուլիսի 1-ին։
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը կարծում է՝ որպեսզի այս պայմաններում, անհասկանալի պայմաններով թույլ չտրվի նոր Սահմանադրության ընդունումը, Հայաստանին անհրաժեշտ է Սահմանադրության ու սահմանադրականության գաղափարի շուրջ համախմբում։
«Իսկ Սահմանադրության ու սահմանադրականության գաղափարն այսօր կայանում է նրանում, որ մենք ունենք ազգային պետություն և չպետք է թույլ տանք, որ այդ պետությունը վերածվի կիսաանկախ ինչ-որ պետականության՝ ադրբեջանաթուրքական ազդեցության ներքո։ Այսինքն՝ մեր գլխավոր խնդիրն այսօր իսկապես ազգային-ազատագրական է,- 168.am-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետը՝ պարզաբանելով,- Կարող է փոքր-ինչ տարօրինակ թվալ, երբ օգտագործվում է «ազգային-ազատագրական» շարժում տերմինը, որը պատմականորեն եղել է այն ժամանակ, երբ Հայաստանը պետականություն չի ունեցել, և հայ ժողովուրդը պայքարել է իր սեփական ազգային պետությունը ստեղծելու համար։
Այսօր մենք ունենք պետություն, բայց այդ պետությունը զավթված է մի իշխանության կողմից, որը մեր հայրենիքը, օբյեկտիվորեն, տանում է կործանման, ուստի թույլ չտալու համար՝ մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանն ինքնին արդեն մեծագույն վտանգի տակ է։ Իսկ թույլ չտալու կարևորագույն միջոցներից, օղակներից մեկը գործող Սահմանադրությունը պաշտպանելն է»։
Վարդան Պողոսյանի համար զարմանալի չեն Նիկոլ Փաշինյանի ուղերձ-շնորհավորանքում տեղ գտած այն դրվագները, որտեղ իշխանության առաջին խոսափողը՝ առանց վերլուծությունների, հետազոտությունների, առանց փաստերի՝ ժողովրդի անունից Սահմանադրությունը փոխելու մասին հայտարարություններ է հնչեցնում։
«Դա իր բնույթին համապատասխան դեմագոգիկ-պոպուլիստական է. Փաշինյանն իրեն իրավունք է վերապահում խոսել ամբողջ ժողովրդի անունից՝ այն պարագայում, երբ ժողովուրդը միատարր չէ, ունի տարբեր հատվածներ՝ տարբեր դիրքորոշումներով։ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ ինքն ամբողջ ժողովրդի կամքն է ներկայացնում։
Դա նույնիսկ վիճակագրական առումով, ընտրական գործընթացների առումով այդպես չէ, որովհետև իրեն ընտրել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների փոքրամասնությունը»,- հավելեց մասնագետը։
Առհասարակ, սահմանադրագետը շեշտեց՝ չկա և չի եղել որևէ Սահմանադրություն, որին կողմ լինեն երկրի բոլոր քաղաքացիները. կարևորը Սահմանադրության առանցքն է՝ հիմնական դրույթները, որոնք ժողովրդի մեծամասնությունը կա՛մ համարում է իրենը, կա՛մ՝ ոչ։
«Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, խաղարկում է այն հանգամանքը, որ Սահմանադրության ընդունման հանրաքվեները զերծ չեն եղել խախտումներից, բայց եթե մենք նայում ենք Փաշինյանի կողմից իրականացրած Սահմանադրության փոփոխությունը՝ նկատի ունեմ 2020 թվականի Սահմանադրական դատարանի գլխատումը, ապա այդտեղ ժողովրդի անունից խոսելու որևէ տեղ չկա, որովհետև Փաշինյանն ու նրա վարչախումբն իրականացրել են Սահմանադրական հեղաշրջում՝ Սահմանադրության տառին ու ոգուն հակասող։ Իսկ այդքանից հետո խոսել Սահմանադրության լեգիտիմության մասին՝ պարզապես դառնում է անիմաստ։
Ժողովրդի անունից որևէ մեկը չի կարող ասել, թե ժողովուրդը Սահմանադրությանը կողմ է, կամ դեմ է. Կա՛մ մենք ընդունում ենք այն հանգամանքը, որ Սահմանադրությունն ընդունվել ու գործում է, կա՛մ մենք մտնում ենք սուբյեկտիվ դաշտ, որտեղ գերիշխում է դիլետանտությունը, պոպուլիզմը՝ այն, ինչը մարմնավորում է Փաշինյանի իշխանությունը»,- ամփոփեց Վարդան Պողոսյանը։