Արցախը հանձնելու հարցում մեղավորների փնտրտուքն իշխանությունը շարունակում է սեփական շարքերից դուրս՝ նախկին իշխանություններից մինչև Ռուսաստան. Գագիկ Հարությունյան

Նախորդ ամսվա վերջին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանն է հանձնել Արցախի Հանրապետությունը։

«Ռուսաստանը եկել է, հանձնել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին ու վերադարձել Ռուսաստան։ Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկեք արձանագրենք, որ մինչև այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում: Մենք փորձել ենք այս փոփոխություններով կայունություն բերել ու համոզված ենք, որ այս փոփոխությունները կայունություն են բերելու։

Ռուսաստանն է վերցրել Լեռնային Ղարաբաղը. Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը»,- ասել էր Արմեն Գրիգորյանը։

168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը մեկնաբանելով ՀՀ իշխանությունների և, մասնավորապես, ԱԽ քարտուղարի հնչեցրած հայտարարություններն ու բացի իրենցից ուրիշներին մեղավոր կարգելու գործելաոճը, ասաց՝ զարմանալու որևէ բան չկա, իշխանությունները շարունակում են Արցախի կորստի համար մեղավորների փնտրել իրենց շարքերից դուրս և այս անգամ մեղավոր են կարգում Ռուսաստանին, նախկինում մեղավորներ փնտրում էին նախկին իշխանությունների շարքերում։

Կարդացեք նաև

Քաղաքագետը չհերքեց, որ Ռուսաստանն ունի մեղավորություն, բայց այդ մեղավորությունն այլ հարցում է, որը եղել է 2018 թվականին։

«Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը՝ իր հանցավոր խմբով. սրա մասին խոսք լինել չի կարող լինել։

Իսկ Ռուսաստանի մեղավորությունը եկել է 2018 թվականից, երբ իմանալով՝ ինչ աղետ կարող են բերել, այսպես կոչված, «գունավոր հեղափոխությունները», և լավ իմանալով, որ այդ ամենով նաև իր ներկայությունն է հարցականի տակ դրվելու այս տարածաշրջանում՝ որևէ միջամտություն չցուցաբերեց։ Հետևաբար՝ այդ ամենի արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք։

Եթե խոսենք այսօրվա Ռուսաստանի մասին, ապա նա միայնակ պայքարում է ամբողջ Արևմուտքի դեմ, ռուսական տրամադրություններն այս փուլում հասկանալի են։ Նաև պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի կողքին, եթե Հայաստանը նման ցանկություն հայտնել է»,- նշեց Գագիկ Հարությունյանը։

Շարունակելով միտքը, Գագիկ Հարությունյանը նաև ասաց, որ եթե 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը ցանկանար, որպեսզի Ռուսաստանն օգներ Հայաստանին, և Արցախը պահեին հայկական, ապա Ռուսաստանը կօգներ, այդ մասին խոսել է նաև ՌԴ նախագահը։

«Հիշում եք Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Փաշինյանին առաջարկել էր չհանձնել Շուշին, բայց Փաշինյանը ասել է՝ ոչ։ Ըստ տրամաբանության, պատերազմն այնպես է ծրագրված եղել, որպեսզի հանձնեն նաև Շուշին։

Ուստի հիմա բողոքել Ռուսաստանից՝ այնքան էլ տեղին չէ, կրկնում եմ՝ Ռուսաստանն ունի բազմաթիվ մեղավորություններ, բայց դրանք եղել են ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում։ Այդ անձնավորությունը՝ Արմեն Գրիգորյանը, նաև ցանկանում է ծառայություն մատուցել Արևմուտքին, սա հերթական սադրանքն է Ռուսաստանի դեմ, որովհետև հասկանալի է, որ Արևմուտքն ունի մեկ նպատակ, նաև արդեն Իսրայելը, որ օկուպացված Արցախում իր բազան է ստեղծել, չեզոքացնել Ռուսաստանին Հարավային Կովկասից»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերություններին, քաղաքագետը շեշտեց, որ առայժմ երկու երկրների հարաբերությունները շատ լավ են, քանի որ այսօր ՌԴ-ն ունի բազմաթիվ խնդիրներ և դրանց պարագայում կարողանում է շատ հմուտ այնպես անել, որ մշտապես Ադրբեջանին պետք լինի։

«Ուզում եմ ընդգծել, որ Բաքվի Կառավարությունում միշտ կա երկու խորհրդական՝ Թուրքիան և Իսրայելը, որոնք ճիշտ խորհուրդներ են տալիս Ալիևին։ Իսկ հայկական կողմը, չգիտես ինչու, բոլորին սարքել է «ռուսական գործակալ», եթե այդպես լինի, ուրեմն՝ առաջին «ռուսական գործակալը» եղել է Իսրայել Օրին։ Այսպես չպետք է աշխատեն Ռուսաստանի հետ, պետք է դիվանագետ լինեն, որպեսզի կարողանան նորմալ հարաբերություններ կառուցել դաշնակիցների ու գործընկերների հետ»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս