
Սերբիայում անհայտ անձն արբալետով վիրավորել է ոստիկանին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում՝ Իսրայելի դեսպանատան մոտ, անհայտ անձն արբալետով վիրավորել է ժանդարմերիայի աշխատակցին։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սերբիայի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը։
«Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 11.00-ի սահմաններում անհայտ անձն, ում ինքնությունը պարզվում է, արբալետից կրակել է Իսրայելի դեսպանատունը հսկող ժանդարմերիայի սպայի վրա՝ պատճառելով նրան վիրավորում պարանոցի շրջանում։ Ժանդարմն իր մոտ գտնվող զենքն օգտագործել է ինքնապաշտպանության նպատակով և վնասազերծել հարձակվողին, ով մահացել է վնասվածքի հետևանքով»,-հաղորդել է Սերբիայի ՆԳՆ-ը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Իվիցա Դաչիչի խոսքերը։
Հաղորդվում է, որ վիրավոր ոստիկանը գիտակցության մեջ է և տեղափոխվել է շտապօգնության կենտրոն, որտեղ նետը պարանոցից հեռացնելու համար կենթարկվի վիրահատության։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։