
Չեմ կարող պատկերացնել, որ ներկայիս ենթակառուցվածքների պայմաններում Հայաստանը կարող է ավելացնել իր տարածքով անցնող իրանական բեռնատարների թիվը, որովհետև նորմալ ճանապարհ ՉՈՒՆԻ․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր էջում գրել է․
«Էկոնոմիկայի նախկկին նախարար Վահան Քերոբյանն ասում է, որ Ադրբեջանով դեպի Ռուսաստան կամ Ադրբեջան-Վրաստան-Սև ծով անցնում են հարյուրավոր իրանական բեռնատարներ, իսկ Հայաստանի տարածքով՝ ընդամենը տասնյակ: Եվ նախկին նախարարն ասում ա, որ այդ թիվն ավելացնելուն խոչընդոտում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որովհետև ավելացնելուն ուղղված ծրագրերը գնում և նրա գրասենյակում «լռվում» էին:
Ես իհարկե միանգամայն հնարավոր կհամարեմ ներգերատեսչական պայքար, ներանձնային պայքար, ներխմբային պայքար ցանկացած իշխանությունում: Թեև այդ դեպքում, արդյունքի գլխավոր պատասխանատուն իշխանության առաջին դեմքն է, եթե երևույթը շարունակվում է երկար ու վնասում պետության շահին:
Բայց, որևէ կերպ չեմ կարող հավատալ, պատկերացնել, որ ներկայիս ենթակառուցվածքների պայմաններում Հայաստանը կարող է ավելացնել իր տարածքով անցնող իրանական բեռնատարների թիվը: Եթե Հայաստանի տարածքով ներկայիս անցնող թիվը մի քանի անգամ բազմապատկվի, ապա Հայաստանի ճանապարհներին պարզապես մի քանի տասնյակ կիլոմետրանոց խցանումները երաշխավորված են:
Որովհետև Հայաստանը նորմալ ճանապարհ ՉՈՒՆԻ, որը կունենա էական թողունակություն բեռնափոխադրումների շոշափելի ծավալի համար: Հայաստանը Իրանին կապող զարկերակային ճանապարհը՝ Տաթև-Աղվանի-Կապան, իր թե թողունակությամբ, թե նաև որակով մեղմ ասած չի համապատասխանում միջազգային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ մակարդակի:
Ընդ որում, Հայաստանի կառավարությունը գրեթե երեք տարի է շարունակ կառուցում է այդ ճանապարհը, որն այդպես էլ չի ստանում ավարտուն կայուն տեսք»: