Դատախազության հայցապահանջը ոչ իրավաչափ է. գույքը գրողներից վերցնելու և պետականացնելու իրավական հիմքեր չկան. Փաստաբան

Հայաստանի իշխանությունները գիտական կենտրոնները, բուհերն օպտիմալացնելուն զուգահեռ՝ որոշել են պետականացնել  նաև ստեղծագործական միություններին պատկանող գույքը։

Մասնավորապես, Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել մի շարք միությունների շենքեր։ Դրա վերաբերյալ Դատախազությունից առայժմ գրություններ են ուղարկվել Նկարիչների և Գրողների միություններին։

Գրողների և նկարիչների միությունները դիմել են դատարան՝ վիճարկելու Դատախազության որոշումը։

168.am հետ զրույցում Գրողների միության շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանի փոխանցմամբ՝ առաջին դատական նիստը նշանակված է աշնանը։

Կարդացեք նաև

«Դատախազությունը ցանկանում է, որպեսզի դատարանն անվավեր ճանաչի Գրողների միությանը սեփականության իրավունքով պատկանող Բաղրամյան փողոցում և Սևանում գտնվող անշարժ գույքը։

Ինքս իրավաչափ չեմ համարում Դատախազության ներկայացրած հայցապահանջը»,- շեշտեց Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանի գնահատմամբ՝ Դատախազության պահանջը ոչ իրավաչափ է, և հենց այդ նկատառումով իրենց դիրքորոշումն արդեն գրավոր պատրաստել  և ուղարկել են դատարան։

«Ավելին, այդ գործերից մեկով դատարանը որոշում էր կայացրել, որ գրավոր ընթացակարգով քննի, մենք միջնորդել ենք, որպեսզի գրավոր ընթացակարգը վերացնի և քննությունը տեղի ունենա բանավոր։ Խոսքը վերաբերում է Գրողների միության սեփականությանը, ինչն ամրագրված է մեր Սահմանադրությամբ և բարձրագույն արժեք է, նման պայմաններում, կարծում ենք, որ բանավոր ընթացակարգով պետք է քննվի։

Իրավական հարթության վրա ես իմպերատիվ եմ արձանագրում, որ չկան հիմքեր, որպեսզի դա գրողներից վերցնեն և տան պետությանը»,- շեշտեց փաստաբանը։

Թե ի՞նչ հիմնավորմամբ է Դատախազությունը նման հայցապահանջ ներկայացրել դատարան, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց, որ ըստ Դատախազության՝ նախկին Կառավարությունների որոշումները և այլ լոկալ իրավական ակտերը հիմնավոր չեն։

«Այստեղ ես արձանագրեմ ընդամենը մեկ կարևոր փաստ՝ այդ գույքը, մինչև ԽՍՀՄ փլուզումը, եղել է Գրողների միության կողմից ստեղծված համապատասխան սեփականության կառույցներ։ Դրանք կառուցվել են բացառապես գրողների անդամավճարներից և բացառապես այն տարիներին, երբ բոլորը պետական հիմնարկություններ էին, բացառություն են կազմել ստեղծագործական միությունների շենքերը, որոնք բացառապես եղել են Գրողների միության սեփականությունը։ Այսինքն՝ եթե Դատախազությունը փաստեր է բերում, ասում է, որ ԽՍՀՄ տարիներին բոլորը եղել են պետական հիմնարկներ, ապա Գրողների միության անշարժ գույքը հենց այդ ժամանակ եղել է միության սեփականությունը։ Գրողների միությունն իրացրել է իր սեփականության իրավունքը ԽՍՀՄ փլուզումից հետո, և նման պայմաններում իրավաչափ չէ, որ Դատախազության հայցն այդ հարթությունում բավարարեն»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։

Նշենք, որ ապրիլին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը թեմայի առնչությամբ ասել էր. «Աներկբա է, որ մեր միությունների շենքերը պետականացվի։ Ես չգիտեմ՝ վարչապետն իրավունք ունի՞ այլ հիմնարկների վերաբերյալ նման հայտարարություն անելու, հատկապես, որ դրանք հնչում են՝ որպես հրահանգներ։

Հրահանգներ են հնչում այս խեղճ ու կրակ դատախազությունների, կադաստրն էլ հիմա վախեցած՝ ես չգիտեմ, որ անկյունում է կուչ եկել, թե իր նախորդներին ինչպես անվանարկի, թե այդ ինչ բաներ են արել նրանք։ Վարչական դատարանն էլ այնտեղ է կուչ ու ձիգ գալու, ինչպես անի, որ հանկարծ պետական այրերի առջև սխալ բան չանի։

Կարծում եմ՝ սա լրացնելու է այն բացը, որն ունի մեր գրականությունը, մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս։ Այդ դատավարությունները կավելացնեն այդ կոմեդիական ժանրը և գլխի չեն ընկնի, որ մենք ընկնում ենք զավեշտալի իրավիճակի մեջ։ Պետությունն ինքն իրեն գցում է  զավեշտալի, կատակերգական ժանրի մեջ, բայց խոսում են պետության իրավունքներից»։

Տեսանյութեր

Լրահոս