Ռուս պաշտոնյաները սկսում են զգուշացնել ՀՀ իշխանություններին
Ռուս պաշտոնյաները սկսում են զգուշացնել ՀՀ իշխանություններին հնարավոր հետևանքների և «երկու աթոռին նստելու» քաղաքականության անթույլատրելիության, անհնարինության մասին։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտական փորձագիտական ֆորումում, նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը և Եվրամիությունն անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան կունենա հետևանքներ։
«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին, անհնար է, սխալ կլինի, ինչպես ասում են, աչք փակել այն փաստի վրա, որ այսօր այս երկրի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք,- ասել է Օվերչուկը՝ շարունակելով,- Պետք է նաև հասկանալ, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի բաներ են, և այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ սերտ կապեր ունենալու շնորհիվ, նույնպես պետք է ընկալվի, որ դա հենց այն գինն է, որ վճարում ենք՝ մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, հետևաբար՝ արտատարածաշրջանային խաղացողների մուտքն այնտեղ, անշուշտ, հետևանքներ կունենա»։ ՌԴ փոխվարչապետը միաժամանակ հավաստիացրել է, թե Ռուսաստանը շահագրգռված է կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, «լավ եղբայրական հարաբերություններով»։
Օրերս էլ Комсомольская правда-ի հետ զրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էր հայտարարել, որ Հայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։ «Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ արևմտյան օրինաչափությունների անցումը պարզապես անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»,- ասել է նա։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը, արևմտյան նարատիվների ազդեցության տակ տեղի է ունեցել երկկողմ քաղաքական շփումների կտրուկ նեղացում։
«Երևանից գնալով ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և անվտանգության գործող համակարգի անհիմն քննադատությունները։ Սա, մեղմ ասած, ապակառուցողական է և անհեռատես»,- ասում է Գալուզինը։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս տնտեսագետ, քաղաքագետ Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ սրանք զգուշացումներ են, տեղին դիտարկումներ՝ հաշվի առնելով փաստը, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև այսօր ուղիղ կապ, համագործակցություն չկա։
Սակայն, ըստ նրա, Հայաստանը, լինելով ինքնիշխան պետություն, որը ձևավորում է իր արտաքին քաղաքականությունը՝ հիմնված իր ազգային շահերի վրա, պետք է հասկանա, որ ինչպես ձևավորման առաջին իսկ օրվանից Մաքսային միությունը, ապա ԵԱՏՄ-ն համատեղելի չէին ԵՄ անդամակցության, ինչպես նաև Ասոցացման համաձայնագրի ու դրա առևտրային բաղադրիչի հետ, այնպես էլ այսօր դրանք համատեղելի չեն։
«Ավելին՝ այսօր հարցերն ավելի արմատական են դրվում աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։ Եվ ամենաարմատականն այդ հարցում Արևմուտքն է, որը չի հանդուրժելու և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի հետ հարաբերություններ, ինչպես չի հանդուրժում Վրաստանում «Օտարերկրյա գործակալների թափանցիկության մասին» օրենքի ընդունումը՝ համարելով, որ ԵՄ ինտեգրացիայի որոշում կայացրած երկիրն իրավունք չունի կայացնել որոշում, որը համաձայնեցված չէ Արևմուտքի հետ, ԵՄ ինտեգրացիայի որոշում կայացրած որևէ երկիր չպետք է պահպանի չեզոքություն Ռուսաստանի հանդեպ, այլ պետք է որդեգրի հակառուսական դիրքորոշում։ Սա, բնականաբար, հասկացել են ՀՀ իշխանությունները և այդ դիրքորոշումը որդեգրել են։ Հայաստանի դեպքում հակասությունն այն է, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, քանի որ ֆինանսական շահերը, օգուտները ԵԱՏՄ-ում են, իսկ ԵՄ անդամակցությունն ինչ-որ հեռավոր և աղոտ հեռանկար է Հայաստանի դեպքում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Սակայն, Սիմոնովի կարծիքով, բնական է՝ ԵՄ-ի հետ մերձեցումը, ինտեգրացիան առևտրատնտեսական, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտում, բնականաբար, հակասելու է ԵԱՏՄ չափանիշներին։
«Բացի քաղաքական չհամապատասխանությունը, գոյություն ունեն նաև տեխնիկական խնդիրներ։ Սակայն ՀՀ իշխանությունների հաշվարկն այն է, որ ՀՀ-ն առաջիկայում, բնականաբար, ԵՄ անդամ չի դառնալու, նման հեռանկար նույնիսկ մոտ ապագայում չի երևակվում։ Ուստի ՀՀ իշխանությունները փորձում են ԵԱՏՄ անդամակցության կասեցման թեման չբարձրացնել, չեն բոյկոտում ԵԱՏՄ աշխատանքները, սակայն ավելի համարձակ են գործում ՀԱՊԿ-ի, ՀԱՊԿ անդամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ուղղությամբ։ Կա նաև այն հաշվարկը, որ պատժամիջոցների պայմաններում ԵԱՏՄ-ն կարևոր է նաև Ռուսաստանի համար, ուստի այս ամենը ՀՀ իշխանություններին տալիս է հնարավորություն քաղաքականությունը եվրասիական ուղղությամբ ծավալել այնպես, ինչպես ծավալում է։ Սակայն զգուշացումները կարևոր են, քանի որ իրավիճակները, հատկապես ներկայիս իրավիճակում, շատ փոփոխական են»,- նկատեց վերլուծաբանը։
Նա արձանագրեց, որ նույնը վերաբերում է նաև ռազմատեխնիկական համագործակցությանը, հաշվի առնելով, որ Ռուսաստանն ու արևմտյան երկրները գտնվում են պատերազմի հակադիր ճամբարներում։ «Ուստի ՀՀ-ն պետք է կողմնորոշվի՝ լքո՞ւմ է այս կազմակերպությունները, թե՞ շարունակում աշխատել լիարժեք ռեժիմով»,- նկատեց նա։
Եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն իր հերթին՝ մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանից Հայաստանին ուղղված զգուշացումները տեղին չեն այն դեպքում, երբ ՀՀ-ն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չունի, այլ ընդամենը դեռ խոսքը վերաբերում է հարաբերությունները խորացմանը։
Վերլուծաբանի խոսքով, ԵԱՏՄ-ՀՀ հարաբերությունները երկուստեք բխում են շահերից, կարևոր են, այդ թվում, Ռուսաստանի համար, քանի որ Ռուսաստանի հանդեպ կիրառվող հսկայական պատժամիջոցները ՌԴ-ն հաղթահարում է այս կառույցի և համագործակցությունների միջոցով։
«Բնականաբար, ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն համադրելի ու համատեղելի չեն, սակայն ՀՀ-ն դեռ այդ փուլում չէ, ինչպես, օրինակ՝ Վրաստանը, որն ունի նաև պարտավորություններ ԵՄ-ի առջև՝ որպես թեկնածու երկիր։ Բնականաբար, եթե Հայաստանն ու ԵՄ-ն որոշեն հարաբերությունները տեղափոխել այլ կարգավիճակի հարթություն, ապա հակասություններն այդ փուլում կսկսվեն։ Իսկ մինչ այդ՝ կարծում եմ, ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ինչպես ժամանակը ցույց տվեց, չի խոչընդոտում ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերությունների զարգացմանը։ Պարզապես ՀՀ ԵԱՏՄ անդամակցությունը և դրանից բխող օգուտները լծակ են Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ, ուստի նման զգուշացումներ են արվում»,- ասաց եվրոպացի վերլուծաբանը։