Արմեն Գրիգորյանն ավելի ռուսատյաց է, քան իր գործատուն՝ Փաշինյանը, և ասում է այն, ինչն իր ղեկավարի մտքին է. Զատուլին
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին «փոխանցելու» մասին հայտարարությունները «բացահայտ սուտ են». այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Պարոն Գրիգորյանը նույնիսկ ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատուն՝ Նիկոլ Փաշինյանը, և մի շարք դեպքերում կանխատեսում կամ ինքն է ասում այն, ինչն իր ղեկավարի մտքին է։ Այս դեպքում մենք խոսում ենք բացահայտ ստի մասին»,- ասել է Զատուլինը։
Նրա խոսքով՝ Ղարաբաղը ոչ միայն պետք չէր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև «ներքաղաքական առումով վնասակար էր», ուստի նա նախընտրեց առաջնորդվել իր արևմտյան բարեկամներով:
«Նա բարդ դրության մեջ է դրել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը Լեռնային Ղարաբաղում։ Սա, ըստ ամենայնի, Արևմուտքի հետ նրա նոր բարեկամության պայմանն էր, չէ՞ որ Արևմուտքին Ղարաբաղում ռուս խաղաղապահներ պետք չեն։ Ինչպես, ի դեպ, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ռուսական ռազմաբազան Գյումրիում։ Սրանք, ըստ ամենայնի, հաջորդ հարցերն են, և դա ոչ մի կերպ չի թաքցվում պարոն Փաշինյանի կողմնակիցների և նրա կողմից», – ընդգծել է Զատուլինը։
Ինչպես գործակալությանը իր հերթին հայտնել է ռուս սենատոր Սերգեյ Պերմինովը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն արվել է Երևանի՝ երկու աթոռի վրա նստելու ցանկությունից ելնելով, դա Հայաստանի ղեկավարության որոշումների «դատարկությունը ծածկագրելու» փորձ է:
«Ռուսաստանը հուսալի երաշխավոր էր իր հետևողական դաշնակիցների համար։ Երկակիությունն ու «երկու» աթոռներին նստելու ցանկությունը միշտ հանգեցնում են ամպագոռգոռ հայտարարություններ անելու անհրաժեշտության», – ասել է Պերմինովը։