Շուրջ 43 միլիոն դրամաշնորհ՝ մեծ բիզնես փազլի մասնիկ «Լոռե Գրուպին»՝ բանակային խաղեր կազմակերպելու համար

Մինչ տարածաշրջանը եռում էր զորավաժություններով, Հայաստանն ակտիվորեն պլանավորում էր բանակային խաղերի անցկացումը:

Խաղերն ավարտվեցին. դրանց մասնակցում էին ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների և Քննչական կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք, ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, մեկ շաբաթ պայքարել են մի քանի մրցաձևերում:

Բանակային խաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել էին ՀՀ ԿԳՄՍ և պաշտպանության նախարարությունները: Մրցանակային ֆոնդը 30 միլիոն դրամ էր:

Կարդացեք նաև

 Ընդհանուր առմամբ, այս խաղերը պետության վրա արժեցել են շուրջ 43 միլիոն դրամ, որը ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհի պայամանագրով հատկացրել է «Լոռե Գրուպ» ՍՊԸ-ին. այս մասին տեղեկանում ենք պետգնումների էլեկտրոնային համակարգից: Նախահաշվից տեղեկանում ենք, որ գումարը նախատեսված է մասնակիցների, մրցավարների կեցությունն ապահովելու, մրցավարներին ճանապարհածախս և պարգևավճար հատկացնելու, վարձավճարներ հատկացնելու, դրոշներ գնելու համար, բեմահարթակի, հավաստագրերի, այլ ատրիբուտներ ձեռք բերելու նպատակով և այլն:

«Լոռե Գրուպ» ՍՊԸ-ն պատկանում է Վլադիմիր Գևորգյանին: Ի դեպ, Վլադիմիր Գևորգյանին, նրա ընտանիքին պատկանող այլ ՍՊԸ-ները ևս պետգնումներում ֆավորիտներից են:

168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր պետգնումներում այս գործարարին ու նրա ընտանիքին ասոցիացվող ընկերությունների հաղթարշավին՝ բացահայտելով, оրինակ, որ «ԿՈՆՑԵՊՏ ԻՎԵՆԹՍ» , «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ, «ՊԵՑՑՈ ՍՊԸ»-ները, որոնց պարբերաբար վստահվում են պետական այս կամ այն միջոցառումները, իրականում ունեն մեկ դեմք, և այդ մեկ դեմքը Վլադիմիր Գևորգյանն է:

Շարունակելով՝ նշենք` տարեսկզբից արդեն Վլադիմիր Գևորգյանի ընտանիքին (եղբոր կնոջը՝ Արմենուհի Վարդանյանին) պատկանող «Կոնցեպտ իվենթս» ՍՊԸ-ն տարբեր պետական հիմնարկների հետ մատակարարման շուրջ 9 պայմանագիր է կնքել, որոնցից 4-ը՝ ոչ մրցութային եղանակով՝ 2 դրամաշնորհ, 2-ը՝ մեկ անձ ընթացակարգով:

Ի դեպ, հենց այս ընկերությունն է կազմակերպել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի, սեղանի թենիսի սիրողական մրցաշարերերը, ապա պատրաստել ՀՀ պետական պարտքի կառավարման գործընթացի վերաբերյալ անիմացիոն տեսահոլովակներ:

Դարձյալ նույն ժամանակահատվածում դարձյալ 9 պայմանագիր կնքվել է այս մեծ ընտանիքի մեկ այլ ներկայացուցչի՝ Վերգինե Մովսիսյանին պատկանող «Գևորգիան կոնցեռն» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրերից մեկը դրամաշնորհի պայմանագիր է, որով ընկերությունը կազմակերպել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:

Այս կոնցեռնի մեկ այլ ընկերություն՝ «Պեցցոն», տարեսկզբից արդեն պետգնումների համակարգում հասցրել է կնքել 26 պայմանագիր, որոնցից 1-ը՝ դրամաշնորհ ընթացակարգով՝ ստանձնելով «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի պատրաստությունը:

«ՕԼ հոթելս» ընկերությունը, որը պատկանում է Վլադիմիր Գևորգյանի տիկնոջը՝ Նադեժդա Ստեփանյանին. թեև գրանցվել է 2017 թվականից, բայց պետգնումներում ակտիվություն է սկսել ցուցաբերել միայն 2023 թվականից՝ կնքելով 3 պայմանագիր Վարչապետի աշխատակազմի, ԱԺ-ի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ: Պայմանագրերից մեկը՝ ոչ մրցակցային՝ մեկ անձ ընթացակարգով է:

Տեսանյութեր

Լրահոս