Հավի ու ձվի շուկայում գների հրաշագործը՝ թավշյա օլիգարխ Նարեկ Նալբանդյանը և այլք. 24news
24news.am-ը գրում է. Հավի և ձվի տրամաբանական պարադոքսը հասել է մինչև մեր օրեր, իսկ խնդիրը լուծելու համար, պարզվում է, «լծվել» է նաև թավշա օլիգարխ Նարեկ Նալբանդյանը։
Դեռ 2022 թվականին իշխանությունների հատուկ վերաբերմունքն ու ամենաթողության քարտ բլանշը վայելող Նարեկ Նալբանդյանի անունը հիշատակվեց ձվի շուկայում նկատվող դեմպինգի (չհիմնավորված ցածր գնի սահմանում) առնչությամբ․ նրան պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկան էր աղմկահարույց էժանացում իրականացրել, ձուն սկսել վաճառել 30-35 դրամով՝ այն դեպքում, երբ առաջին անհրաժեշտության մյուս սննդատեսակների գինը բարձր էր։
Սա ոլորտի մյուս արտադրողների օբյեկտիվ զայրույթն էր առաջ բերել, նրանց այդ ժամանակ չէր բավարարել նույնիսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) տարածած հաղորդագրությունը, թե շուկայում դեմպինգ կարող է իրականացվել գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից՝ մինչդեռ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի մասնաբաժինը չի գերազանցում 5%-ը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը առաջին անգամը չէ, փաստորեն, որ իր «թևերն է փռում» այս օլիգարխի գործողությունների վրա:
Թավշյա օլիգարխը որոշել է ձվի շուկայում իրագործած «հրաշքը» բերել նաև թռչնամսի շուկա․ նրան պատկանող «Էյթի էյթ» (88) սուպերմարկետների ցանցում («ՆՆ Հոլդինգ») հունիսի 1-ին տեղական հավի 1 հատը վաճառվել է 888 դրամով, իսկ այժմ բում ակցիա անվան տակ վաճառվում է 788 դրամով։
Մասնագետները զարմանում են՝ լսելով այդ գինը, և նշում, որ հնարավոր չէ տեղական արտադրության հավ, այն էլ 1կգ-ից ավել կշռով՝ այդքան վաճառվի: Նրանք նշում են, որ 769 դրամ Վրաստանից ներկրվող էժան ու անորակ հավի գինն է, որոնք ուղարկվում են հանրային սննդի և վերամշակման համար, որի դեմ մասնագետները և կազմակերպությունները պայքարում են. «Բացառված է, որ տեղական հավի գինը այդքան լինի, խաբում են մարդկանց, մինիմալ գինը 1150 դրամ է մեկ կիլոգրամի դեպքում»,-ասում են նրանք:
Ի դեպ, մի շարք մասնագետներ հիշեցնում են՝ 2022 թվականի հունվարից երրորդ երկրներից թռչնամիսը Հայաստան է ներմուծվում պետության տված քվոտայի շրջանակներում, 0% մաքսատուրքով՝ առանց ավելացված արժեքի հարկի։ Եվ ահա, իշխանությունների հետ սերտ համագործակցողներից որոշները օգտվում են դրանից և շուկային, տեղական արտադրողին մեծ վնասներ հասցնում՝ սպառողին անորակ արտադրանք հասցնելով: Մեր զրուցակիցներից որոշները նաև շեշտում են՝ անհասկանալի է, թե ինչի հիման վրա են թարմ պաղեցված թռչնամսի համար տվել քվոտա, եթե ամբողջությամբ թարմ պաղեցված թռչնամսի սպառման պատվերը գերակատարում և կատարում են։
Դեռևս 2023թ. ապրիլին նաև «Հետքն» էր ահազանգ հնչեցրել. տեղական արտադրողները պատմել էին, որ Վրաստանից ներմուծված սառեցված հավի միսը բերվում է Հայաստան և ապասառեցվելուց հետո վաճառվում որպես թարմ-պաղեցված միս։ Արտադրողները դժգոհել էին, որ էժանագին, կասկածելի անվտանգային հատկանիշներով, խթանիչներով աճեցված, անհամեմատ բարձր քաշով սառեցված թռչնամսի ներմուծման արդյունքում իրենց համար անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել, և նշել էին, որ արդեն մեկ տարի է՝ շուկայում այս վիճակն է։ Փաստորեն, խնդիրը որևէ կարգավորում մինչ օրս չի ստացել իշխանությունների, համապատասխան վերահսկող կառույցների կողմից: Արդյունքում տեղական արտադրողներն են տուժում և սպառողները։
Դեռևս 2023թ. Թռչնաբույծների միության անդամները, ՍԱՏՄ մասնագետները խանութներում մոնիթորինգ և դիտարկումներ էին անցկացրել ու պարզել, որ սուպերմարկետներից մեծ մասում ներմուծված վրացական թռչնամսի պիտակի վրա ո՛չ արտադրման ժամկետն է նշված, ո՛չ էլ արտադրողը։ Միայն որոշ խանութներում էին նկատել, որ պիտակի վրա գրված է «վրացական»։
Անցյալ տարի Թռչնաբույծների միությունը, որոշ արտադրողներ ահազանգել են, նամակներ գրել և հանդիպումներ ունեցել Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և փոխնախարար Արման Խոջոյանի հետ, ՍԱՏՄ-ի ղեկավար կազմի հետ, առաջարկություններ արել՝ իրավական կարգավորումներով թռչնամսի շուկայում վիճակը կարգավորելու, սակայն խնդրի լուծումը, ըստ նրանց, արհեստականորեն ձգձգվել է: Խնդիրը, փաստորեն, մինչ օրս շարունակվում է՝ գերշահույթներ ապահովելով որոշ ներկրողների համար և մեծ վնասներ հասցնելով տեղական արտադրողներին, մոլորեցնելով սպառողին:
Արձանագրենք՝ հավ ապրանքատեսակի 1կգ-ի վաճառքի գներն, ըստ ցանցային մարկետների և ֆիրմաների, տատանվում են 1190-ից՝ 2500 դրամի սահմաններում։
Թարմ «Արաքս հավի», 1 կգ-ն, օրինակ, «Չինար» խանութների ցանցում վաճառում է 1500 դրամով, թարմ հավ «Գետամեջ» պրեմիումի 1 կգ-ը «Երևան Սիթի» խանութների ցանցում 2.150 դրամ է, «Լուսակերտի» թարմ հավի կիլոգրամի արժեքը՝ 1210 դրամ, «Ջրառատի» թարմ հավը՝ 1570 դրամ, «Պարմա» խանութների ցանցում «Գետամեջի» հավի 1 կգ-ի արժեքը 2500 դրամ է», «Գուրմենիա» գաստրոմարկետում «Սպիտակ»-ի թարմ հավի 1 կգ-ն էլ մատնանշվում է 1690 դրամ։
Իշխանություններին չի՞ հետաքրքրում՝ ի՞նչ որակի սննդամթերք է վաճառվում քաղաքացիներին և ինչպե՞ս է մի օլիգարխ վնասներ հասցնում տնտեսությանը, արտադրողներին և առհասարակ՝ շուկային:
Հիշեցնենք նաև, որ 2018 թվականից հետո ասպարեզ եկած Նարեկ Նալբանդյանը կարողացավ իր հին ու նոր ՍՊԸ-ներով նվաճել մեր տնտեսության բարձունքները, գնել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը, ամբողջովին վերանորոգել և ռեբրենդինգի ենթարկել, սկսել օղու արտադրություն, բացել սուպերմարկետների ցանց և այլն։
ԱՍՏՂԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ