Հանրային մեղադրողի բացարկը՝ դատավորին, ձայնագրության մասին ակնարկներ՝ Նարեկ Սամսոնյանից. «Իմնեմնիմիի» գործով դատական նիստը թեժ ընթացավ

Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, շարունակվում են «Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով» («Իմնեմնիմի»-ի գործ) լսումները:

Նախորդ դատական նիստում դատարանը կրկին անդրադարձավ Սամսոնյանի ու Սաղաթելյանի խափանման միջոցի հարցին։ Պատճառը հանրային մեղադրողի միջնորդությունն էր:

Հանրային մեղադրողը հանդես եկավ նրանց կրկին կալանավորելու միջնորդությամբ: Որպես հիմք՝ նա վկայաբերեց Նարեկ Սամսոնյանի ուղիղ եթերները դատարանի որոշումից հետո, ասաց՝ նշված հաղորդումների ժամանակ Նարեկ Սամսոնյանը հանդես է եկել՝ որպես հաղորդավար: Հանրային մեղադրողի կարծիքով՝ «Իմնեմնիմի» հաղորդաշարի ու Նարեկ Սամսոնյանի ուղիղ եթերով միայնակ հանդես գալու մեջ ոչ մի տարբերություն չկա: Հանրային մեղադրողը նույն միջնորդությունը պնդեց նաև Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ:

Դատարանը, լսելով կողմերին, որոշեց՝ ընտրված խափանման միջոցը ենթակա չէ փոփոխման, հանրային մեղադրողների միջնորդությունը ենթակա է մերժման:

Կարդացեք նաև

Այսօրվա դատական նիստի սկիզբում դատավոր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Պրոբացիայի ծառայություններից գրություններ են ստացվել այն մասին, որ Նարեկ Սամսոնյանի ու Նարեկ Սաղաթելյանի նկատմամբ հսկողություն չի իրականացնում, քանի որ չունի համապատասխան գործիքակազմ:

Ի պատասխան ստացված գրության վերաբերյալ դիրքորոշման՝ դատախազ Հայկ Հարությունյանը դատավորին բացարկի միջնորդություն հայտնեց:

Դատավորը ճշտող հարց տվեց՝ իսկ որտեղի՞ց գիտեիք Պրոբացիայի ծառայության գրության բովանդակության մասին:

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանները դեմ հանդես եկան հանրային մեղադրողի միջնորդությանը:

Դիրքորոշում հայտնեց նաև Նարեկ Սամսոնյանը՝ ասելով, որ հանրային մեղադրողների խնդիրն իրենց կալանքի տակ պահելու հարցը լուծելն է:

Իր խոսքում Նարեկ Սամսոնյանը նաև ինչ-որ ձայնագրության մասին ակնարկեց, խոստացավ պատեհ ժամանակին անդրադառնալ դրան:

Փաստացի հանրային մեղադրողն ու դատախազներն ընդդեմ դատավորի որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել, ինչը, սակայն, բացահայտվեց դատավորի մեկ հարցով, հատկապես որ ինքը՝ հանրային մեղադրողը, չհերքեց, որ այլ գործերով Պրոբացիայի ծառայություն անդադար չի զանգում:

Այս քննարկման ընթացքում դատարանում հոսանքն անջատվեց. hայտարարվեց  ընդմիջում:

Նիստը վերսկսվեց, և միջնորդության քննությունը շարունակվեց: Դատարանը, լսելով կողմերին, որոշեց՝ միջնորդությունը ենթակա է մերժման: Արման Հովհաննիսյանը նաև մանրամասն մեկնաբանեց իր որոշումը:

«Դատարանն ընդհանրապես վկայի վրա ազդեցությանմ մասով իր որոշումը կայացնելուց հետո հարցեր չի տվել կողմերին… Ո՞նց կարող է անձի լսված լինելու իրավունքի մասին խոսել, երբ պրոֆեսիոնալ իրավաբանը պաշտպանում է նրա շահերը: Դատարանը որոշում չի կայացրել, այլ փաստարկն է վեր հանել ու չկրկնվելու համար ասել՝ այդ հարցին չի անդրադառնալու: Վազգեն Սաղաթելյանին ոչինչ չէր կաշկանդում, որ ասեր՝ նույնը չէ, պատվարժան դատարան, ուրիշ բան եմ ուզում ասել»,- ասաց նա:

Պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով՝ դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 14-ին՝ ժամը 12։00-ին:

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներն անազատության մեջ էին մարտի 22-ից, այն բանից հետո, երբ իրենց հեղինակային «Իմնեմնիմի» փոդքաստում կոշտ բառապաշարով քննարկել են Տավուշի հայկական տարածքներն ադրբեջանական կողմին հանձնելու մտադրության մասին ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունները։

Հիշեցնենք նաև, որ նշված թողարկման հաջորդ օրը՝ առավոտյան, իր բնակարանից դուրս գալուց հետո, ավտոկայանատեղիում ոստիկանության աշխատակիցները մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին էին տապալել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանին:

Մանրամասները՝ տեսանյութերում:

 

Տեսանյութեր

Լրահոս