«Այս պահին շարժման հաղթանակի համար պակասում է հետևողական քաղաքականությունը և դրսի աջակցությունը, որն ունի իշխանությունը». Հրանտ Միքայելյան

Հունիսի 17-ին ԱԺ-ում Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով նիստ էին նախաձեռնել ԱԺ  ընդդիմադիր երկու խմբակցությունները, բայց ՔՊ-ն բոյոկոտեց և քվորում չապահովեց։ Դրանից  հետո Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ շարժումը չի մարելու՝ շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ճշմարտությունը հաղթի կեղծիքին։

Բագրատ սրբազանը հայտարարեց նաև, որ առաջիկայում երիտասարդների հետ մեծ հավաք է տեղի ունենալու, այնուհետև քիչ մարդկանցով այցելելու են տարբեր մարզեր, Երևանի տարբեր համայնքներ։

Հանրահավաքից հետո, իշխանական պատգամավորները և իշխանամերձ շրջանակները համացանցը ողողեցին շարժման վերաբերյալ գրառումներով, թե՝ «վերջ, մարեց հերթական շարժումը»։

Արդյո՞ք շարժումը մարում է, իշխանւթյանը կհաջողվի՞ ոստիկանության և ուժային այլ կառույցների ակտիվ գործողությունների և բիրտ ուժի գործադրմամբ կասեցնել շարժումը։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում  քաղաքագետ,  տնտեսագետ  Հրանտ Միքայելյանը պատասխանելով այս հարցերին, ասաց՝ ակնհայտ է, որ իշխանությունների գործի դրած բիրտ ուժը չի կանգնեցնում շարժումը։

«Մենք տեսնում ենք, որ բիրտ ուժի գործադրումը ինչ-որ առումով դրական է ազդում մարդկանց քանակի վրա, քանի որ մարդիկ հավաքվում են, որպեսզի կանխեն հետագա բռնությունները կամ գոնե միասին ընդդիմանան։

Մյուս կողմից էլ՝ այստեղ կան ուրիշ հանգամանքներ, որոնք գործում են շարժման դեմ։ Դրանցից մեկն այն է, որ շարժումն արդեն ծավալվում է բավականին երկար ժամանակ, որովհետև ի սկզբանե ակնկալիքներն ուրիշ են եղել։ Երկրորդ հանգամանքն այն է, որ իշխանությունն այս պահին մեդիայում ունի գերակայություն, կարողանում է փոխել հանրային կարծիքը, վարկաբեկել շարժումը։ Նույնիսկ, եթե լիարժեք վարկաբեկումը հնարավոր չէ, փորձում են սերմանել անվստահություն, որն ինչ-որ աստիճանով ազդում է մարդկանց վրա, և որոշները ակցիաներին չեն մասնակցում։ Այս խնդիրները առաջանում են, որովհետև ընդդիմության ներկայությունը մեդիայում, ի տարբերություն իշխանության՝ քիչ է։ Կա ևս մեկ կարևոր հանգամանք՝ իշխանությունն ունի լուրջ ու ակնհայտ դրսի աջակցությունը, որի մասին վկայում են վերջին հանդիպումները, այցերը և այլն»,- նշեց Հրանտ Միքայելյանը։

Շարունակելով միտքը, քաղաքագետն ընդգծեց՝ մի կողմից ՀՀ իշխանությունն ունի Արևմուտքի աջակցությունը, թե՛ ԵՄ-ի, թե՛ Միացյալ Նահանգների, այդ ամենն ակնհայտ է, մասնավորապես՝ ակցիայի մասնակիցներին իշխանությւնների կողմից ճնշելու, նրանց նկատմամբ բռնություններ կիրառելու պարագայում, որի մասին խոսել է նաև Բագրատ սրբազանը։

«Իշխանությունն ունի նաև Թուրքիայի կողմից շատ լուրջ աջակցություն, որը հետևյալն է՝ եթե իշխանությունը, օրինակ, փորձի ուժը կորցնել, Թուրքիան պատրաստ է հարձակվել Հայաստանի վրա։ Այսինքն՝ եթե Թուրքիայի համար ՀՀ-ում նպաստավոր իշխանություն չլինի, նրանք պատրաստ են հարձակվել, դրա մասին հրապարակում է  եղել մամուլում, իսկ Ադրբեջանում՝ ավելի բարձր մակարդակով խոսակցություններ։ Այս ամենն ընդդիմությանը հետ է պահում ավելի կոշտ գործողություններից։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա այդ դիրքորոշումն այստեղ շատ անհասկանալի է։ Կան տարատեսակ ազդակներ, որը մի տեղ կարելի է  ընկալել՝ որպես ընդդիմությանն աջակցություն, մեկ այլ տեղում՝ իշխանությանը։ Մեծ հաշվով կարելի է  ասել, որ Ռուսաստանի գործոնն այս պահի դրությամբ չեզոք է։ Այսինքն՝ դրսի դիրքորոշումը, որը կա իշխանության մասով՝ հենց իշխանությունների համար ստեղծում է նպաստավոր պայմաններ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ ժողովրդական շարժման ու իշխանությունների միջև այսօր կա շատ լուրջ ուժային անհավասարություն, հետևաբար իշխանությունը պատրաստ է ուժ կիրառել, իսկ շարժումը չունի այն հակազդելու բավարար ուժ։ Ուստի, քաղաքագետի կարծիքով՝ եթե նույնիսկ դրսից իշխանություններին չօգնեն, դա բավարար չէ, որ ժողովուրդը հասնի հաջողության, քանի որ ներսից ուժային կառույցները պահում են իշխանությունը։

«Այստեղ խնդիրն այն է, որ երկարատև քաղաքական գործունեություն է պետք, իսկ Հայաստանում շարժումները պարբերաբար ծագում են, որոշ ժամանակ՝ հետո մարում, իսկ հաջորդող շարժումը չի լինում դրա շարունակությունը։ Այսօր շարժումը մեդիայի դաշտում չունենալով բավարար ռեսուրս, չի կարողանում հանրությանը ճշմարտությունը տեղ հասցնել, արդյունքում՝ իշխանությունն այդտեղ լրացնում է՝  հակաքարոզչություն իրականացնելով։ Այս պարագայում նույնիսկ ամենաճիշտ խոսքը չի կարողանում ժողովրդի էներգիան կուտակել մի կետում, որը կփոխի իշխանությունը։ Ամփոփելով ասեմ՝ այս պահին շարժման հաղթանակի համար պակասում է  հետևողական քաղաքականությունը, որն ընդդիմության կողմից բավարար չափով չի իրականացվել, և դրսի աջակցությունը, որ ունի իշխանությունը»,- եզրափակեց Հրանտ Միքայելյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս