Վերջին շրջանում իշխանությունները բացահայտ տնտեսական տեռոր են իրականացնում բիզնեսի նկատմամբ, երբեմն՝ ակնհայտ քաղաքական երանգներով։ ՀԷՑ-ը դրա վառ օրինակներից մեկն է։ Բայց ՀԷՑ-ը բոլորովին էլ եզակի չէ։ ՀԷՑ-ի պարագան ավելի շատ քաղաքական է, չնայած քաղաքականի տակ նաև տնտեսական բաղադրիչ կա։ ՀԷՑ-ը ոչ միայն քաղաքական նպատակով են ուզում խլել, այլև մտադիր են տիրանալ դրան։ Իշխանության ներսում կան մարդիկ, ովքեր աչք ունեն ՀԷՑ-ի վրա։
Անկախ նրանից, թե ինչ կասեն, չեն ասի իշխանություններն ու նրանց քաղաքական կամքը կատարող պետական կառույցները Հայաստանում սկսված բռնաճնշումների վերաբերյալ, դրանք մեկ նպատակ ունեն՝ վախեցնել և հետ պահել երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներին քաղաքական գործընթացներից։ Մարդիկ մտահոգված են երկրի ապագայով ու այլ ճանապարհ չտեսնելով՝ ստիպված են իրենց մտահոգությունները փողոցում արտահայտել, խաղաղ անհնազանդության ակցիաների, սեփական կարծիքն արտահայտելու միջոցով։