Բաժիններ՝

Դեռահասն անցնում է հորմոնային հրաբխի միջով. հոգեբան

Դեռահասությունը (պուբերտատային տարիք) փոթորիկների կամ հորմոնալ պայթյունի տարիք է։ Դեռահասության ճգնաժամը, որի վառ արտահայտված փուլը 12-14 տարեկանն է, հախուռն դրսևորում է ունենում, դեռահասի վարքագիծն իրեն անճանաչելի է դարձնում շրջապատողների աչքում։ Դեռահասին սկսում են չգրավել նախկին հետաքրությունները, երկրորդ պլան են մղվում իր համար նախկինում շատ կարևոր մարդիկ, նկատվում են ագրեսիա, անհարգալից վերաբերմունք։

Դեռահասության ճգնաժամի անճանաչելի կողմերը «Արմենպրես»-ը գաղտնազերծում է «Բացահայտելով հոգեբանի հետ» պոդքաստային նախագծում, որի հյուրը հոգեբան, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Նաիրա Հարությունյանն է։

Նրա նկարագրմամբ՝ դեռահասության ճգնաժամն ունենում է նաև սեպարացիոն դրսևորում, երբ դեռահասը փորձում է առանձնանալ ծնողներից։ Նկատվում են կախվածության վեկտորներ, անգամ՝ միայնության կամ մեկուսացման վարքային դրսևորում։

Մասնագետը դեռահասության ճգնաժամի ամենաանհանգստացնող դրսևորումը համարում է դևիանտ վարքը, որը կարող է արտահայտվել ինքնավնասմամբ, սուիցիդալ մտքերով, տնից փախուստով, փոքր հանցագործություններով, սեռական վարքի դրսևորումներով։ Սակայն, անհանգստացնող լինելով հանդերձ, այս բոլոր երևորույթները կարելի է կանխել կամ պարզապես հասկանալ, թե որ դեռահասը կգնա այս ճանապարհով։

Կարդացեք նաև

Մասնագետը նաև դեռահասության տարիքի տարբեր պարբերացումներ ներկայացրեց․ ռուսական տարիքային պարբերացումը դեռահասություն է համարում 10-15 տարեկանը, Արևմուտքում՝ 10-11 տարեկանից մինչև 18-19, երբեմն մինչև 21 տարեկանը, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջերս 10-20 տարեկանն է համարել դեռահասություն։ «Եվ հետաքրքիր մի փաստ․ դեռահասությունը զարգացած երկրներում ավելի երկար տևում, քան ոչ զարգացած երկրներում»,-նկատեց Նաիրա Հարությունյանը։

Դեռահասության ճգնաժամի հիմքում ֆիզիոլոգիական գործոնն է, սեռական հասունացումը․ դեռահասն անցնում է հորմոնային հրաբխի միջով։ Օրգանիզմը տառապում է, ամեն ինչ վերակառուցվում է՝ և ուղեղը, և սիրտ-անոթային համակարգը, և կմախքը, և այդ վերակառուցումն ընթանում է ոչ սինխրոն ձևով։ Երբեմն սիրտը չի հասցնում բավարար թթվածին և արյուն մատակարարել ամբողջ օրգանիզմին, դրա համար դեռահասը կարող է ունենալ գլխապտույտներ, արյունահոսություն քթից, հիշողության խնդիրներ, կարող է քնելու և արթնանալու ժամերի հետ կապված խնդիրներ ունենալ, դրա համար դասերին կարող է քնել։ Դեռահասը կարող է ունենալ ագրեսիայի նոպաներ, երբ ինքն էլ հաճախ չի հասկանում՝ ինչ է կատարվում իր հետ, շնչառության խնդիրներ, ասթմայի նոպաներ, հիստերիայի նոպա, որը դեռահասը չի կարողանում կանխել։

«Ճգնաժամն առաջանում է այն պատճառով, որ ֆիզիոլոգիական, հոգեբանական և սոցիալական զարգացումները չեն համընկնում․ ֆիզիոլոգիապես երեխան մեծ է արդեն, ձևավորվել է արտաքին տեսքը, բայց սոցիալապես պատրաստ չէ դեռ չափահասի պարտականությանը և հոգեբանորեն դեռևս իրեն չի զգում որպես չափահաս, որպես մեծահասակ։ Նաև մեծերն են իրեն սկսում ընկալել որպես մեծահասակ, բայց նա դեռ մեծացած չէ, կարելի է ասել երկու տարիքի մեջտեղում է և տառապում է»,-պատկերավոր ներկայացնում է մասնագետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս