Ադրբեջանի թիրախում Հայաստանի տնտեսության ողնաշարն է

Ներքաղաքական կյանքը հասկանալիորեն կլանել է հանրային ամբողջ ուշադրությունը, մինչդեռ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները պահանջում են չնվազող աչալրջություն, քանի որ, դրանցում գոյություն ունեցող բացահայտ մարտահրավերներից և ռիսկերից զատ, կան նաև «խմորվողները», որոնք չունեն ագրեսիվ ֆիզիկական դրսևորում, բայց կարող են ունենալ հեռուն տանող հետևանքներ: Դրանից խուսափելու համար է, որ պահանջվում է աչալրջություն և կանխարգելիչ համապարփակ գործողությունների համակարգված ամբողջություն:

Ադրբեջանն ամբողջ թափով պատրաստվում է Կլիմայի գագաթնաժողովին, այսպես ասած՝ Cop29-ին, որը նոյեմբերին անցկացվելու է Բաքվում: Դրան ընդառաջ՝ կազմակերպվում են բազմաթիվ միջազգային համաժողովներ, որոնց «մեխն» այն է, որ Բաքուն փորձում է միջազգային հանրության առաջ դիրքավորվել՝ իբրև «կանաչ էներգիայի» խաղացող:

Ինչպես Տավուշում սահմանազատման և սահմանագծման արդյունքում զբաղեցրած դիրքերն ադրբեջանական պրոպագանդան ներկայացնում է Հայաստանի զինուժի հանդեպ ռազմավարական գերակայության դիրք, այդպես էլ «կանաչ էներգիայի» դաշտում դիրքավորումն Ադրբեջանը մտադիր է վերածել Հայաստանի հանդեպ նոր գրոհների հենակետի:

Կարդացեք նաև

Հիշենք, որ գրեթե մեկ տարի առաջ ադրբեջանական ավելի քան երկու տասնյակ, այսպես կոչված, բնապահպանական ՀԿ-ներ նամակ էին հղել Հայաստանի վարչապետին՝ հորդորելով կասեցնել Հայաստանի հանքարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների աշխատանքը, իբրև թե ռեգիոնի շրջակա միջավայրին հասցվող վնասի պատճառով:

Վաղուց հայտնի է, որ «բնապահպաններն» Ադրբեջանում հատուկ, այլ ոչ թե հասարակական նշանակության ստորաբաժանումներ են, որովհետև Ադրբեջանում չկա հասարակական նշանակության սեկտոր: Կա կենտրոնաձիգ իշխանական համակարգ, որը հետևողականորեն առաջ է տանում Հայաստանը թիրախում պահելու քաղաքականություն:

Առավել քան պարզ է, թե ինչո՞ւ է Ադրբեջանի թիրախում հայտնվում Հայաստանի հանքարդյունաբերությունը: Այն Հայաստանի տնտեսության խոշորագույն ճյուղն է, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի տնտեսական կայունության, ամրության, արդյունաբերական ողնաշարի համար: Ադրբեջանը չի դադարելու այդ ողնաշարը «կոտրելու» մտքից: Եթե մենք կարծում ենք, որ ադրբեջանցիների նամակը մեկանգամյա ակտ էր, որ եղավ ու անցավ, ապա սխալվում ենք չարաչար: Պարզապես, Բաքուն օգտագործում է Կլիմայի սպասվող Գագաթնաժողովն իր դիրքերն ամրացնելու և այդ դաշտում ուժերը, այսպես ասած, վերակազմակերպելու համար, իր գործողությունների նաև որոշակի միջազգային միջավայր ապահովելու նպատակով:

Հայաստանը պետք է լրջորեն զբաղվի նույնքան համակարգային և ամբողջական պաշտպանության հարցերով, որը պետք է ենթադրի պետության, հանքարդյունաբերական ընկերությունների և հասարակական սեկտորի համակարգված ու պլանավորված աշխատանք: Ըստ էության, աշխատանքի փաստական բազան գործնականում առկա է: Եթե Ադրբեջանը մոգոնում է մեղադրանքները, ապա Հայաստանի պարագայում դրանց հերքման մասնագիտական, գիտական, փաստական բազան բավարար է լիուլի: Անհրաժեշտ է հղկված ու համակարգված մեխանիզմը, որ կիրականացնի անհրաժեշտ պաշտպանությունը, հարկ եղած դեպքում՝ ընդհուպ կանխատեսման և կանխարգելող տրամաբանությամբ:

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս