ՀԱՊԿ-ը լքելուց ավելի կարևոր է հարցը՝ ինչու ՀՀ-ն, ի վերջո, չի լքում ՀԱՊԿ-ը, պատասխանները շատ են․ վերլուծաբան

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց՝ ՀՀ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը։

«21-26 թվականի կառավարության ծրագրում չենք ասել, որ մնալու ենք ՀԱՊԿ անդամ»,- Ազգային ժողովում, 2023-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց նա։

Թե երբ դա տեղի կունենա, ըստ Փաշինյանի, «հնարավոր է՝ մեկ ամիս, հնարավոր է՝ մեկ տարի, հնարավոր է՝ երեք տարի հետո»:

Ըստ նրա, իրենք կորոշեն՝ երբ։

Կարդացեք նաև

Այսօր նա նաև որոշեց արձագանքել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի շուրջ մեկ ամիս առաջ Բաքվում հնչեցրած հակահայկական բնույթի հայտարարություններին՝ ասելով, թե Լուկաշենկոյի իշխանության օրոք ոչ ինքը, ոչ էլ իր ղեկավարած իշխանությունից որևէ պաշտոնյա պաշտոնական այցով Բելառուս չի մեկնի։

Նախօրեին էլ խորհրդարանում, հարցուպատասխանի ժամանակ, Փաշինյանն ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին՝ ասելով. «Մեղավորը նրանք ենք, ովքեր ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը»։

Ավելի վաղ նա նաև ասել էր, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել է «մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»։

Նրա այդ հայտարարությունը հնչել էր Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետո, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերի մասին և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին, ասել է, որ ռուսական կողմն ակնկալում է, որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության ու դաշնակցային հունով։

«Մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ՀՀ վարչապետի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարի վերաբերյալ հայտարարություններին։

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Փաշինյանը հիշեց Լուկաշենկոյի մեկամսյա հայտարարությունները հենց այսօր՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի՝ ՀՀ կատարած այցից հետո, երբ հայտարարվեց, թե առաջիկայում հայ-ամերիկյան հարաբերությունները կբարձրացվեն ռազմավարական մակարդակի՝ այն  ամրագրելով փոխըմբռնման հուշագրով։

«Ամփոփիչ հանդիպման ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առաջընթացին և ուրվագծեցին գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի»,- ասված էր ՀՀ-ԱՄՆ հայտարարությունում։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը նշեց, որ այս պահին ավելի կարևոր է այն, թե ինչու ՀՀ-ն այսքան ժամանակ չի լքում ՀԱՊԿ-ը, եթե սառեցրել է իր մասնակցությունը, որքան այն, որ մի օր ՀՀ-ն լքելու է ՀԱՊԿ-ը։

Ըստ նրա, ենթադրելի էր, որ դա հնարավոր է, բայց ինչու դա տեղի չի ունենում, առանձին քննարկման թեմա է։

«ՀՀ-ՀԱՊԿ առճակատման վերջին այս փուլից հետո արդեն պարզորոշ դարձավ, որ ՀՀ-ն պատրաստ է լքել ՀԱՊԿ-ը։ Սակայն, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ժամանակ ձգելով՝ Փաշինյանի իշխանությունը փորձում է շոշափել աշխարհաքաղաքական հնարավոր ելքերը ՌԴ-Արևմուտք պատերազմում Ուկրաինայի տարածքում, փորձում է նաև ստուգել ՌԴ արձագանքներն այդ կարևոր փոփոխությանը հայ-ռուսական հարաբերություններում, այդ մասին անընդհատ խոսելով և հետագայում քայլի ազդեցությունը ու դրան արձագանքը հնարավորինս թուլացնելով։

Կա նաև մեկ այլ նպատակ՝ այդ ընթացքում Փաշինյանը փորձում է հարմար տեղավորվել Արևմուտքում։ Չգիտեմ, թե որքանով հարմար կհաջողվի, ամեն դեպքում նման հույսեր Հայաստանում կան։ Հայաստանին ընդառաջ յուրաքանչյուր քայլ Արևմուտքից՝ Հայաստանի կողմից արժանանալու է հերթական հակառուսական հայտարարությանը կամ քայլին։ Սա է մեխանիզմը։ Եթե իրատեսական և լուրջ աջակցություն, երաշխիք լինի, գուցեև Երևանն արագորեն նախաձեռնի նման գործընթաց»,- նման կարծիք հայտնեց ռուս վերլուծաբանը։

Եվսեևը չի բացառում, որ նախօրեից ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությունները կապ ունեն ԱՄՆ պաշտոնյայի ՀՀ կատարած այցի հետ։

«Հայաստանին մի փոքր ֆինանսական աջակցություն են տրամադրում, փոքր խոստումներ, հայտարարություններ, ու դրա դիմաց Հայաստանից կորզում են ՀՀ-ի համար ամենակարևոր քայլը, սակայն առարկայական ի՞նչ է անում ԱՄՆ-ը Հայաստանի համար՝ հստակ չէ։ Երևանի քայլերը, որոնք բխում են ԱՄՆ շահերից, հստակ են՝ ՀՀ-ն հետևողականորեն նվազեցնում է ՌԴ ազդեցությունը՝ և քայլերով, և հայտարարություններով, ինչը թե ռեգիոնալ, աշխարհաքաղաքական, թե ներհայաստանյան նշանակություն ունեն։

«Իսկ ԱՄՆ ո՞ր քայլերն են բխում ՀՀ շահերից»,- նման հռետորական հարց ուղղեց վերլուծաբանը։

Նույնը, ըստ Եվսեևի՝ տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների մակարդակում, երբ ՀՀ-ն ըստ էության սառեցրել է իր շփումները նախարարների մակարդակով։

«Կարծում եմ՝ որևէ ուղղությամբ շարունակություն չկա, ելնելով աշխարհաքաղաքական հնարավոր ելքերի տրամաբանությունից»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս