Այս շարժումը քաղաքական չէ, սա քաղաքականությամբ զբաղվել չէ, բացի մեր երկիրը փրկելուց՝ որևէ այլ ակնկալիք չկա․ Արման Նուռ
Պետք է հասկանալ՝ ի՞նչ է նշանակում մտավորական՝ որպես այդպիսին։ Բնավ պարտադիր չէ, որ նկարիչը, երգիչը, կոմպոզիտորը, երաժիշտը, գրողը, արձակագիրն իրենց այդ տիտղոսների հետ մեկտեղ՝ նաև մտավորական լինեն։ Տաղանդավորն ու մտավորականը տարբեր երևույթներ են՝ երբեմն անգամ մեկը մյուսին բացառող։ Մտավորականն այն մարդն է, որը մտահոգ է, մտածում է երկրի մասին և ոչ թե միայն իր տաղանդը վաճառելով է զբաղված։ Ցավոք սրտի, 99 տոկոսի դեպքում հենց տաղանդը վաճառողներն են, որոնք վախենում են՝ եթե մի քիչ հայրենիքի մասին մտածեն, իրենց դրա համար կվճարե՞ն, և կամ՝ կարո՞ղ է հայրենիքի մասին մի քիչ մտածելու դեպքում իրենց վաճառած տաղանդն այլևս չգնեն։ Երկրորդ մտավախությունը շատ ավելի է հանդիպում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց նկարիչ, քանդակագործ, ոսկերիչ, դիզայներ Նուռը:
«Ո՞ւմ է պետք նրանց տաղանդը, եթե չունեն երկիր։ Ո՞ր երկրի, ո՞ր ազգի համար են ստեղծագործելու։ Այս հարցերը նրանց համար միգուցե կարևոր չեն, երևի մտածում են՝ այս երկիրը չի լինի, կգնան այլ տեղ, այնտեղ կապրեն ու կստեղծագործեն։ Դա արեցին մեծաքանակ տաղանդավոր արվեստագետներ, որոնք գնացին ԱՄՆ։ Էլի կարելի է գնալ, պարտադիր չէ միշտ ապրել նույն երկրում, բայց ոչ այն ժամանակ, երբ երկիրդ մահանում է։ Երկիրդ մայրդ է, ծնողդ, և եթե հիվանդ է, դու չես կարող թողնել-գնալ՝ պատճառաբանելով, թե ինքն արդեն առողջ չէ, հիվանդ է ու մեզ պետք չէ։ Այդպես չի լինում։ Այն պահին, երբ երկիրը հիվանդ է, չես կարող գնալ։ Առողջ ժամանակ գնա, մի բանով զբաղվիր, և քանի դեռ երկիրդ առողջ է, դու էլ հանգիստ ես։ Չէ՞ որ մենք այդպես ենք վերաբերվում նաև մեր ծնողին։ Երբ մեր ծնողն առողջ է, ամեն ինչ նորմալ է, մենք շրջագայում ենք կամ աշխատում, բայց երբ հիվանդ է, մենք գալիս-նստում ենք կողքը, փորձում ենք օգնել, տիրություն անել»,- ասաց արվեստագետը:
«Զվարճալի է ֆեյքերի ակտիվացումը։ Չեն հասկանում, որ դրանք այլևս չեն աշխատում։ Դա աշխատում էր այն ժամանակ, երբ մարդիկ չգիտեին, որ դա ֆեյք է, բայց հիմա բոլորը գիտեն՝ ֆեյքն ինչ է։ Այս ծավալի ֆեյքային ակտիվություն երբևէ չէր եղել։ Այս շարժումը քաղաքական չէ, սա քաղաքականությամբ զբաղվել չէ։ Բացի մեր երկիրը փրկելուց՝ որևէ այլ ակնկալիք չկա։ Շարժումը պիտի ավարտվի հաղթանակով, այլ տարբերակ չկա։ Քաղաքականությունն այն է, երբ եկել ես որևէ օգուտ ունենալու, իսկ մեր օգուտը միայն մեր երկիրը փրկելն է։ Շատ ռաբիս երգիչներ հայալեզու ադրբեջանական երգեր են երգում առայսօր։ Ժամանակին մենք համակերպվել և ապրել ենք ադրբեջանցիների հետ, ստեղծագործել ենք իրար հետ, բայց իրենք հասկանո՞ւմ են՝ ինչ կառուցվածք էր դա, արդյո՞ք ուզում են վերադառնալ դրան, կարո՞ղ ենք նորից Խորհրդային Միություն դառնալ, խորհրդային բարքերը նորից ընդունել։ Իհարկե ոչ»,- նշեց նկարիչը:
Արվեստագետի պնդմամբ՝ ազատ և ժողովրդավարական միջավայրում հայն ու ադրբեջանցին համատեղելի չեն. «Երբ խորհրդային բոլոր ատյանները կային, որոնք թույլ չէին տալիս, որ մի ազգը մյուսին մի բան ասեր, միգուցե և կարողացել ենք որոշ ժամանակ համակերպվել։ Չնայած այն ժամանակ ասում էին՝ սա թուրք է, թուրքի կանաչին ու միրգը մի առ։ Ադրբեջանցիներին այն ժամանակ թուրք էինք ասում, թուրքը մեզ համար ադրբեջանցին էր։ Չնայած ապրում էինք մի երկրում, բայց դա հասկանում էինք։ Դա ասվում էր ցածր։ Արդյո՞ք պատրաստ է այսօր հասարակությունը նորից շշուկով խոսելու, չբարձրաձայնելու»:
«Արդյո՞ք մեր հանրությունը, զոհերի բարեկամները, ընկերները, արցախցիները կներեն մեր տղաների մահերը։ Արդյո՞ք կարող ենք համատեղվել։ Կիրանցում եվրադիտորդները զարմանում էին, թե ինչու են տեղացիները բողոքում՝ ասելով, որ ՀՀ կառավարությունը պնդում է, թե հայերն ու ադրբեջանցիները հանգիստ կարող են ապրել իրար հետ։ Երբ երկու ազգերի անհամատեղելիության մասին էին լսում, ասում էին, թե իրենց նման բան չեն պատմել, իրենք դա առաջին անգամ են լսում։ Սրանք հանձնելու են այնքան, մինչև Հայաստանը վերջանա»,- ամփոփեց Արման Նուռը։
Մանրամասները՝ տեսանյութում.