Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներողություն է խնդրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից՝ Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունն ուշացնելու համար, ինչպես նաև հայտարարել է 225 միլիոն ռազմական աջակցության հերթական փաթեթի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։
ԱՄՆ նախագահն Ուկրաինայի ժողովրդից ներողություն է խնդրել, քանի որ նրանք չգիտեին՝ արդյոք կշարունակեն օգնություն ստանալ Վաշինգտոնից։ Բանն այն է, որ Կոնգրեսի կողմից Ուկրաինային 61 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթի հաստատումը տևել էր 6 ամիս։
Միևնույն ժամանակ Բայդենը վերահաստատել է, որ ամերիկացի ժողովուրդը կանգնած է Ուկրաինայի կողքին երկարաժամկետ հեռանկարում։
Իր հերթին Վլադիմիր Զելենսկին Բայդենի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ օրենսդիրներին՝ աջակցության փաթեթն, ի վերջո, հաստատելու համար՝ նշելով, որ դա թույլ է տվել կասեցնել ռուսական ուժերի առաջխաղացումը։
Զելենսկին նաև կոչ է արել, որ ԱՄՆ-ն ավելացնի աջակցությունն իր երկրին, մինչ ուկրաինացիները փորձում են հետ մղել ռուսական ուժերի հարձակումը․ նա զուգահեռներ է անցկացրել Երկրորդ աշխարհամարտի հետ։
«Շատ կարևոր է, որ այս միասնության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ողջ ամերիկացի ժողովուրդը մնա Ուկրաինայի հետ այնպես, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էր։ Ինչպես ԱՄՆ-ն օգնեց փրկել մարդկային կյանքեր, փրկել Եվրոպան: Եվ մենք հույս ունենք, որ դուք կշարունակեք ձեր աջակցությունը և ուս ուսի տված կկանգնեք մեր կողքին», – ասել է Զելենսկին:
Երկու ղեկավարները Ֆրանսիայում են, որտեղ հունիսի 6-ին այլ ղեկավարների հետ միասին մասնակցում էին Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակի միջոցառումներին։