«Փաշինյանին պատրաստում են ադրբեջանական առաջարկներով խաղաղության պայմանագիր ստորագրելուն». Հայկ Նահապետյան
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Ադրբեջանի համար, քանի որ առաջիկա օրերին և շաբաթներին այդ երկրի կողմից Հայաստան ներխուժման անհանգստացնող հավանականություն է կանխատեսում:
«Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում քննարկվում էր՝ որպես վայր, որտեղով անցնելու էր Ադրբեջանի կողմից վերահսկվող «Զանգեզուրի միջանցքը» դեպի Նախիջևան:
Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումն Արցախ և դրան հաջորդած տարածքի բռնազավթումը, ինչպես նաև Թուրքիայում և Ադրբեջանում տարածված էնդեմիկ ցեղասպանական հայատյացությունը, մեծ ռիսկ կա, որ Ադրբեջանի ներխուժումը կարող է վերածվել ցեղասպանության»,- նշված է ինստիտուտի տարածած հայտարարության մեջ։
Ի՞նչ հետևություններ պետք է անի ՀՀ իշխանությունը Լեմկինի ինստիտուտի այս նախազգուշացումներից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմ սկսելու ի՞նչ նախադրյալներ կան։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը պատասխանելով այս հարցերին, նկատեց՝ արևմտյան ցանկացած նման կարգի ինստիտուտ, որն իբր ունի գործառույթ ցեղասպանությունների կանխարգելման, իրականում քողարկում են արևմտյան պետությունների կողմից, որևէ երկրի ու ժողովրդի կողմից իրականացրած ցեղասպանությունը։ Այսինքն՝ ցեղասպանության ենթարկված ժողովուրդների, երկրների քողածածկույթն են։
«Օրինակ, հայտնի երկնաքերների ռմբակոծումից հետո, փաստացի Միացյալ Նահանգներն ապօրինի կերպով մտավ ինքնիշխան պետության տարածք։ Իսրայելա-պաղեստինյան այս հակամարտությունը տեսեք, որտեղ ակնհայտ ցեղասպանություն իրականացնելու դրսևորումներ կան։ Այս կարգի ինստիտուտների գնահատականները պետք է նայել ոչ թե այն կտրվածքով, ըստ որի՝ իրենք իրազեկում են, այլ պետք է հասկանալ, թե ինչու է նման տեղեկատվություն տարածվում։
Այդ ինստիտուտի անաչառության ու անկեղծության վրա ես խիստ կասկածում եմ։ Ինչո՞ւ, հիշեք Բելգիայում Հայաստանի դեսպան և Եվրոպական Միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանի հայտարարությունը։ Հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը, թե իբր խոսել են, հետո հերքվեց»,- նշեց Հայկ Նահապետյանը։
Ըստ նրա, նման տեղեկատվություն տարածվում է, քանի որ հայ ժողովրդի մեծամասնությունը հրաշալի գիտի սահմանների պաշտպանվածության չափը, որը չափելի չէ, եթե Ամերիկայի ու Թուրքիայի միացյալ զորախմբի կողմից հարձակում լինի, իհարկե, դիմադրություն կլինի, բայց ուժերի հարաբերակցությունը չափելի չէ, հետևաբար՝ այդ տեղեկությունները տարածում են ժողովրդի մոտ խուճապ առաջացնելու համար։
«Խուճապ տարածելուց զատ, Փաշինյանին պատրաստում են ադրբեջանական առաջարկներով խաղաղության պայմանագիր ստորագրելուն և մեր քաղաքացիներին երկընտրանքի առաջ են կանգնեցնելու՝ կամ պատերազմ ու կորուստներ, իսկ դրանից հետո՝ կապիտուլյացիա, կամ առանց արյուն թափելու կապիտուլյացիա։ Թող ժողովուրդն ընտրի, այսինքն՝ երբ Փաշինյանը գնա խաղաղության պայմանագիր ստորագրելու, ըստ արևմտյան որոշ կենտրոնների ու փորձագետների, հայ ժողովուրդը մի բան էլ պետք է Փաշինյանից շնորհակալություն հայտնի, որ Հայաստանն առանց զոհերի է զիջել։ Ստացվում է, որ արևմտյան ինստիտուտների հայտարարությունները մեկ նպատակ են հետապնդում՝ Փաշինյանի կողմից զիջումների չգնալու այլընտրանքը պատերազմն է»,- հավելեց փորձագետը։
Նա վստահ է, ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, այնպես էլ խաղաղության կոչված պայմանագիրը ստորագրելուց հետո, Փաշինյանը կհայտարարի, թե 3 մլն մարդու կյանք է փրկել, մի երկու սար ու ձոր էլ հանձնել է։
«Մեր երկրի վրա Ադրբեջանի կողմից հարձակումը ցանկացած պահի հավանական է, իսկ վերջին շրջանում այդ հավանականությունը գնալով մեծանում է, ուստի արևմտյան կենտրոններն այնպես են անում, որ Փաշինյանի զիջումների գնալուց հետո ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակն այնպես չլարվի, որ կա՛մ Փաշինյանը ճողոպրի երկրից, կա՛մ հրաժարական տա։ Արևմուտքի հաշվարկներով՝ ժողովուրդը պետք է Փաշինյանից շնորհակալություն հայտնի, որովհետև կկվի մի քանի ձագը տվել է, որ մի քանիսը պահի»,- շեշտեց Հ. Նահապետյանը։
Հարցին, թե ստեղծված իրավիճակում Հայաստանն ի՞նչ կարող է անել, Հայկ Նահապետյանը պատասխանեց, որ բոլոր այն ուժային կենտրոնները, որոնք տարածաշրջանում ունեն շահեր, Հայաստանի ու Ադրբեջանի վրա ուժի կամ ուժի սպառնալիքի գործիքն են կիրառելու։ Նույնն Ադրբեջանը կիրառում է Հայաստանի նկատմամբ։
«Հայաստանի կողմից պետք է շատ կարևոր քայլ կատարվի՝ հնարավորինս ամրացնել սահմանները, քանի դեռ Հայաստանի սահմանները պաշտպանված չեն, մեր նկատմամբ ցանկացած բանակցային ձևաչափով Ադրբեջանը և ոչ միայն, ուժի կիրառման սպառնալիք է աշխատեցնելու։
Նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի մեր սահմանները պաշտպանված չլինեն, ինչո՞ւ, որովհետև Ալիևը 44-օրյա պատերազմից հետո բարձրացնում է իր բանակի մարտական ոգին, Թուրքիայի հետ համատեղ անցկացնում զորավարժություններ, անում է ամեն ինչ, որ ցանկացած պահի ուժի կիրառում իրականացնի, իսկ Փաշինյանը դրան պատասխանում է դատարկախոսությամբ՝ զրո զորավարժություն»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։