ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն ընդունել է բանաձև Վրաստանից բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքի մասին

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով հաստատել է բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքն Աբխազիա և Ցխինվալ։

Բանաձևն ընդունվել է 103 «կողմ», 9 «դեմ» և 53 «ձեռնպահ» ձայներով։

Ըստ բանաձևի՝ «բոլոր ներքին տեղահանված անձինք ու փախստականները, ինչպես նաև նրանց սերունդները, անկախ էթնիկ պատկանելությունից, իրավունք ունեն վերադառնալու իրենց տները Վրաստանում, այդ թվում՝ Աբխազիայում և Ցխինվալի շրջանում (Հարավային Օսիա)»։

Բանաձևը շեշտում է «Վրաստանում հակամարտություններից տուժած բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների գույքի իրավունքը հարգելու և այդ իրավունքների խախտմամբ գույքը ձեռք բերելուց զերծ մնալու անհրաժեշտությունը»։

Փաստաթուղթը վերահաստատում է «ժողովրդագրական պարտադրված փոփոխությունների անընդունելիությունը», շեշտում է մարդասիրական գործունեության անարգել մուտքի հրատապ անհրաժեշտությունը «բոլոր ներքին տեղահանված անձանց, փախստականների և այլ անձանց համար, որոնք բնակվում են հակամարտությունից տուժած բոլոր հատվածներում Վրաստանի տարածքում»։

Բանաձևով նաև Ժնևյան քննարկումների բոլոր մասնակիցներին կոչ է արվում մեծացնել ջանքերը կայուն խաղաղություն հաստատելու, վստահության կառուցման միջոցառումներն ընդլայնելու, մարդու իրավունքները հարգելու ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու, անվտանգային նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները կարողանան կամավոր, ապահով, արժանապատիվ կերպով և անարգել վերադառնալ իրեն ծագման վայրեր։

Փաստաթուղթը նաև ընդգծում է այս գործընթացը կազմակերպելու համար ժամանակացույց մշակելու անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս