Զելենսկին անձամբ է խնդրել ԱՊՀ ղեկավարներին գալ Շվեյցարիա, բայց բոլորը մերժել են. Գալուզին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ զանգահարել է ԱՊՀ առաջնորդներին և խնդրել, որ մասնակցեն Շվեյցարիայում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը նվիրված գագաթնաժողովին: Ինչպես տեղեկացնում է RT-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները հրաժարվել են մասնակցել գագաթնաժողովին:
««Ծանր հրետանին» է գործի դրվել․ Զելենսկին իր արևմտյան ընկերների հետ որոշել է անձամբ զանգահարել ԱՊՀ պետությունների ղեկավարներին և խնդրել մասնակցել այդ «հավաքին»։ Գիտենք, որ նրանցից ոչ մեկին չի կարողացել համոզել»,- ասել է Գալուզինը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի դաշնակիցները հասկանում են գագաթնաժողովի էությունը` միջոցառումը հակառուսական կոալիցիա ստեղծելու և Մոսկվային վերջնագիր ներկայացնելու փորձ է։
Ավելի վաղ Զելենսկին բողոքել էր Շվեյցարիայում գագաթնաժողովը խափանելու փորձերից։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նա պաշտոնյաներին հրահանգել է քննադատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու համար: