Ինչո՞ւ է Թուրքիան աջակցում Փաշինյանին, կամ՝ վարչապետ և լրագրող Փաշինյանի ընդհանրությունները
Ադրբեջանը և Թուրքիան ուշի ուշով հետևում են ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, և ժամանակ առ ժամանակ նաև հայտարարություններ անում: Միակ տարբերությունն այն է, որ Թուրքիան, ի տարբերություն Ադրբեջանի՝ իր աջակցությունը Փաշինյանին ավելի ուղիղ և կոնկրետ է հայտնում, Ադրբեջանն այն տեղավորում է սեփական երկրի անվտանգության դեմ սպառնալիքների համատեքստում, որպեսզի դա չդիտվի Հայաստանի ներքին գործերին ուղիղ միջամտություն: Այդպես է այսօր, այդպես է եղել 2021 թվականի փետրվարի 25-ին, երբ ՀՀ զինված ուժերը պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Մասնավորապես, օկուպացված Իվանյան այցի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է.
«Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, տեսնում, որ փորձեր են արվում հերթական անգամ տարածքային պահանջներ ներկայացնել մեր նկատմամբ: Ուստի մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի: Իհարկե, առաջին հերթին պետք է առավել ուժեղացնել բանակը, և դա մենք կանենք»։
2021 թվականին էլ Ալիևն անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ փետրվարի 25-ի հայտարարությանը, նշել էր.
«Իրադարձությունները Հայաստանում, դա Հայաստանի ներքին գործն է»:
Ինչ հայտարարություններ են հնչել և հնչում Թուրքիայից:
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման և դրա համատեքստում զարգացումների ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանն ավելի մոտ կլինի Ադրբեջանի հետ խաղաղությանը, եթե «ազատվի արտաքին ուժերից և սփյուռքից կախվածությունից»։ Այսինքն, հայ ժողովուրդը պետք է իր ապագան տեսնի հարևանների հետ: Այստեղ Էրդողանը ևս մեկ անգամ ցույց է տվել Սփյուռքից իր վախերը: Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանն էլ իշխանափոխությունից հետո փակեց Սփյուռքի նախարարությունը:
Իսկ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչն էլ հայտարարել է, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի հենց Նիկոլ Փաշինյանի շուրջ:
«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը տեսնում և ընդունում է այսօրվա իրականությունը, ցույց է տալիս, որ ինքը հայ ժողովրդի ապագայի մասին մտածող առաջնորդ է և չի ցանկանում խնդիրները թողնել ապագա սերունդներին»: Փաշինյանը հասկացել է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը հիմնված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վրա: Նա գիտակցում է, որ խաղաղության հասնելու դեպքում հայ ժողովուրդը կշահի տարածաշրջանի հարստություններից և կբարգավաճի։
Ակնկալում ենք, որ այս գործընթացը շուտով կավարտվի։ Խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և կծառայի տարածաշրջանի ժողովուրդների բարեկամությանը։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Փաշինյանի շուրջ և սատարի նրան՝ այսպիսով այսօրվանից նախապատրաստելով իր ապագան»,- ասել է թուրք դիվանագետը, որի խոսքը մեջբերում է «Ենի Մուսավաթ» հրատարակությունը:
Independent Türkçe-ի գլխավոր խմբագիր և հայտնի լրագրող Նևզաթ Չիչեքն էլ իր հարցազրույցում հետևյալ առաջարկն է արել.
«Շատ անկեղծ լինեմ,… Հայաստանի ղեկավարին (նկատի ունի՝ Փաշինյանին) պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը (Թուրքիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը)»։
Ավելի վաղ ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ալի Հաջիզադեն էր նմանատիպ միտք արտահայտել. նա և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային կոչ է արել զորակցել Փաշինյանին և դիտարկել Հայաստան սահմանափակ զորակազմ ուղարկելու հարցը, «եթե հարևան երկրի ավերիչ ուժերը, որոնց աջակցում և սնում են նախկին իշխանությունները, փորձեն ուժով տապալել իշխանությունը»:
Իսկ պաշտոնական Անկարան, ինչպես վերևում նշեցինք, օպերատիվ և ուղիղ արձագանքել էր նաև 2021 թվականի փետրվարի 25-ի ԳՇ-ի հայտարարությանը, որը Նիկոլ Փաշինյանը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ:
Մասնավորապես, 2021-ի փետրվարի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։
«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան։ Հայ ժողովուրդը հոգնել է այս իշխանությունից»,- հայտարարել էր Էրդողանը։
ՀՀ զինված ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը դատապարտել էր նաև այդ ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն.
«Մենք դեմ ենք ցանկացած պետության դեմ պետական հեղաշրջմանը կամ դրա փորձերին, աշխարհի որ կետում էլ դա լինի: Մենք վճռականորեն դատապարտում ենք ՀՀ–ում պետական հեղաշրջման փորձերը»:
Եվ հենց նաև սա հաշվի առնելով է, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հեռանալու որոշման մեջ որոշ քաղաքական գործիչներ, փորձագետներ արտաքին գործոն տեսան, հատկապես՝ Թուրքիայի սպառնալիք: Հնարավոր է՝ ԳՇ նախկին պետը փորձել է խուսափել ավելի մեծ աղետից: Չի բացառվում, որ այսօր էլ ուժային կառույցներին՝ Ոստիկանություն, ԱԱԾ, արտաքին վերը նշված գործոնն է նաև հետ պահում Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս գալու հարցում:
Այսինքն, հստակ կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն ունի Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի լիակատար աջակցությունը: Մի երկրի, որն ինքն ունի խնդիր՝ ռազմական և պետական հեղաշրջման փորձերը, ուժային կառույցներին, զինվորականությանը զսպելու, դրա համար է նաև Էրդողանը ցանկանում երկրի սահմանադրությունը փոխել, և ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներին Թուրքիայի բուռն արձագանքը նաև սեփական վախերի արդյունք է:
Իսկ 168.am-ը 2023 թվականին մանրամասն վերլուծություն էր ներկայացրել, թե ինչ իրադարձություններ են նախորդել կամ հաջորդել Էրդողան-Փաշինյան զրույցներին: Օրինակ, 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի տարելիցի օրը և Արցախում 2023 թվականի սեպտեմբերի ցեղասպանական գործողություններից առաջ, և այսպես շարունակ:
Ի դեպ, 2018 թվականի սեպտեմբերի 15-ին թուրքական «Հյուրիեթը» գրել էր, որ «օգոստոսի 14-ին երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:
ՀՀ ԱԳՆ-ն հերքել էր այս տեղեկությունը, թե «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա Ումութ Ալի Օզմենին»:
ԱԳՆ-ի ասածը ավելի ուշ հաստատել էր նաև Փաշինյանը:
«Որևէ երկրի նախագահի հետ, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Մենք որևէ թաքուն բան չենք պատրաստվում անել, եթե որևէ խոսակցություն տեղի ունենա՝ դրա մասին մեր հանրությունը կիմանա մեզնից»,- ասել էր նա՝ Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում:
Սակայն Փաշինյանը մշտապես խոստացել է, որ ժողովրդից թաքուն որոշումներ չի կայացնի Արցախի խնդրի և ՀՀ անվտանգության հետ կապված, բայց կայացրել է, չէ՞:
Իսկ 2018-ի սեպտեմբերին տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև Դուշանբեի հայտնի հանդիպումը:
Իհարկե, գուցե վերջին ամիսներին Փաշինյանն այս առումով ավելի բաց է խաղում, բայց սա չի նշանակում, թե պետք է բացառել Փաշինյանի՝ գաղտնի բանավոր պայմանավորվածությունների փաստը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ:
Հոդվածը ցանկանում եմ ավարտել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ «Հայկական ժամանակում» Նիկոլ Փաշինյանի գրած մի հոդվածով՝ «Ես քո դարդով, դու՝ ուրիշի»։
«Հայերիս, չգիտես ինչու, թվում է, որ եթե մենք թշնամի ասելիս նախևառաջ հասկանում ենք թուրքերին, նույնպես և թուրքերը հայերին են համարում իրենց թշնամի: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, և հայերը թուրքերի պատկերացումներում շատ ետին տեղ են գրավում, և ոչ միայն որպես թշնամի: Ինձ համար շատ զարմանալի էր, որ Ստամբուլի կամ Անկարայի փողոցներում մարդիկ դժվար էին պատկերացնում, թե ինչ ասել է Հայաստան:
Սա ընդամենը վկայում է, որ մեր շփումների և մտահոգությունների շրջանակը 20-րդ դարի ընթացքում լուրջ առաջընթաց չի ապրել: Հայ հանրությունը դեռ շարունակում է ապրել այն մտայնությամբ, թե աշխարհում մենք ենք, ռուսները և թուրքերը:
Իսկ թուրքերի համար Հայ Դատի, ցեղասպանության հարցը օրակարգային չէ անգամ: Ու եթե Թուրքիան քաղաքական մեծ ամբիցիաներ չունենար, մեր կողմը նայելու առիթ դժվար թե ունենար: Հայաստանն այսօր նրանց համար ոչ թշնամի է, ոչ էլ բարեկամ, այլ պոտենցիալ ճանապարհ դեպի Կենտրոնական Ասիա: Թուրքիան Կենտրոնական Ասիային կապող միակ երկաթուղին անցնում է Հայաստանով:
Հենց այս երկաթուղին է մնացել մեր երկրի միակ խաղաքարտը Թուրքիայի և Արևմուտքի հետ հարաբերություններում, իսկ ցեղասպանությունը, որ մեր մտքի տիտանները համարում են խաղաքարտ, ոչ թե խաղաքարտ է, այլ հզոր փաստարկ Թուրքիայի ձեռքում առ այն, որ Հայաստանը շրջանցող ճանապարհներ պետք է գտնել: Թուրքերը չեն ուզում ցույց տալ, թե այս ճանապարհն իրենց օդի ու ջրի նման է անհրաժեշտ, որովհետև մտածում են, որ եթե ցույց տան, հայերի հետ հարաբերվելն անհնար կլինի: Բայց հասկանալի է, որ առանց այդ ճանապարհի Թուրքիան չի կարող իր տնտեսությունը բերել կայուն վիճակի և հասցնել Եվրամիության չափանիշներին:
Տնտեսության, տեխնոլոգիաների զարգացման համար նորանոր գումարներ են պետք, նորանոր գումարներ հնարավոր է գտնել նորանոր շուկաներում, իսկ Արևմտյան և արաբական շուկաները, ըստ էության, փակ են Թուրքիայի համար: Ուստի, մնում է Միջին Ասիան՝ իր շուրջ 60 միլիոն բնակչությամբ: Նման շուկայի համար պատերազմում Նախիջևան-Իրան-Ադրբեջան սամիզդատ ճանապարհով չես հաղթի, ու երկաթուղին անհրաժեշտ է»:
Այնուհետև Փաշինյանը շարունակել է. «Իսկ ընդհանրապես, Հայաստանը Թուրքիայի նկատմամբ երբեք էլ ճիշտ քաղաքականություն չի վարել և հիմա էլ շարունակում է ավանդական կուրսը, որը չափազանց մոտ է իր ֆիասկոյին: Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Հայաստանը մինչ այժմ հակաթուրքիզմի հենքի վրա իրեն ռազմաստրատեգիական գործընկեր է համարում Ռուսաստանին, Իրանին, Հունաստանին, Կիպրոսին: Իսկ Թուրքիան վերջին մի քանի տարիների ընթացքում ակտիվ հարաբերություններ է հաստատում Ռուսաստանի հետ: Թուրքերն ընդհանրապես իրենց դիվանագիտության պարծանքն են համարում Հունաստանի հետ հարաբերություններում արձանագրված հաջողություններն ու Կիպրոսի խնդրում ձեռք բերված առաջընթացը: Իսկ մեր ուղևորության օրերին Թուրքիայի նախագահ Սեզերը պաշտոնական այցով գտնվում էր Իրանում…
Գլխավոր հարցը, որի պատասխանը փորձում էի ստանալ հարևան երկիր կատարած ուղևորության ընթացքում, հետևյալն էր. արդյոք Թուրքիան սպառնալի՞ք է Հայաստանի համար: Այո, անկասկած, միանշանակ՝ եթե Հայաստանը շարունակի այն արտաքին քաղաքականությունը, որ վարում է հիմա: Մի առիթով նշել էի, որ ժամանակակից աշխարհում հարաբերությունների բանաձևը հետևյալն է. ապրիր և թույլ տուր ապրել ուրիշներին, զարգացիր և թույլ տուր զարգանալ ուրիշներին: Հայաստանը ժամանակակից աշխարհում չունի և ոչ մի շանս, եթե չտեղավորվի այս բանաձևի մեջ: Ի վերջո, մի իքս պահի, Արևմուտքը (և ոչ թե Թուրքիան) կարող է հասկանալ, որ Հայաստանը շրջանցող ճանապարհների կառուցումը շատ ավելի աշխատատար է և թանկ, քան Հայոց պետականության վերացումը: Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության պայմաններում սա, իհարկե, բացառել չի կարելի: Իսկ այս դեպքում գործող հիմնական ուժը դառնալու է թուրքական բանակը, որի լրջությունը հասկանալու համար պետք է լինել Թուրքիայում»:
Ասել, որ Հայ դատի հարցն օրակարգային չի եղել, իհարկե, միանշանակ չի կարելի համաձայնել: Մյուս կողմից, այստեղ տեսնում ենք այսօրվա Նիկոլ Փաշինյանին, ով իշխանափոխությունից հետո՝ 2021 թվականի արտահերթ ընտրությունների քարոզարշավին, համոզում էր հայ հասարակությանը, որ, ըստ էության, մենք ենք մեղավոր, որ մեզ թշնամի են համարում:
«Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են՝ որպես թշնամի, և մենք ընկալում ենք՝ որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք՝ որպես թշնամի, այնքան մեզ են ընկալում՝ որպես թշնամի, շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է»,- 2021 թվականին Արագածոտնի մարզում նախընտրական հանդիպմանը հայտարարել էր Փաշինյանը:
Մյուս կողմից, «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի հունիսի 22-ի համարում տպագրված վերևում հիշատակված հոդվածում Փաշինյանը, ըստ էության, արտահայտել է Թուրքիայի նպատակը «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում, ինչի համար նաև Թուրքիան 44-օրյա պատերազմում ապահովեց իր մասնակցությունը, և Փաշինյանը, թերևս, «օգնեց», որ թուրքական պետությունը հասնի իր նպատակին, որովհետև «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը թուրքական ծրագիր է: Թուրքական կողմից մեկ անգամ չէ, որ հնչել են մտքեր, որ «Զանգեզուրի միջանցքը» կստեղծի տարածաշրջանի երկրները Կենտրոնական Ասիայի հետ կապող կենսական երթուղի:
Մի առիթով 168.am-ի հետ հարցազրույցում էլ ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը նշել էր.
«Մինչև 2020 թվականը հաշվարկ կար, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով ՀՀ տարածքով դեպի Միջին Ասիա ելք ունենալով՝ կարծեմ տարեկան 14.5 միլիարդ դոլարի օգուտ էր ունենում:
Տարիների ընթացքում այս օգուտը մեծանալու է, և, բնական է, որ մի քանի միլիարդ ծախսելով, Ադրբեջանին օգնելով, Թուրքիան լուծում է իր հավակնությունների ու ապագայի համար խնդիր: Այս պատճառով է Թուրքիան ներշնչում Ադրբեջանին, թե մեկ ազգ են և 2 պետություն, բայց նույն Թուրքիայում նրանց շատերը չեն դիտարկում՝ որպես թուրք, քամահրական վերաբերմունք կա, բայց քաղաքական խնդիրների համատեքստում պետք է, որ նրանք ներկայացվեն մեկ ազգ, երկու պետություն: Թուրքիայի խոչընդոտը հայերն են, Ադրբեջանի միջոցով կամ ձեռքով այդ խոչընդոտը փորձում են վերացնել: Բնականաբար, Ադրբեջանին Թուրքիան ներշնչում է, որ Նախիջևանը և Ադրբեջանի հիմնական մասը պետք է ֆիզիկապես իրար հետ կապված լինեն, կրկնում եմ, Ադրբեջանը գործիք է՝ հանուն Թուրքիայի հեռահար նպատակների, և հաշվի առնելով, որ Թուրքիան Եվրոպային կապող տարածք է, և հետևաբար, ստացվում է, որ Եվրոպայից մինչև Միջին Ասիա միասնական կոմունիկացիոն կապ է ստեղծվում: Սա Թուրքիայի նպատակն է՝ այս ամենն իր վերահսկողության տակ վերցնելու՝ հանուն իր իսկ շահերի»:
Եվ քանի դեռ «Զանգեզուրի միջանցքն» իրականություն չէ, Նիկոլ Փաշինյանը շարունակելու է աջակցություն ստանալ Թուրքիայից: