![](/banners/BeFunky-design.jpg)
Վաղը «կողմ» կոճակը սեղմող պատգամավորներն իրենք են ունենալու փաստաբանի կարիք. Փաստաբանները գործադուլ են իրականացնում
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/imgonline-com-ua-Resize-TqBCZtVKmv8q1BQ.jpg)
Այսօր փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ պահանջելով Ազգային ժողովից «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները: Աշխատելու են միայն քաղաքական բանտարկյալներին և քաղաքական հետապնդվողներին վերաբերող գործեր վարող փաստաբանները։ Այդ առիթով փաստաբանների պալատում հրավիրվել էր մամուլի ասուլիս:
«ՀՀ քաղաքացին այս օրենքի ընդունումից հետո ստիպված է լինելու 38%-ով ավելի վճարել փաստաբանական ծառայությունների դիմաց: Այսօր դատարաններում քննվում է շուրջ 250 000 գործ: Այսինքն՝ սա առնչվում է այդքան քաղաքացու: Կարող է անհնարին դառնալ անվճար իրավաբանական ծառայությունների մատուցումը, որովհետև հակառակ դեպքում փաստաբանը ստիպված է լինելու այդ հարկը վճարել: Բեռն ընկնելու է ֆիզիկական անձանց վրա, որովհետև ծառայության սպառողը շարքային քաղաքացիներն են: Իրավաբանական անձանց համար ավելի մատչելի է լինելու ծառայությունը»,- ասուլիսի ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:
Վերջինս նկատեց՝ նախագծին բացասական եզրակացություն են տվել Մարդու իրավունքների պաշտպանն (ՄԻՊ) ու արդարադատության նախարարությունը:
Փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ նշեց՝ «Այսօր բողոքի ակցիա իրականացնող այսքան մարդու են բերման ենթարկում: Էս օրենքից հետո գալու են, բերման ենթարկվածներին օգնություն ցուցաբերող իրավապաշտպաններին ասեն՝ վճարեք:
Արմինե Ֆանյանն էլ նշեց՝ հանրային պաշտպանի գրասենյակի բեռը շեշտակի ծանրանալու է, հակառակ դեպքում մարդը զրկվելու է իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքից:
«Էսօր չկա փաստաբան, որն անվճար գործ չունի: Կողմ կոճակը սեղմող պատգամավորները վաղն ունենալու են փաստաբանի ծառայություններից օգտվելու կարիք, ու վաղն իրենք են ստիպված լինելու վճարել այդ գումարները»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թ. հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն: Ըստ այդմ կրկնապատկվել է շրջանառությունից առաջացող հարկային բեռը, իսկ արդեն 2025 թ. հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:
Նախագծի համաձայն` փաստաբանական ծառայություն մատուցող սուբյեկտները 2025 թ. հունվարի 1-ից հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում փաստաբանական ծառայություն մատուցողները վճարելու են նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս, և որը հաշվարկվում է հարկվող շահույթից` հարկային տարվան վերագրվող համախառն եկամտի և նվազեցումների (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ) տարբերությունից:
Մանրամասները՝ տեսանյութում: