2025 թվականի հունվարի 1-ից փաստաբանները 5 տոկոսանոց շրջանառության հարկի փոխարեն՝ կվճարեն ավելի շատ հարկ՝ շահութահարկ և ավելացված արժեքի հարկ՝ համապատասխանաբար՝ 18 և 20 տոկոս համամասնությամբ, և սա դեռ ամենը չէ. իրավաբանական ծառայություն մատուցողները ևս շրջանառության հարկի փոխարեն կվճարեն 10+20 տոկոս հարկ, ինչն առաջացնելու է հսկայական խնդիրներ շարքային այն քաղաքացիների համար, որոնք ունենալու են փաստաբանական և իրավաբանական ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն։
Այսօր փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ պահանջելով Ազգային ժողովից «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները:
«Սա նշանակում է, որ առնվազն 250 000 քաղաքացի առնչվում են այդ գործերին: Ավելին, այդ թիվը կարող է կրկնապատկվել: Բայց մենք միայն դատարաններում առկա գործերի թիվը չպետք է դիտարկենք, քանի որ ունենք նաև բազմաթիվ վարչական վարույթներ, որոնք առնչվում են քաղաքացիներին, իսկ այսօրվա իրավական համակարգը քաղաքացու ընկալման համար բավականին բարդ է, և քաղաքացիները, ուզեն թե չուզեն, առնչվում են իրավաբանական օգնություն ստանալու հրամայականի հետ: Տարրական հայցադիմում կազմելը բավականին բարդ է, և այն սխալ ներկայացնելը քաղաքացու համար կարող է ունենալ բացասական հետևանքներ»,- ասաց նա:
Այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ և փաստաբանների մասնակցությամբ տեղի ունեցավ «Բռնության դեպքերի աճը, փաստաբանների մասնագիտական գործունեության առջև ծառացած խնդիրները» քննարկումը, որին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություննից որևէ պատգամավոր չէր մասնակցում։