Վախ՝ Փաշինյան-Պուտին հանդիպման արևմտյան արձագանքներից․ ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները ջանասիրաբար խմբագրում «խնդրել» բառը

ՀՀ իշխանությունները փորձում են ցույց տալ, իբրև թե Ռուսաստանի և, մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության ընթացքում իրենք մինչև անգամ թելադրող դիրք են ունեցել։

Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ցավագին ընդունելով ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի դիտարկումը, թե ՀՀ իշխանությունները խնդրել են, որպեսզի ռուս սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին, ասել է, որ Հայաստանը չի խնդրել։ Նա նախ ասել է, որ Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում միայն հայ սահմանապահները ծառայություն իրականացնեն, նաև, որ ռուս սահմանապահները դուրս գան Հայաստան-Ադրբեջան սահմանին գոյություն ունեցող 17 կետերից, մասնավորապես՝ Ներքին Հանդից, ինչպես նաև՝ Սիսիանի և Գորիսի բազաներից։

«Նրանք հարցրել են՝ արդյո՞ք Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմաններից նույնպես ուզում եք դուրս գանք։ Մենք ասել ենք, որ «Զվարթնոց»-ի, 17 կետերի, Սիսիանի և Գորիսի բազաների վերաբերյալ բանավոր պայմանավորվածություններ են եղել, խնդրել ենք՝ այդտեղից դուրս գաք։ Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանին, դրանք պայմանագրային են, մենք դա այս պահին ձեզ հետ չենք քննարկում», – նշել է Գրիգորյանը։

Օրերս ՌԴ նախագահ Պուտինի խոսնակը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է մայիսի 8-ին՝ Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։ Ըստ ռուսական կողմի՝ «Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին»։ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց՝ «մենք նման խնդրանք չենք ունեցել»։

Կարդացեք նաև

Ավելի վաղ թեմային անդրադարձավ նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ասելով, թե իրականությանը չեն համապատասխանում նաև ենթադրությունները, որ ռուսական կողմը Երևանին առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել սահմանապահներին Հայաստանի տարածքից:

«Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների մայիսի 8-ի հանդիպման առնչությամբ բազմաթիվ տարատեսակ շահարկումներ եմ տեսնում։ Ենթադրությունները, թե իբր ռուսական կողմն առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից, իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում։

Ռուսաստանցի դիվանագետը նաև հերքել էր այն պնդումները, որոնց համաձայն՝ ռուս սահմանապահները դուրս են բերվում հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու մասին համաձայնագրի շրջանակում։

«Իրականությունն այն է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ռուս սահմանապահների դուրսբերումն Ադրբեջանի հետ սահմանակից մի շարք շրջաններից»,- ասել է Զախարովան:

168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ երկկողմ բանակցություններից հետո սովորաբար հնչում են ստանդարտ դիվանագիտական ձևակերպումներ, որոնք բոլորի համար պարզ են։ Սակայն, նրա խոսքով, ՀՀ իշխանությունները հարկ են համարում դրանք հավելյալ մեկնաբանել Արևմուտքին հաճոյանալու համար, որպեսզի դեռևս չլքելով ՀԱՊԿ-ը, այնուամենայնիվ չթուլացնեն տպավորությունը, թե Հայաստանը շրջադարձ է կատարում դեպի Արևմուտք։

Իսկ իրականությունը, վերլուծաբանի կարծիքով, այն է, որ ինչպես բանակցություններին զուգահեռ ասաց ՌԴ նախագահի մամուլի խոսնակը, բանակցությունների բարդությունը պետք չէ գերագնահատել՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի դեպքում։

«Հայաստանը ցանկացավ հեռացնել 2020 թվականից հետո Հայաստանում տեղակայված սահմանապահներին, Ռուսաստանը հանեց, Ադրբեջանը ցանկացավ բարձրացնել խաղաղապահների դուրսբերման հարցը բարձրաստիճան հանդիպման ընթացքում, դա քննարկվեց, դա ևս մասամբ ընդունվեց։ Ռուսաստանի համար սրանք դեռևս ոչ թե ռազմավարական բնույթի, այլ մարտավարական քայլեր են՝ միտված էսկալացիաներ թույլ չտալուն մի իրավիճակում, երբ Ռուսաստանը լուրջ պատերազմի մեջ է, որի ֆոնին Արևմուտքը փորձում է ազդեցության նոր գոտի ստանալ Հարավային Կովկասում»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, հանդիպմանն այս թեման է քննարկվել, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունները՝ առանց անվտանգության հարցերի շուրջ լուրջ քննարկումների, որն ակնհայտ դարձավ ՌԴ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունից։

«Այս մասով ակնհայտորեն թեմա է բացել հայկական կողմը, տեղեկացրել ցանկության մասին՝ վերջին տարիներին տեղակայված գոտիներում սահմանապահ առաքելությունն իրականացրել առանց ՌԴ օգնության, բնականաբար, ռուսական կողմին հետաքրքիր է եղել պարզաբանել՝ արդյոք բոլո՞ր սահմանապահները պետք է դուրս գան, թե՞ միայն 2020 թվականից հետո Հայաստանում հաստատվածները, ուստի հայկական կողմից հնչել է պատասխան, որ սահմանի մյուս հատվածներում ռուս սահմանապահները պետք է մնան։ Սակայն, թե խոսակցությունն իրականում ի՞նչ ձևակերպումներով է եղել, որևէ մեկը չի կարող ասել։ Կոնկրետ բառերի ընտրությունն անհանգստացնում է Երևանին, քանի որ Արևմուտքում ուշադրությամբ հետևում են այդ ամենին, ուստի իրենք ցանկանում են ներկայանալ՝ որպես թելադրող կողմ»,- ասաց Արեշևը։

Նա նաև հստակեցրեց, որ ՌԴ-ում որևէ մեկին նման հարցերն այդ մակարդակում չեն հետաքրքրում։
«Ռուսաստանը թեժ պայքար մղում է միայն մեկ ճակատում, մնացած գոտիներում առաջնորդվում է գոնե ստատուս-քվոն պահպանելու և նոր խնդիրներ չունենալու ցանկությամբ, ինչը բնական է։ Նախօրեին սկսվեց ՌԴ նախագահի վերընտրությունից հետո առաջին այցը Չինաստան, որով Ռուսաստանը ցույց է տալիս, թե ինչ նշանակություն է տալիս Մոսկվան Պեկինի հետ հարաբերություններին, և պատերազմի ֆոնին այդ հարաբերություններն ավելի են խորանում, չնայած արևմտյան պատժամիջոցներին և Մոսկվայի, և Պեկինի դեմ։ Սա ներկայումս և դեռ մի տևական ժամանակ կլինի կարևորագույն ուղղություն Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում։ ՌԴ հետսովետական արտաքին քաղաքականությունն Ուկրաինայի պատերազմի ֆոնին փոփոխություններ է կրում, ինչը բնական է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս