Թշնամուն շատ լավ եմ ճանաչում. Տավուշով սա չի ավարտվելու, կսպառնա նաև ռազմական գործողությունների վերսկսմամբ. Արթուր Աղաբեկյան
Մայիսի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն։ Կողմերը քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Թեպետ սահմանազատման գործընթացը ոտքի է հանել հազարավոր քաղաքացիների, որոնք համարում են, որ սա ոչ թե սահմանազատում ու սահմանագծում է, այլ ՀՀ իշխանությունների կողմից միակողմանի զիջում Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով հայտարարում է, որ մեկնարկած գործընթացը պետք է հասցնել ավարտին։
Սահմանազատման գործընթացի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը Տավուշի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ անվտանգության լիարժեք երաշխիքներ չէր տվել:
Դրանցից մեկի ժամանակ ասել էր, թե հնարավոր է՝ Ադրբեջանը 7 օր չկրակի, 8-րդ օրը սկսի կրակել: Այսօր, սակայն, Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, թե պաշտոնապես դելիմիտացված սահմաննէակապես մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը: «Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որևէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ: Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը: Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ և սկզբունքներով՝ սահմանի մնացած հատվածներում ևս»:
168.am-ի հետ զրույցում Արցախի հերոս, Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը Տավուշում իրականացվող սահմանազատման գործընթացներն այսպես մեկնաբանեց.
«Իրականում ես թշնամուն շատ լավ եմ ճանաչում, ուստի գործընթացը, որը տեղի է ունենում, որևէ հավատ չի ներշնչում, որ կարող է տեղային նշանակությամբ փոքր տարածքի վրա որևէ պայմանավորվածություն նվազեցնել հակառակորդի ախորժակը։
Վստահ եմ՝ կարճ ժամանակ հետո բոլորն էլ հասկանալու են, որ ամենևին էլ չեն նվազել ռիսկերը, և Ադրբեջանը շարունակելու է հնարավոր բոլոր կարգի գործիքներն օգտագործել և ճնշումներ գործադրել Հայաստանի վրա։ Կշարունակի սպառնալ նաև ռազմական գործողությունների վերսկսմամբ»,-նշեց Արթուր Աղաբեկյանը։
Նրա խոսքով՝ եթե ՀՀ քաղաքացին այսօր հավատում է, որ Տավուշում սկսված գործընթացով ամեն ինչ ավարտվելու է, ապա սխալվում է։
«Այդ ամենը ճշմարտությունից շատ հեռու է, և դրա մասին կարող է նույնիսկ բարձրաձայնել այս բոլոր գործընթացներից քիչ թե շատ տեղյակ մարդը»,-հավելեց Արթուր Աղաբեկյանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին Արթուր Աղաբեկյանը դժվարացավ հստակ կարծիք արտահայտել, քանի որ տեղյակ չէ այն ծրագրի մասին, որը քաղաքացիները պետք է ձևակերպեն իրենց անելիքների մասին մոտակա տարիների համար։
«Այդ ամենը պետք է հիմքը լինի այս շարժման, ցավոք, դա դեռ չեմ տեսնում։ Վստահ եմ, որ շարժում սկսած մարդիկ հասկանում են, որ առանց այդ ծրագրի հաջողության հասնելն անհնարին է»,-եզրափակեց Արթուր Աղաբեկյանը։